Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 25,2009 00:00

ՇՎԵԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԵՇՏ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ

Այս համոզմունքն է արտահայտել «Միկայի» հարձակվող Արամ Ոսկանյանը՝ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունից հետո, երբ հայտնի դարձավ, որ աշտարակցիների առաջին մրցակիցը լինելու է Շվեդիայի «Հելսինբորգը»: Ֆուտբոլիստը լրատվամիջոցներին ասել է. «Այս տարի մենք ընկերական խաղ ենք ունեցել Շվեդիայի չեմպիոն «Կալմարի» հետ, որն ավարտվել է 1:1 հաշվով: Հասկանալի է, որ «Հելսինբորգը» կուռ կազմ ունի եւ ֆիզիկապես ուժեղ խաղացողներով համալրված թիմ է: Վստահաբար կարելի է ասել, որ մրցակցի հարկի տակ մեզ համար դժվար է լինելու: Սակայն նույն չափ վստահեցնում եմ, որ նրանց համար էլ Հայաստանում կայանալիք հանդիպումը հեշտ չի լինի: Առաջին արգելքը հաղթահարելու մեր եւ նրանց շանսերը գնահատում եմ 50-50»:

«ԲԱՆԱՆՑՆ» ԱՐԴԵՆ ՈՒԺԵՂԱՆՈՒՄ Է

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Բոսնիայի «Շիրոկի Բրիեգ» թիմի հետ կայանալիք հանդիպման մասին ասել էր, թե հույս ունի մինչ այդ թիմի կազմն ուժեղացնել: Երեկ լրատվամիջոցներում տեղեկատվություն տարածվեց, որ թիմի կազմն արդեն համալրվել է Ուկրաինայից ժամանած երկու լեգեոներականներով: Նրանք են. կիսապաշտպան Վլադիմիր Ռոմանենկոն, որը հանդես է եկել Ուկրաինայի առաջնության մասնակիցներ «Դնեպր-2»-ում, Դնեպրոպետրովսկի «Ստալում» եւ Դոնեցկի «Մետալուրգում», ինչպես նաեւ պաշտպանական գծի խաղացող Դմիտրի Նազարենկոն, որը խաղացել է «Վորսկլայում», Ալչեւսկի «Ստալում» եւ Դոնեցկի «Մետալուրգում»:

ԲԱՔՎՈՒՄ ՄԱՍԼԱՉԵՆԿՈՅԻՆ ԿԱՐՈՂ ԷԻՆ ՄՈՐԹԵԼ

Ֆուտբոլի ԽՍՀՄ հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» նախկին դարպասապահ, ճանաչված մարզական մեկնաբան Վլադիմիր Մասլաչենկոն վերջերս «Սովետսկի սպորտին» տված հարցազրույցում սկանդալային բացահայտում է արել, որը 43 տարվա վաղեմություն ունի: Նրա խոսքերով, Բաքվի «Նեֆթչին» 1966 թվականին երկրի առաջնության բրոնզե մեդալակիր դարձել է «Սպարտակի» մի քանի ֆուտբոլիստների կաշառելով. «Մեր թիմում երկու հոգի կային, որոնք Բաքվում կայացած խաղը հանձնեցին: «Սպարտակն» այդ մրցաշրջանում գրավեց չորրորդ տեղը, իսկ Բաքվի թիմն առաջին անգամ դարձավ համամիութենական առաջնության մրցանակակիր: Այն ժամանակ ես հեռացա դարպասից եւ մոտենալով նրանցից մեկին՝ ասացի, որ եթե հետագայում էլ այդպես շարունակի, ստիպված կլինի հետեւություններ անել: Իսկ նա բռունցքները սեղմելով պատասխանեց. «Եթե մեզ հանգիստ չթողնես, այստեղ խաղից հետո քեզ կմորթեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել