Իսկ ԵԽԽՎ-ից, ըստ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի, կան ե՛ւ լավ, ե՛ւ վատ լուրեր
– Հայ ազգային կոնգրեսը մոտ մեկուկես տարի է՝ պահանջում էր ազատ արձակել քաղբանտարկյալներին՝ դա համարելով որպես իշխանությունների հետ երկխոսություն սկսելու նախապայման ու առանցքային հարց: Կարելի՞ է ասել, որ այդ պայմանը, թեեւ մասամբ, բայց կատարվել է, որ դրվել են երկրում համերաշխության մթնոլորտ ձեւավորելու հիմքերը, ինչպես պնդում են իշխանության ներկայացուցիչները:
– Հայտարարված համաներումը մենք չենք գնահատում որպես բարի կամքի դրսեւորում կամ համերաշխության մթնոլորտ ստեղծելուն ուղղված քայլ, որովհետեւ ռեժիմը բաց թողեց ուղիղ այնքան մարդ, որ կարողանա խուսափել ԵԽԽՎ-ում հնարավոր պատժամիջոցներից: Դա տարրական սակարկություն էր ԵԽ-ի հետ, որի հետեւանքով ռեժիմը կարողացավ քաղբանտարկյալների մի մասին որպես պատանդ պահել բանտերում: Հենց այդ պատճառով մենք համաներումը չենք կարող ընկալել քայլ՝ ուղղված ընդդիմության կամ հասարակության հետ համաձայնության մթնոլորտի ձեւավորմանը, երկխոսության հաստատմանը: Մենք համարում ենք, որ ռեժիմը չի դադարեցրել սեփական ժողովրդի դեմ հայտարարած պատերազմը:
– Ե՛վ ԵԽԽՎ հունվարյան ու ապրիլյան նստաշրջաններից առաջ, ե՛ւ Երեւանի ավագանու ընտրություններից հետո, ե՛ւ ԽՎ ամառային նստաշրջանից առաջ Կոնգրեսը բազմաթիվ մեսիջներ ուղղեց ԵԽԽՎ-ին, Հայաստանի հարցով համազեկուցողներին՝ հավատարիմ մնալ եվրոպական ժողովրդավարության սկզբունքներին, Հայաստանում առկա իրավիճակի վերաբերյալ ավելի օբյեկտիվ ու անաչառ զեկույցներ, բանաձեւեր ընդունել: ԵԽԽՎ-ում Հայաստանի վերաբերյալ արդեն 1677 ընդունված բանաձեւը նկատի ունենալով՝ կարծում եք ձեր մեսիջներն ու հորդորները տեղ հասա՞ն:
– Ես չեմ կարող ընդունված բանաձեւը, նաեւ մեր աշխատանքը եվրոպական կառույցների հետ համարել ապարդյուն: Հակառակը՝ մենք ունենք շատ շոշափելի արդյունք. մոտ 30 քաղբանտարկյալի վրա համաներումը տարածվեց, բայց եւս 20-ը շարունակում են մնալ պատանդի կարգավիճակում: Այսինքն՝ այս իմաստով մենք ունենք երկու լուր. մեկը՝ լավ, մյուսը՝ վատ: Իսկ ԵԽԽՎ-ի արձագանքը բնական էր: Նա պիտի ողջուներ պրոցեսը՝ իր ընթացքի մեջ: Ի վերջո, նրանց ճնշման տակ ինչ-որ քայլեր կատարվել են, եւ դա նրանք չողջունել չէին կարող: Բայց բանտերում շարունակում են մնալ քաղբանտարկյալներ, ու մարտի 1-ի դեպքերին առնչվող խնդիրները եւս շարունակում են բաց մնալ: Մենք էլ շարունակելու ենք հետեւել ու հետեւողական լինել, որ ազատ արձակվեն բացառապես բոլոր քաղբանտարկյալները եւ պատասխանատվության ենթարկվեն մարտի 1-ի պատասխանատուները: Ես դրական եմ համարում նաեւ այն, որ ԵԽԽՎ-ն էլ է գիտակցում, որ բոլոր քաղբանտարկյալների, նաեւ մարտիմեկյան իրադարձությունների հարցը փակված չի կարող համարվել: Իսկ այդ խնդիրներին բանաձեւում հստակ անդրադարձ կա:
Ինչ վերաբերում է երկխոսությանը, ապա մենք այս ռեժիմին բազմիցս ենք առաջարկել՝ պատրաստ ենք երկխոսություն սկսել, եթե բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի, եւ նրանք ազատ արձակվեն: Բայց ռեժիմը մերժեց մեր առաջարկը: Հայտարարված համաներումը, նաեւ վերջին ընտրությունները ամենախայտառակ ձեւով կեղծելով՝ իշխանությունները իրավիճակը խորացրին: Սա նշանակում է, որ նրանք ընդդիմության հետ երկխոսելու կամուրջները այրել են:
– ԵԽԽՎ 1677 ընդունված բանաձեւում խոսք կա նաեւ Փաստահավաք խմբի մասին, որն այլեւս գոյություն չունի: Արդյոք Կոնգրեսը այս իշխանությանը կամ եվրոպական կառույցներին կդիմի՞ համանման նոր խումբ ձեւավորելու առաջարկով, կամ՝ հնարավո՞ր է, որ «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող հանրային հանձնաժողովը, որը ձեւավորվել էր Կոնգրեսի նախաձեռնությամբ, վերականգնի Փաստահավաք խմբի գործունեության ընթացքում կասեցրած իր աշխատանքները եւ հանդես գա նոր զեկույցներով:
– Խումբը լուծարվեց առաջին իսկ զեկույցի հրապարակումից հետո, իսկ խորհրդարանական հանձնաժողովին մենք բացարձակապես չենք վստահում: Այն իրականում ռեժիմի հանցագործությունները պարտակողների հանձնաժողով է: Այո, պնդում ենք ձեւավորել նոր փաստահավաք խումբ՝ այս անգամ արդեն միջազգային փորձագետների կամ դիտորդների մասնակցությամբ: Մենք արդեն մշակել ենք նախագիծ, որը ներկայացրել էինք որպես ԵԽԽՎ-ում ընդունված բանաձեւի նախագծում առաջարկվող փոփոխություն: Դա փոխանցվել էր ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի միջոցով: Ի դեպ, մենք այդ համագործակցության համար շնորհակալություն ենք հայտնում «Ժառանգություն» կուսակցությանը:
Թեեւ մեր այս առաջարկը չի ընդունվել, բայց մյուս կողմից՝ բանաձեւում որոշ ձեւակերպումներ կան, որոնք լեգիտիմացրել են Փաստահավաք խմբում ընդդիմության ներկայացուցիչների աշխատանքը եւ նրանց՝ ապագայում հրապարակվող զեկույցների կարգավիճակը: Այդուհանդերձ, եթե միջազգային հանրության ճնշման տակ չստեղծվի այդպիսի՝ վստահություն վայելող հետաքննական մարմին, մենք ստիպված կլինենք ինքներս այդպիսի մարմին ստեղծել՝ օգտագործելով արդեն Փաստահավաքում ընդգրկված մարդկանց փորձառությունը: Ի դեպ, մենք նաեւ առաջարկել էինք, որ ԵԽԽՎ բանաձեւում տեղ գտնի մի դրույթ, ըստ որի՝ ԵԽԽՎ-ն կշարունակի մոնիտորինգի տակ պահել Հայաստանը, որ ՀՀ հանձնառությունների կատարմանը ԽՎ-ն կրկին անդրադառնա: Ընդունված բանաձեւում հստակ նշված է, որ Վեհաժողովը շարունակելու է մոնիտորինգի ենթարկել ՀՀ կողմից 1609, 1620, 1643 եւ 1677 բանաձեւերի մնացած պահանջների կատարման ընթացքը, ինչը եւս դրական քայլ է: