Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՄԲԱՍԱՆՔԸ՝ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ

Հունիս 25,2009 00:00

Այս երեւույթը նպատակ ու շահ է հետապնդում

Ժողովուրդն ասում է՝ մարդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա: Յուրաքանչյուր մարդու համար իր անունն ու հեղինակությունը շատ թանկ են: Այս մասին գիտեն շատերը, բայց դա ոչ ոքի չի խանգարում ընկերուհու, հարեւանի, բարեկամի ետեւից բամբասել, չարախոսել…

Ինչո՞ւ են մարդիկ բամբասում, ի՞նչ է բամբասանքը եւ ի՞նչ հոգեբանական ապրումների մեջ կարող է այն մարդուն գցել:

Հոգեբան Մարիա Թեւոսյանի ձեւակերպմամբ, բամբասելը հաճելի գործընթաց է, ու եթե այդպես չլիներ, մարդիկ տհաճություն, անհանգստություն, տագնապ, անհարմարավետություն զգային՝ դրանով չէին զբաղվի: Հոգեբանը փաստում է, որ բոլորն էլ կյանքում բամբասում են. «Որեւէ մարդու քննարկելը՝ շատ հաճախ բամբասանք ենք անվանում: Բայց նախ պետք է հասկանալ՝ ինչ է բամբասանքը: Կյանքում կա մի պարզ հասկացություն, մարդիկ կարիք ունեն կիսվելու դիմացինի հետ: Մենք բամբասանք ենք անվանում այն, երբ մեկը մյուսից նեղացած կամ զայրացած է լինում եւ գալիս է իր ապրումները, զայրույթը կիսում: Սա լիարժեք բամբասանք չենք կարող համարել, քանի որ, երբեմն, միայն բացասական ապրումները չեն, որ արտահայտվում են: Կա մի երեւույթ, երբ չարախոսում են որեւէ անձի մասին արհեստականորեն որոշակի վերաբերմունք ստեղծելու համար՝ գուցե սա բամբասանք է: Իսկ սովորաբար բամբասանք ասելով հասկանում ենք ինչ-որ մեկի մասին քննարկումներ, տպավորությունների կիսում…»: Հոգեբանի ձեւակերպմամբ, բամբասանքը մի չափորոշիչ է, որը համարվում է բացասական երեւույթ. «Փաստորեն, երբ մարդը ոչ թե պարզապես ժամանակ անցկացնելու, իր տպավորությունները կիսելու, դիմացինի կարծիքը իմանալու համար է խոսում, այլ միտումնավոր՝ տվյալ անձի հեղինակությունը վարկաբեկելու, նրա նկատմամբ վատ վերաբերմունք ձեւավորելու, գուցե վրեժ լուծելու՝ սա կարող ենք կոչել բամբասանք»:

Իսկ թե ինչո՞ւ է դա արվում, հոգեբանի խոսքով, «վնասելու լավ միջոց է»:

Հարցին, թե ինչերի՞ կարող է բերել բամբասանքը, Մ. Թեւոսյանն ասաց. «Եթե բամբասանքը համարում ենք հենց չարախոսությունը, ապա այն մանիպուլյացիա է՝ մարդկանց վրա ազդելու, նրանց կարծիքը փոխելու, համոզելու, սեփական շահերին հասնելու միջոց: Այսինքն՝ այսօրինակ հոգեբանական ազդեցության եւ սեփական նպատակներին ու շահերին հասնելու ձեւ է, որը կարող է կիրառվել բավական վատ մտադրություններով եւ նպատակներով: Այն կարող է լուրջ վնաս հասցնել մարդուն, որովհետեւ դրա ետեւում շահ է թաքնված: Ամեն մի բամբասանք անպայման որոշակի նպատակ ու շահ է հետապնդում: Այն ունի զուտ վնասելու ցանկություն, օրինակ՝ ընկերուհին բամբասում է իր ընկերուհուց՝ վնասելու, սիրած էակին տիրանալու համար…»:

Հասարակության մեջ տարածված կարծիքի մասին էլ, թե բամբասողները պարապ մարդիկ են, հոգեբանը ընդգծեց. «Պարապ ժամանակ կարծիքների փոխանակումը չգիտեմ, թե որքանով կարող ենք բամբասանք համարել: Բայց այն մարդը, որը նպատակուղղված կերպով, միտումնավոր, նենգաբար փորձում է վնասել որեւէ մեկին, սա ոչ թե պարապ մարդու գործ է, այլ ծրագրավորված գործունեություն: Բամբասանքով՝ ոչ թե պարապությունից դրդված են զբաղվում, այլ կոնկրետ նպատակներից ելնելով»:

Մ. Թեւոսյանը նկարագրելով բամբասող մարդու հոգեբանությունը, ասաց, որ այդպիսի մարդիկ լուրջ տարբերություններ չունեն իրենց հոգեկերտվածքի տեսակետից. «Ամեն մեկն էլ այս մեթոդը կարող է կիրառել իր շահերի համար: Կարծում եմ, եթե յուրաքանչյուր մարդ ինքն իր առջեւ անկեղծ լինի, կտեսնի, որ ժամանակ առ ժամանակ իր կյանքում դիմել է այդ քայլին, այսինքն՝ բամբասել է»: Հոգեբանից հետաքրքրվեցինք, շահամո՞լ են բամբասողները: Ըստ նրա. «Իրականում մենք բոլորս էլ ուզում ենք մեր շահերը պաշտպանել: Այլ բան է, թե ինչ միջոց ենք կիրառում այդ ամենի համար: Եթե իր շահին հասնելու համար մարդը ուզում է վնաս պատճառել դիմացինին եւ ինչ-որ մեկի հաշվին մեկ ուրիշին վարկաբեկելու միջոցով, սա կարող է տվյալ մարդու մասին լուրջ ինֆորմացիա տալ: Որովհետեւ այդ նույն նպատակին կարելի է հասնել տարբեր միջոցներով: Ինչո՞ւ է նա ընտրում այն միջոցը, որը վնասում է դիմացինին»: Իսկ թե ինչպե՞ս կարելի է զերծ մնալ բամբասանքներից, բամբասանքի առարկա դառնալուց, Մ. Թեւոսյանը հավելեց. «Բամբասանքը տարբերվում է կոնֆլիկտից, որովհետեւ բացահայտ կոնֆլիկտի դեպքում մարդիկ իրար առերես ասում են՝ ինչ մտածում են: Տվյալ մարդուն ճանաչելով հանդերձ, կարող ես նրա երեսին ասել այն, ինչ մտածում ես: Իսկ այս դեպքում բամբասանքը քողարկված է, դիմակավորված: Շատ հաճախ լուրերի միջոցով ենք իմանում, որ ինչ-որ մեկը մեզանից բամբասում է: Մենք կարող ենք ենթադրություններ անել, կարող ենք քիչ թե շատ համոզված լինել: Բայց քանի որ այն բացահայտ չէ՝ որեւէ միջոց ձեռնարկելը բարդանում է: Բամբասանքը բավական նենգ երեւույթ է»: Հոգեբանի փոխանցմամբ, բամբասանքի մասին իմանալն ու դրան անմիջապես արձագանքելը այդքան էլ ճիշտ չէ. «Նախ պետք է իրոք համոզված լինել, որ բամբասանքը կա, առկա է: Իսկ անմիջապես դրան արձագանքելը չմտածված քայլ է: Իսկ ընդհանրապես բամբասանքին արձագանքելը սխալ է: Մասնավորապես, երբ բացահայտում ես՝ ով է բամբասողը…»:

Հարցին, թե հիմնականում ո՞ր սեռին է հատուկ բամբասելը, մեր զրուցակիցը նկատեց. «Իրար քննարկում են թե տղաները, թե աղջիկները, այն էլ մե՜ծ սիրով: Որովհետեւ շատ հետաքրքիր է լսել կողքինի կարծիքը եւ կողմնորոշվել տվյալ աղջկա, տղայի հարցում: Եվ աղջիկներն են գնում իրենց ընկերուհիներին պատմում, թե ինչ տղա է իրենց սիրահետում, ինչ է ասում, ինչ է առաջարկում, եւ տղաներն են իրենց մեջ քննարկում աղջիկներին: Սա հատուկ է բոլորին, չենք կարող ասել տղաները ավելի շատ են բամբասում, աղջիկները՝ քիչ կամ հակառակը: Իսկ չարախոսելու տեսակետից, այս միջոցին լավ տիրապետում են իգական սեռի ներկայացուցիչները: Իսկ տղամարդիկ ավելի շատ հնարավորություններ ունեն իրենց խնդիրներն առերես պարզելու»: Հոգեբանի կարծիքով, հասարակության կողմից ի սկզբանե դրված է այդ դերը, որ տղամարդը կարող է ավելի բացահայտ, ազատ խոսել եւ ձեռնարկել քայլեր. «Կնոջ կողմից դա չի խրախուսվում, ահա թե ինչու կանայք ստիպված են լինում շատ անգամ անուղղակի մեթոդներ գտնել իրենց նպատակներին հասնելու համար»: Իսկ հնարավո՞ր է բամբասանքը լավ հետեւանք ունենա, Մ. Թեւոսյանը նշեց. «Կյանքում ամեն ինչ հնարավոր է: Ասում են. չկա չարիք՝ առանց բարիք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել