Ձյուդոյի Հայաստանի պատանիների (մինչեւ 17 տարեկաններ) հավաքականը երեկ մեկնեց Սլովենիա, որտեղ հունիսի 26-28-ը անցկացվելու է այդ տարիքային խմբի Եվրոպայի առաջնությունը: Ավագ մարզիչ Մարտին Սարգսյանը մրցավայր տարել է յոթ հոգու: Նրանք են. մինչեւ 48 կգ քաշային կարգ՝ Երջանիկ Կարապետյան, որը մեր հանրապետությունից Սլովենիա մեկնած միակ աղջնակն է, 50 կգ՝ Գարիկ Հարությունյան, 55 կգ՝ Դավիթ Նիկողոսյան, 60 կգ՝ Դավիթ Ղազարյան, 66 կգ՝ Հայկ Ալեքսանյան, 73 կգ՝ Մհեր Հայրապետյան եւ 81 կգ՝ Արման Սողոմոնյան:
Հավաքականը Եվրոպայի առաջնության նախապատրաստության վերջին հավաքն անցկացրել է Աբովյան քաղաքում:
Մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայից երեկ մեզ տեղեկացրին նաեւ, որ հուլիսի 4-ին մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում կայանալու է ֆեդերացիայի 2009 թ. գավաթի անհատական երկրորդ խաղարկությունը մեծահասակների միջեւ (առաջինն անցկացվել է մարտ ամսին): Ընդհանուր առմամբ, տարեկան կազմակերպվում է չորս նմանատիպ մրցում, որոնցում ըստ քաշային կարգերի հաղթողները համապատասխան պարգեւատրություններ են ստանում: Սակայն գավաթային այս խաղարկությունները Հայաստանում, ինչպես միջազգային ֆեդերացիայում, եւ հանրապետության առաջնությունները մեր ձյուդոիստների համար նաեւ վարկանիշային բնույթ են կրում, որոնց վերջնական արդյունքների ամփոփումով որոշվում են այն մարզիկները, որոնք կարող են համալրել հավաքականները եւ հանդես գալ աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, միջազգային բարձրակարգ մրցաշարերում: