Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզային թատրոնի հոգսերը

Հունիս 25,2009 00:00

Մեկնաբանում է Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարը

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնը հանրապետության մարզերում գործող այն հազվագյուտ օջախներից է, որ սեփական շենք ունի: Վերջին անգամ այն նորոգվել է 1997-ին: Մեր այցելության օրը ներկայացում ազդարարող եւ ոչ մի ազդագիր փակցված չէր: Շենքի ներսում դիմավորեցին երկու նարդի խաղացողները, հեռանալիս նրանց թիվն ավելացել էր: Պարզվեց՝ նրանք թատրոնի աշխատակիցներն են:

«Առավոտը» հանդիպեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայկ Մնացականյանի հետ: Նա պատմեց, որ թատրոնի պատմության մեջ ծանր շրջան է եղել, երբ գործել են քաղաքապետարանի ենթակայության ներքո, իսկ հետո նորից վերականգնվել որպես մշակույթի նախարարության կառույց: «Այսօր ոչ մի քաղաքապետ չի կարող թատրոն պահել: Առանց պետական հովանավորության՝ անհնար է, որ մեկ տարուց ավելի թատրոնը գոյատեւի», – համոզված է թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Ժամանակին Գեղարվեստա-թատերական ինստիտուտն ավարտելիս դիպլոմային աշխատանքի բեմադրության համար նա նախընտրել է Գավառը, որտեղ 8 տարի աշխատել է որպես ռեժիսոր, իսկ հետո վերապատրաստվել նաեւ Մոսկվայում: Գ. Սունդուկյանի անվան թատրոնում էլ շուրջ 5 տարի աշխատել է Խորեն Աբրահամյանի հետ:

Մշակույթի նախարարության միջշրջանային ծրագրի միջոցներով թատրոնը նոր է վերադարձել Վայոց ձորի մարզից: Խաղացել են Եղեգնաձորում, Արենիում, որտեղ, մեր զրուցակցի հավաստմամբ՝ իրենց դիմավորել են լեփ-լեցուն դահլիճով: Հ. Մնացականյանը կարծում է, որ մարզերում նաեւ տեղական իշխանությունների միջամտությունից է կախված, թե ինչպես կընդունվի ներկայացումը: Տարիներ առաջ Սիսիանում թատրոն ստեղծելու նպատակով այնտեղ հրավիրված ռեժիսորն ասաց, որ պատրաստ է հիմա էլ իր թատրոնը տարին 2-3 անգամ տանել Սիսիան, բայց հասկացել է, որ «Սիսիանը հիմա այն Սիսիանը չի. Անգեղակոթի, Բռնակոթի նման գյուղերը, որ շատ թատերասեր էին, վերջին անգամ 1998-1999թթ. որ գնացինք՝ լացս եկավ: Երեխաներն իրենց հետ ձու էին բերել, որ դրանով տոմս գնեն, մտնեն ներկայացում նայելու»,- ասաց Հ. Մնացականյանը: Հետո ավելացրեց. «Չեմ հիասթափվում, ժողովուրդը մեղավոր չէ, մարդիկ չեն աշխատում, փող չունեն: Մեր թատրոնը երբեք չի դադարել գործելուց, բայց լինում է, որ հանդիսատեսի մեծ մասը աշակերտությունն է, մեծահասակների մեջ թատրոնի նկատմամբ հետաքրքրությունն օրեցօր նվազում է»: Մեր զրուցակցի կարծիքով, փոխվել է մարդկանց մտածելակերպը, այն ժամանակ չկար կոմպյուտեր ասվածը: Մարդիկ ցանկություն ունեին կենդանի շփման, սեր կար գրականության ու թատրոնի նկատմամբ: «Մոսկվայում մինչ այսօր պահպանվել է գրական երեկոների կազմակերպման ավանդույթը: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ մթնոլորտում է մարդը մեծանում, ինչ հոգեւոր կյանքով է ապրում, ինչ է լսում, կարդում, ինչ ցանկություններ ունի: Իսկ մեր խեղճ երեխաները ի՞նչ են տեսնում»,- ասում է Հայկ Մնացականյանը: Չնայած դժվարություններին, թատրոնի գեղարվեստական ղեկավարը հավաստում է, որ իրենց ներկայացումների ժամանակ դահլիճը լիքն է լինում:

«Առավոտի» հետ զրույցում պարոն Մնացականյանը տեղեկացրեց, որ սկսել են աշխատել Շահան Շահնուրի «Նահանջ առանց երգի» գործի բեմադրության վրա: Նա երազում է նույն շենքում նաեւ տիկնիկային թատրոն ունենալու մասին, ինչի համար միայն ֆինանսն է պակասում: Թատրոնը աշխարհին ներկայանալու խնդիր ունի, դեռ չունեն սեփական կայք: Թատրոնի բարձրակարգ դերասանները ստանում են մոտ 60 հազար դրամ աշխատավարձ, ինչը, պարոն Մնացականյանի կարծիքով՝ քիչ չէ: «Մայրաքաղաքում էլ դրանից ավելի չեն ստանում, պարզապես երեւանցիների բախտը բերում է, քանի որ այնտեղ կա հեռուստատեսություն, ռադիո, խաղում են սերիալներում»,- հավելում է մեր զրուցակիցը:

Հայկական մի քանի սերիալներում («Դժբախտ երջանկություն», «Մի վախեցիր», «Կյանքի կարուսել») խաղացող դերասանը սերիալների մասին էլ նշեց. «Սերիալում խաղալով՝ լուծվում են դերասանի ֆինանսական խնդիրները, որը քիչ չէ: Իհարկե, շատ բաներ կան, որ ինձ դուր չեն գալիս, պրիմիտիվություն կա, բայց նաեւ հաճելի է, որ նստում ես տրանսպորտ՝ ճանաչում ու բարեւում են: Ուրախանում ես, որ նայում են քեզ, փաստորեն՝ դերասանին գնահատող կա: Եթե մարդը թատրոն չի գալիս, գոնե սերիալ է նայում: Մի ձեւով պետք է, չէ՞, ճանաչեն դերասանին: Չգիտեմ սերիալը ինչ մակարդակ է, համենայնդեպս՝ ժողովուրդը նայում է: Մյուս կողմից, սերիալները թիթեռի կյանք ունեն, բայց մի օր մի շատ լավ սերիալ կլինի, որ կնստենք ու լուրջ կդիտենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել