Լրահոս
Օրվա լրահոսը

Մահմեդականները՝ Գերմանիայում

Հունիս 25,2009 00:00

Համաձայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին գործերի նախարարության պատվերով կատարված ուսումնասիրության՝ ներկայումս այդ երկրում հաշվվում է ավելի քան 4,3 միլիոն մահմեդական: Թիվը շատ ավելի մեծ է, քան ենթադրվում էր: Մինչ այդ կարծում էին, թե Գերմանիայում ապրում է առավելագույնը 3,5 միլիոն մուսուլման:

Այսպիով, մահմեդականները կազմում են ԳԴՀ-ի բնակչության 5,2%-ը: Ընդ որում՝ նրանց 45%-ը գերմանական քաղաքացիություն ունի, իսկ 55%-ը՝ այլ երկրների քաղաքացիություն: Մուսուլմանների ճնշող մեծամասնությունը՝ 2,5 մլն մարդ կամ 63,2%-ը, ներգաղթել են Թուրքիայից: Իսկ 13,6%-ը Արեւելյան եւ Հարավային Եվրոպայից ներգաղթյալ մահմեդականներն են: Գերմանիայում բնակություն հաստատած մահմեդականների 8%-ը այստեղ է հասել Միջին Արեւելքից, իսկ 7%-ը՝ Հյուսիսային Աֆրիկայից: ԳԴՀ-ում բնակվող բոլոր մահմեդականների 98%-ը ապրում է «հին դաշնային հողերում», որոնք ԳՖՀ-ի կազմի մեջ էին մտնում դեռ մինչեւ 1990 թվականի Գերմանիայի վերամիացումը: Գերմանաբնակ մուսուլմանների 75%-ը սունիներ են, 7%-ը՝ շիաներ: Մնացյալ 13%-ը իրեն համարում է «ալավիտ»:

Գերմանական մահմեդականների մեկ երրորդն իրեն համարում է «խորը հավատացյալ», իսկ 50%-ը հայտարարում են, որ «ավելի շուտ հավատացյալ են, քան՝ ոչ»: Հատկապես վառ է կրոնականությունն ընդգծված Թուրքիայից եւ Հյուսիսային Աֆրիկայից ժամանածների մոտ: Բացի Կենտրոնական Ասիայից եւ Իրանից ներգաղթյալներից՝ գերմանական մահմեդականների հիմնական մասը սնունդի հարցում հավատարիմ է մնում կրոնական հավատալիքներին՝ պաս է պահում: Մահմեդական կանանց կողմից գլխաշորերի պարտադիր կրումը առավելապես տարածված է ներգաղթյալների առաջին սերնդի մոտ՝ գլուխը ծածկում է յուրաքանչյուր չորրորդ մահմեդական կինը: Երկրորդ սերնդի միայն 17%-ն է գլուխը ծածկում, իսկ դպրոցահասակ աղջիկների 10%-ը չի մասնակցում ֆիզիկական կուլտուրայի դասերին, որտեղ համատեղ են պարապում տղաներն ու աղջիկները: Գերմանիայում բնակվող մահմեդականների 3/4-ը կողմ է արտահայտվել երկրում իսլամական կրոնական դատարանի ներմուծմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել