Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՀՍՏԱԿ ՉԷ

Հունիս 26,2009 00:00

\"\"Ազատազրկված եւ համաներմամբ ազատ արձակված պատգամավորները դեռ պահպանո՞ւմ են մանդատները, թե՞ արդեն ոչ:

Որոշ հանրապետականներ արդեն սկսել են քննարկել այն հարցը, թե համամասնական ցուցակով պատգամավոր դարձած Մյասնիկ Մալխասյանի փոխարեն ով է դառնալու պատգամավոր, անգամ անուններ են շոշափվում, այդ թվում նաեւ Սպիտակի տարածքային կառույցի ղեկավար, իրականում Երեւանում բնակվող եւ սոցիալական ապահովագրության հիմնադրամում աշխատող Հովհաննես Սահակյանի անունը: Իսկ Հակոբ Հակոբյանը պատգամավոր է դարձել մեծամասնական ընտրակարգով, նրա գործընկերները չեն էլ կասկածում, որ «եթե Հակոբը նորից դնի իր թեկնածությունը, էլի հարյուր տոկոսով կանցնի»: Մինչդեռ իրենք՝ դատարանի վճռով դատապարտված եւ համաներմամբ ազատ արձակված պատգամավորները, վստահ են, որ ցանկության դեպքում պահպանելու են մանդատը:

ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածում գրված է. «Պատգամավորի լիազորությունները դադարում են… ազատազրկման դատապարտվելու, անգործունակ ճանաչվելու եւ հրաժարականի դեպքերում: Պատգամավորի լիազորությունների դադարեցման կարգը սահմանվում է Ազգային ժողովի Կանոնակարգ-օրենքով»: Իսկ ԱԺ Կանոնակարգ-օրենքի 99-րդ հոդվածի 8-րդ կետն ասում է. «Վերոհիշյալ որոշման հիման վրա (նկատի ունի դատարանի վճիռը- Մ. Ե.) կազմվում է պատգամավորի լիազորությունների դադարեցման մասին արձանագրություն, որը ստորագրում է ԱԺ նախագահը եւ հնգօրյա ժամկետում ուղարկում ԿԸՀ»: Սակայն, ըստ ամենայնի, ԱԺ նախագահը հնգօրյա ժամկետում նման փաստաթուղթ չի ստորագրել եւ ուղարկել, քանի որ ԿԸՀ-ից մեր հարցին ի պատասխան ասացին, որ այդ հարցը ԿԸՀ իրավասությունների շրջանակում չէ, եւ իրենք չեն կարող պատասխանել: Հավանաբար, եթե նման նամակ ստացած լինեին, կասեին այդ մասին: Ստացվում է, որ այս գործընթացը ամբողջովին կարգավորված չէ, եւ Սահմանադրության, ԱԺ-Կանոնակարգ օրենքի մեջ կան անհայտ եւ մութ կետեր, այլ խոսքով, ինչպես անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն ասաց «Առավոտին»՝ «հարցը մեկնաբանելի է:

Նախ, պարզ չէ՝ դատապարտման վերաբերյալ թղթերը ո՞վ է ուղարկելու ԿԸՀ՝ դատարա՞նը, թե՞ արդարադատության նախարարությունն է ուղարկում ԱԺ նախագահին, որպեսզի նա էլ իր հերթին դրանք ուղարկի ԿԸՀ: Վիկտոր Դալլաքյանը հարցը հետեւյալ կերպ է մեկնաբանում. «Բնականաբար, ես կցանկանայի, որ Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը, Սասուն Միքայելյանը եւ Խաչատուր Սուքիասյանը իրենց պատգամավորական մանդատները պահպանեին: Միաժամանակ, Սահմանադրության 67-րդ հոդվածը մեկնաբանելի է, քանի որ նրանում նշված են միայն պատգամավորի լիազորությունների դադարեցման հիմքերը, որոնցից մեկը ազատազրկման դեպքն է: Կոնկրետ, Մյասնիկ Մալխասյանը եւ Հակոբ Հակոբյանը դատապարտվել են ազատազրկման, եւ հետո նրանց վրա տարածվել է համաներում: Հիմա՝ նրանք իրենց պատգամավորական մանդատը պահպանո՞ւմ են, թե՞ ոչ: Կա տեսակետ, որ պահպանում են, եւ կա տեսակետ, որ չեն պահպանում: Ես այն տեսակետին եմ, որ նրանք իրենց պատգամավորական մանդատները պետք է պահպանեն: Դա ճիշտ կլինի նաեւ քաղաքական տեսանկյունից»: Մենք նկատեցինք, որ, այնուամենայնիվ, պարզ չէ, թե որոշումն ով է իրականացնելու, պարոն Դալլաքյանը կրկնեց նույնը՝՝ «Սահմանադրության համապատասխան հոդվածը մեկնաբանելի է»: Ըստ մեր զրուցակցի՝ «Տվյալ պարագայում, եթե դատարանի վճիռը ընդունելուց եւ համաներման ակտը իրականացնելուց հետո ԿԸՀ-ն համապատասխան ժամկետներում, օրինակ՝ Հակոբ Հակոբյանի ընտրատարածքում (քանի որ նա մեծամասնական ընտրակարգով է ընտրվել) որոշի անցկացնել ԱԺ նոր ընտրություններ, ուրեմն, ԿԸՀ-ն նման մեկնաբանություն է տվել։ Ինչ վերաբերում է Մյասնիկ Մալխասյանին, քանի որ վերջինս համամասնական ցուցակով է ընտրվել, ապա ցուցակից ԿԸՀ-ն նրան պետք է դուրս բերի եւ նրանով փոխարինի ցուցակի հաջորդ համարին: Ի վերջո, եթե ձեր հարցին պատասխանեմ, մեկնաբանողը ԿԸՀ-ն է՝ իմ նշած երկու իրավական ակտերով»: Սակայն անգամ «ոզնուն է հայտնի», որ ԿԸՀ-ն հասկանալի պատճառներով ինքնագլուխ նման որոշում ոչ մի դեպքում, թեկուզ եւ օրենքի շրջանակներում, չի կայացնի, ուրեմն, ի՞նչ է ստացվում: Վիկտոր Դալլաքյանը եւս այս մտահոգությունն ուներ. «Ես կիսում եմ ձեր տեսակետը, քանի որ Հայաստանում ցանկացած խնդիր, ցավոք, քաղաքական մեկնաբանություն է ստանում եւ քաղաքական հրահանգի հետեւանք է հանդիսանում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել