Լրահոս
Օրվա լրահոսը

Գործն ուսումից կարեւո՞ր է

Հունիս 25,2009 00:00

Ուսանողներն աշխատում են արձակուրդի ժամանակ

Երիտասարդության զբաղվածության խնդիրն այսօր բավականին լուրջ հարց է դարձել: Ամառային արձակուրդներին այն կրկնապատկվում է՝ ի հաշիվ ուսանող երիտասարդության: Իհարկե, նրանց մեծ մասը նախընտրում է ամառը վայելել՝ իր ջանքերը ներդնելով հանգիստն առավել զվարճալի դարձնելու գործում, բայց մի մասն էլ նախընտրում կամ շատ հաճախ ստիպված է լինում աշխատել: Ընտանեկան միջավայրից դուրս հանգիստ նախընտրող ուսանողները հիմնականում մեկնում են ուսանողական ճամբարներ, ինչպիսիք կազմակերպվում են պետական գրեթե բոլոր բուհերում: Բուհերի բազային ճամբարներում հանգիստը համեմատաբար մատչելի է, ուսանողները Հայաստանի տարածքում 10-15 օր հանգստանալու համար վճարում են 17-24 հազար դրամ: Իսկ սոցիալապես անապահովների եւ հասարակական գործունեությամբ աչքի ընկնողների համար գործում են զեղչեր: Ուսանողներից առավել կարիքավորները ստիպված են լինում ամռանն աշխատել կամ Հայաստանում, կամ, ինչպես արդեն ընդունված է՝ արտերկրում: Երկու դեպքում էլ նրանք հիմնականում ներգրավվում են սպասարկման ոլորտում: Հայաստանում, որպես կանոն, երիտասարդներն աշխատում են մատուցող, վաճառող, բեռնակիր, առաքիչ, պահակ: Իսկ արտերկրում նրանց զբաղմունքը փոքր-ինչ այլ է լինում. մատուցողի, առաքիչի աշխատանքից զատ, կատարում են նաեւ այնպիսի աշխատանքներ, որից հայրենիքում շատերը թերեւս բարձր վարձատրության դեպքում էլ կհրաժարվեին: Բոլորին էլ հայտնի է, որ 1 ժամվա համար 7-9 ԱՄՆ դոլար վարձատրությամբ ուսանողներն արտերկրում կատարում են աղախնի, դայակի, հյուրանոցային հերթապահի կամ հավաքարարի աշխատանք: Այսպիսով, եթե Հայաստանում աշխատող ուսանողի ամսական եկամուտը կազմում է միջինը 100 դոլար, ապա դա արտերկրում աշխատողի մեկ օրվա վարձն է: Պարզվում է, արտասահման մեկնել ու այնտեղ թեկուզ ամենանվաստացուցիչ աշխատանքի անցնել՝ այդքան էլ հեշտ չէ ու ոչ բոլորին է հաջողվում: Մեկնելու եւ դրսում աշխատելու համար ուսանողը պետք է ունենա ֆինանսական որոշ հնարավորություն, ասել է թե՝ իր ճանապարհածախսը հոգալու կարողություն եւ լեզվի որոշ չափով իմացություն: Իսկ նման դեպքերում ուսանողներին հիմնականում աջակցում են մասնագիտացված գործակալությունները, որոնցից է, օրինակ, «Ես»-ը: Երիտասարդական հասարակական այս գործակալությունը ամեն տարի արտերկիր է ուղարկում պետական բուհերի շուրջ 30 ուսանողի: Մեզ հետ զրույցում «Ես» գործակալության աշխատակից Կարեն Բլեյանն ասաց, որ իրենք ուսանողների համար արդեն ծրագիր են մշակում նաեւ եվրոպական երկրներում աշխատանք կազմակերպելու ուղղությամբ:

Հայտնի է, որ ԱՄՆ-ում ուսանողները շաբաթական աշխատում են 5-6 օր: Իսկ մինչ մեկնելը, տվյալ ուսանողին արտասահման ուղարկող գործակալությունը նրանց եւ ծնողների հետ կնքում է պայմանագիր, որտեղ ամրագրվում է ծնողների համաձայնությունը եւ ուսանողի վերադարձի ժամկետը: Իհարկե, հայերի դեպքում ոչ մի պայմանագիր կամ ծնողի համաձայնություն էլ չի խանգարում, որ ուսանողներից շատերը հայրենիք այլեւս չվերադառնան՝ հրաժարվելով անգամ իրենց բուհական կրթությունը շարունակելու հեռանկարից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել