ՄԵԿՆԵԼ ԵՆ ԶԱԳՐԵԲ
Զագրեբում կայանալիք թեքվանդոյի Եվրոպայի կադետների (պատանիներ) առաջնությունում, որին, ըստ նախնական տվյալների, մասնակցելու են շուրջ 40 երկրներ, Հայաստանը ներկայացված է լինելու յոթ քաշային կարգերում: Մեր պատանիների թիմը արդեն մեկնել է մրցավայր: Իսկ մարզաձեւի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել օգոստոսին Դանիայում կայանալիք աշխարհի առաջնությանը:
ՄՐՑԱՎԱՐՆԵՐԸ ՄԵՐՈՆՔ ԵՆ
ՀՖՖ մամուլի քարտուղարությունից տեղեկացնում են, որ, ՈՒԵՖԱ-ի որոշմամբ, ֆուտբոլի «Եվրոպայի լիգայի» որակավորման առաջին փուլի Չեռնոգորիայի «Սուտյեսկա» եւ Բելառուսի ՄՏԶ ՌԻՊՈ թիմերի միջեւ հուլիսի 2-ին նշանակված հանդիպումը սպասարկելու է Հայաստանի մրցավարական բրիգադը:
Հանդիպման գլխավոր մրցավարը լինելու է Արման Ամիրխանյանը (լուսանկարում), եզրայիններ՝ Արթուր Մուրադյանն ու Վանիկ Սիմոնյանը: Չորրորդ պաշտոնյա է նշանակվել Արարատ Ճաղարյանը:
Տեղեկացվում է նաեւ՝ հաշվի առնելով այն, որ Երեւանի «Բանանցը» հուլիսի 2-ին հանդես է գալու նույն մրցաշարում, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժինը Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի՝ հունիսի 28-ին կայանալիք «Կիլիկիա»-«Բանանց» խաղը հետաձգել է մինչեւ հունիսի 27-ը: