Լրահոս
Օրվա լրահոսը

Եղեք օբյեկտիվ եւ մի վախեցեք ոչնչից

Հունիս 25,2009 00:00

Փորձառու լրագրողները խորհուրդ տվեցին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտներին

Երեկ ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 51 բակալավրի եւ 32 մագիստրոսի դիպլոմների հանձնման արարողությունը: Սկզբում երիտասարդ լրագրողները որոշեցին երդում տալով հետ չմնալ բժիշկներից: Իհարկե, նրանցը ոչ թե Հիպոկրատի, այլ այնպիսի բովանդակության երդում էր, որով ապագա կամ արդեն գործող լրագրողները խոստանում էին լինել օբյեկտիվ, անաչառ, հարգել այլոց իրավունքները եւ այլն: Ողջույնի խոսքերից հետո մագիստրոսներին, որոնք հատուկ զգեստներ էին կրում, եւ բակալավրիատն ավարտած ուսանողներին դիպլոմներ հանձնեցին հյուրերը, որոնք հայաստանյան լրատվական դաշտի ներկայացուցիչներ էին: ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը ողջույնի խոսքում կես-կատակ ասաց, որ հույս ունի այս շրջանավարտներից ոչ մեկը որեւէ վատ տող չի գրի ԵՊՀ-իի հասցեին: Հյուրերից մեկն էլ ժուռնալիստիկայի ֆակուլտետին ցանկացավ հնարավորինս շատ առնական տղաներ:

«Առավոտը» հայաստանյան լրագրողական դաշտի ներկայիս խնդիրների մասին զրուցեց միջոցառման հյուրերի հետ: «Հ1» հեռուստաընկերության լրագրող Արմեն Դուլյանից հետաքրքրվեցինք, թե ներկայիս լրագրողական դաշտում ինչպիսի՞ն է պատկերացնում լրագրողների կրտսեր սերնդի դերակատարությունը: Նա ասաց. «Դաշտում նրանց համար աշխատելը բավականին բարդ է լինելու: Մյուս կողմից էլ այդ դաշտ մուտք գործողների համար կայանալու լավ տեղ է: Լրագրողական դաշտը ՀՀ տնտեսության գործող ճյուղերից մեկն է. այժմ կան բազում թերթեր, հեռուստաընկերություններ եւ ռադիոընկերություններ, այսինքն՝ աշխատանք կլինի: Պարզապես, դաշտն այնպիսին է՝ ինչպիսին մեր հասարակությունը. այսինքն՝ փոքր-ինչ պառակտված: Այս առումով լրագրողների համար դժվար է լինելու: Բայց եթե որդեգրեն որոշակի սկզբունքներ, կարող են ցանկացած դաշտում հաջող աշխատել: Օրինակ՝ չի կարելի ստել, չստուգված լուրեր հաղորդել, մարդու արժանապատվությունը վիրավորել, ազգամիջյան կրքեր բորբոքել: Կարեւոր է նաեւ ոչ մի բանից չվախենալ: Իհարկե, առաջին ասուլիսին կլինի մի հարց, որի վրա կծիծաղեն, բոլորի հետ էլ սկզբնական շրջանում պատահում է»:

Զրուցեցինք նաեւ «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Հրայր Զորյանի հետ: Նա էլ նշեց. «Կրտսեր սերունդն անելիքներ շատ ունի, քանի որ լրատվամիջոցները գնալով շատանում են, ու պրոֆեսիոնալ լրագրողների կարիքը մեծ է: Կցանկանամ, որ իրենք շարունակեն ավագների ավանդույթները, քանի որ մենք անկախ Հայաստանի առաջին փուլում ունեցել ենք պրոֆեսիոնալ լրագրողների մի թիմ, որի ավանդույթները շարունակելն արդեն մեծ գործ կլինի»: «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանն էլ նկատեց. «Կարեւորը գրագետ գրելն է, հետաքրքրասիրությունը, առաջնայինը երկրորդականից տարբերելը, եթե այս երկու հատկանիշները տվյալ անձն ունեցավ, ուրեմն նա ժուռնալիստ կարող է դառնալ: Անշուշտ, ակադեմիական կրթությունն էլ է կարեւոր, քանի որ դա նշանակում է մտածողություն ընդհանուր համակարգում: Լավ կլինի ապագա լրագրողները սովորեն աշխատել առանց ձայնագրիչի, իհարկե, խոսքս չի վերաբերում հարցազրույցներին: Երբեմն լրագրողին ուղարկում ես ասուլիսների, ընկերուհիների հետ զրուցում է, հետո գալիս ձայնագրիչից լսում, նյութ է գրում: Դա է պատճառը, որ հաճախ թեման այդպես էլ չի հասկացվում լրագրողի կողմից»:

Զրուցեցինք նաեւ մագիստրոսների հետ: Անի Հարոյանն ասաց. «Ցավալի է, քանի որ հաճախ չի մտցվում տարբերակվածություն բակալավրի եւ մագիստրոսի դիպլոմ ունեցողների միջեւ»: Սոնա Ավագյանն էլ նշեց. «Եթե լրագրողն օբյեկտիվ լինի լսարանի հանդեպ եւ հավասարապես ներկայացնի երկու կողմի կարծիքները՝ չխեղաթյուրելով նրանց տեսակետները, մեկին ներկայացնելով հարգարժան, մյուսին՝ ծաղրական տոնով, այդ դեպքում ոչ մեկը չի մեղադրի այդ լրագրողին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել