Լրահոս
Օրվա լրահոսը

Ի պաշտպանություն Ջավախքի

Հունիս 26,2009 00:00

\"\"Բախում ոստիկանների եւ երիտասարդ դաշնակցականների միջեւ, որի ընթացքում Կիրո Մանոյանը բռնել էր սյունը:

Երեկ առավոտից բազմաթիվ ջավախահայեր բողոքի ակցիա էին կազմակերպել «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի մոտ, որտեղ իջեւանել էր Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Ջավախահայերը ցանկանում էին Վրաստանի նախագահին հիշեցնել բազմաթիվ այն խնդիրների մասին, որոնք անլուծելի էին մնում Ջավախքում՝ դասագրքերի, հայոց լեզվի, եկեղեցու, սահմանային անցակետի խնդիրները, ազգային գործիչների նկատմամբ բռնությունների ու հալածանքների դեպքերը: Ոստիկանության աշխատակիցները, մարդկանց հրմշտելով, քշեցին Հյուսիսային պողոտայի ուղղությամբ: Ակցիայի մասնակիցներին Արամի փողոցից միացան նաեւ ՀՅԴ երիտասարդական թեւի անդամները՝ դրոշներով ու ցուցապաստառներով: ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի պետ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ ոստիկաններին հաջողվեց ակցիայի մասնակիցներին բաժանել խմբերի, իսկ այնուհետեւ՝ ցրել:

Ավելի ուշ մի շարք ՀԿ-ների, ՀՅԴ երիտասարդական թեւի անդամներ, բազմաթիվ ջավախքցիներ նորից հավաքվել են «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի մոտ: Սակայն այս անգամ եւս ոստիկանության աշխատակիցները նրանց բռնությամբ քշեցին դեպի Տիգրան Մեծ պողոտա: Ոստիկանության աշխատակիցները եւ կարմիր բերետավորները ակցիայի մասնակիցներին շղթայի մեջ առած՝ փորձում էին բռնի ուժով հեռացնել: Հավաքվածների մեջ էր նաեւ ՀՅԴ բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը: Նա աշխատում էր ուղղորդել ակցիան, սակայն արդյունքում ոստիկանության աշխատակիցներից մեկը վիճաբանության մեջ մտավ նրա հետ, եւ հրմշտոց սկսվեց: Կիրո Մանոյանը, դիմադրելով ոստիկաններին, փաթաթվեց սյանը ու փորձեց այդպիսով կասեցնել ոստիկաններին, որ իրեն հրելով առաջ չտանեն: Նկատելով այդ տեսարանը՝ շատ ջավախքցիներ փորձեցին օգնության հասնել Կիրո Մանոյանին, եւ արդյունքում իրենք եւս բախվեցին կարմիր բերետավորների հետ, ու սկսվեց ծեծկռտուք: Իրավապահ մարմիններին վերջապես հաջողվեց ետ մղել ակցիայի մասնակիցներին, եւ երբ նրանք արդեն հասել էին կինո «Երեւան»-ի մոտ, իրարանցումը մի փոքր հանդարտվեց:

Ակցիայի մասնակիցները պարզեցին իրենց ցուցապաստառները՝ «Ազատություն Ջավախքում անարդարորեն ձերբակալվածներին», «Հայությունը Ջավախքի հետ է», եւ բարձրախոսով հայտարարեցին իրենց ուղերձը Միխայիլ Սահակաշվիլուն: Ըստ որի՝ նախ ողջունում էին ՀՀ եւ Վրաստանի նախագահների հանդիպումը եւ հույս հայտնում, որ դա կնպաստի ջավախահայերի առկա խնդիրների լուծմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել