Երեկ հանրությանը ներկայացավ «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի տնօրենը
«Առավոտը» պարբերաբար անդրադարձել է «Լույս» հիմնադրամի՝ հիմնականում վարագուրված գործունեությանը: Համազգային նպատակներ ունեցող այս մասնավոր ձեռնարկի սկիզբը հայտարարվել էր վաղուց, եւ պարբերաբար կցկտուր տեղեկություններ էին սպրդում հիմնադրամի ինչ-ինչ գործունեության մասին, սակայն, ընդհանուր առմամբ, սա մի փակ կառույց էր, որի մասին տեղեկություններ հայթայթելը լուրջ ճիգեր էր պահանջում: ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանի անմիջական ջանքերով հայտնի էր միայն, որ իր՝ Արթուր Իշխանյանի եւ համախոհների նախաձեռնությամբ ՀՀ նախագահի հովանու ներքո ստեղծվել է մի հիմնադրամ՝ «Լույս», որի նպատակն է աջակցել արտասահմանյան հեղինակավոր բուհերում հայ ուսանողների ուսումնառության պրոցեսին: Ապա հայտնի դարձավ, որ այս նախաձեռնությանն աջակցելու ցանկություն են հայտնել եւ զգալի գումարներ են ներդրել խոշոր բարեգործական կազմակերպություններ եւ բարեգործներ: Քիչ հավանական է, իհարկե, որ այդ բարեգործների մեջ լինեն նաեւ հայաստանցի մեծահարուստներ (նրանք նույնիսկ սեփական զավակների ուսման ծախսը չեն ուզում հոգալ՝ բուհական ընդունելության քննություններին դիմելով նաեւ անվճար ուսուցման տեղերի համար, ուր մնաց՝ այլոց ուսման համար գումար հատկացնեն): Վստահ չենք պնդում, քանի որ հիմնադրամին ֆինանսավորածների անուններն ու նվիրաբերած գումարների չափը նույնպես հրապարակված չէ: Մի խոսքով, գիտեինք, որ հիմնադրամը հիմնվել է, գումարներն էլ կան, բայց չկար գործունեությունը: Ընթացքում հայտնի դարձավ, որ «Լույսի» գումարներով ֆինանսավորվում են ինչ-որ համերգներ… Դրան ի պատասխան, հանկարծակի պարզվեց, որ «Լույսը» միայն կրթական ծրագրեր իրականացնող հիմնադրամ չէ, այն նաեւ մշակութային ծրագրեր է իրականացնում, իսկ կրթականի հերթը դեռ չի եկել, քանի որ չկա ծրագրի տնօրեն (կարելի է մտածել՝ մշակութային ծրագրերի տնօրեն կար): Հայտարարվեց մրցույթ: Որոշ ժամանակ անց, կրկին՝ ոչ հիմնադրամի պատասխանատուներից, այլ՝ «այլ աղբյուրներից» տեղեկացանք, որ ընտրվել է ամենաարժանավորը՝ Ժակլին Կարաասլանյանը: Սակայն ամիսներ շարունակ այս լուրը ոչ հերքվում էր, ոչ հաստատվում. ասում էին, թե սպասում են պայմանագրի կնքմանը: Ի վերջո վարչապետից կորզեցինք այն ուրախալի լուրը, որ պայմանագիրը տիկին Ժակլինի հետ կնքված է, նա աշխատում է ծրագրերի վրա, շուտով կգա ՀՀ ու կանցնի գործի: Անցավ էլի ժամանակ, տեղեկացանք «այլ աղբյուրներից», որ արդեն գործում է www.luys.am կայքը, ավելին, ընդունում է դիմումներ՝ 2009-10 ուստարվա համար, պատրաստ են ծրագրերը: Ու վերջապես երեկ՝ հունիսի 24-ին, այսինքն՝ ընտրելուց ավելի քան 6 ամիս անց, հանրությանը ներկայացվեց տիկին Ժակլին Կարաասլանյանը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ տիկին Կարաասլանյանը ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում հանդիպեցին ուսանողների եւ լրագրողների հետ: Դահլիճը լեփ-լեցուն էր շահագրգիռ անձանցով: Ավելի քան հարյուր ուսանող ուղղակի հարցախեղդ արեցին վարչապետին եւ «Լույսի» կրթական ծրագրերի տնօրենին: Պարզվեց, որ կրթական ծրագրերի ֆինանսավորման համար «Լույսի» այս տարվա բյուջեով նախատեսված է 400 մլն դրամ: Դիմում-հայտերը դեռ ընդունվում են, եւ առայժմ պարզ չէ, թե քանի ուսանող կստանա օգնություն: Նկատենք, որ «Լույսի» ֆինանսական օժանդակությունը առայժմ կարող են ստանալ միայն նոր ընդունվող ուսանողները, ոչ թե արդեն իսկ սովորողները: Ծրագիրը միայն հայաստանցիների համար չէ, այլ՝ բոլոր հայերի: «Աշխարհով մեկ սփռված լույսիկները»՝ ինչպես հիմնադրամի աջակցությունը ստացողներին կոչեց Ժ. Կարաասլանյանը, պիտի կապված լինեն միմյանց եւ ՀՀ-ի հետ՝ «որպես արյունատար անոթներ», որոնք կսնուցեն Հայրենիքը:
«Առավոտի» հարցին, թե որքանո՞վ թափանցիկ կլինի այս ծրագրի գործունեությունը, արդյո՞ք հասարակությունը կիմանա հիմնադրամի օժանդակությունը ստացած երիտասարդների անունները, պարոն վարչապետը պատասխանեց, որ ամեն ինչ լինելու է շատ թափանցիկ եւ անպայման կտեղեկանանք հիմնադրամից ֆինանսավորվողների մասին: Թափանցիկության ապահովմանն էլ կօգնի Կրթական ծրագրի համակարգող խորհուրդը, որի կազմում են ՀՀ վարչապետը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը, ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը, Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ տեր Մեսրոպը, ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը եւ այլք: «Առավոտին» նաեւ հետաքրքրում էր, թե ո՞վ է «Լույսի» մշակութային ծրագրերի տնօրենը, եւ որքանո՞վ է թափանցիկ այս ծրագրի գործունեությունը: Պարոն վարչապետի պատասխանը, անկեղծ ասած, զարմացրեց մեզ: «Ես եմ»,- ասաց նա մեր առաջին հարցին ի պատասխան, եւ որպես ծրագրի թափանցիկության գրավական՝ նշեց, որ Հիմնադրամի 2008թ. ֆինանսական հաշվետվությունը աուդիտորական եզրակացությամբ հրապարակվել է մամուլում: Սակայն կատարված գործերից մատնանշվեց հետեւյալը. «Օգնել ենք կազմակերպել բարեգործական համերգներ, հովանավորել ենք մշակութային ծրագրեր, Ջիվան Գասպարյանի 80-ամյակին նվիրված երեկոն, «Ջեթրո-Թալ»-ի համերգը: Որոշ հիմնարկների, որոնք ծավալում են հիմնադրամի մանդատին հարիր գործունեություն՝ տրամադրում ենք ֆինանսական օժանդակություն»:
Գուցե որոշ ժամանակ անց, երբ տիկին Կարաասլանյանը աշխատակազմ կունենա եւ ստիպված չի լինի ահռելի քանակի աշխատանքը միայնակ կատարել, մասնավորապես, օրական հարյուրի չափ դիմում-նամակների պատասխանել, «Լույսը», գոնե՝ Կրթական ծրագրի մասով, ավելի թափանցիկ դառնա, ասենք՝ կայք-էջում հրապարակվի հոգաբարձուների խորհրդի կազմը, լինի հեռախոսահամար, որ հնարավոր լինի հարցերի դեպքում զանգել եւ ոչ թե նամակ գրել եւ ակնկալել, թե հարյուրավոր նամակների մեջ տիկին տնօրենը կտեսնի քոնը, կկարդա եւ կկարողանա պատասխանել հարցիդ եւ այլն, եւ այլն…
Ու գուցե այդ ժամանակ արդեն պնդենք, որ թափանցիկանան նաեւ «Լույսի» մյուս ծրագրերը: Թեեւ չի բացառվում, որ այդ պահանջներին ի պատասխան՝ վարչապետը կրկնի երեկվա իր պատասխանը տարբեր քննադատություններին. «Սա մասնավոր ձեռնարկ է եւ եթե ինչ-որ մեկին դուր չի գալիս, թե ինչպես ենք մենք իրականացնում այս ձեռնարկը, թող ինքը մի նոր նախաձեռնությամբ հանդես գա, գումարներ հավաքի եւ անի այնպես, ինչպես ինքն է ճիշտ գտնում»: Ինչ խոսք, տրամաբանական է, սակայն, եթե մի հիմնադրամ, նույնիսկ շատ մասնավոր, գործում է երկրի նախագահի հովանու տակ, եւ եթե այդ հիմնադրամին ֆինանսավորում են երկրի ապագայով մտահոգ անձինք ու կազմակերպություններ, ապա նրանից մաքսիմալ թափանցիկություն պահանջելը անհիմն չէ: