Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵՍՏԵՐԸ՝ ՈՐՊԵՍ «ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ»

Հունիս 25,2009 00:00

Գիտելիքների բնականոն ստուգո՞ւմ, թե՞ սթրեսների ստեղծման արհեստական պայմաններ

Մենք ամենեւին մտադրություն չունեինք արձագանքելու դպրոցի շրջանավարտների համար գիտության եւ կրթության նախարարության կողմից ամեն տարի կազմակերպվող՝ բուհ ընդունվելու քննական շրջանին (ավարտական եւ միասնական քննություններ): Մենք համոզված էինք եւ դրա հիմքերն ունեինք, որ 2009-ի շրջանավարտները, ինչպես նախորդ տարիներին է եղել, այնպես էլ այս տարի հայտնվելու են նույն՝ արդեն հայտնի քննական պայմաններում, եւ անգամ քննությունների անցկացման որոշ փոփոխություններ (միասնական քննություններ) էապես չեն կարող ազդել գիտելիքների գնահատման որակի վրա: Իսկ քննության արդյունքների բողոքարկման տոկոսը, ինչպես միշտ, լինելու է նորմայի սահմաններում: Եվ առհասարակ բողոքարկումը օբյեկտիվորեն նորմալ երեւույթ է, դրանում ոչ մի արտառոց բան չկա: Արտառոց ոչինչ չկա նաեւ նրանում, որ անհատը, արձագանքելով քննական պայմաններին, հայտնվում է հոգեհուզական բարձր լարվածության մեջ: Ինչպես ընդունված է, այս դեպքերը անվանում են սթրեսային իրավիճակներ: Մեր առօրյայում լայնորեն օգտագործվում է սթրես բառը. այս մասին մի փոքր ուշ:

Հանուն ճշմարտության պետք է նշել, որ քննաշրջանի շուրջ բարձրացած աղմուկն անսպասելի էր թե իր ծավալով, թե քննադատության սրությամբ: Բացի այդ, անհնար է լռության մատնել լրագրերում հրապարակված հիմնավոր փաստարկներն ու հարցադրումների անտարակույս անկեղծությունն ու բացությունը: Ավելին՝ ստեղծված իրավիճակում լռելն անբարո է, քանզի մեր ծառայությունից օգտվող դիմորդների ծնողների հեռախոսազանգերում բարձրացվում է երեխաների հոգեկան առողջության վատթարացման նկատմամբ տագնապը: Հավանաբար, կրքերը քննաշրջանի շուրջ չեն դադարի մինչեւ այն ժամանակ, քանի դեռ իրական, առողջ երկխոսության մթնոլորտ չի ստեղծվել: Սա մենք հատուկ շեշտում ենք, քանի որ հեռուստաալիքները ընդամենը իրազեկում են երկու կողմերի դիրքորոշումների մասին առանձին-առանձին: Բնական է, որ մի կողմը պաշտոնական գնահատողն է, մյուսը՝ գնահատվողը, որը պաշտպանվողի դիրքում է եւ համարժեք փոխըմբռնում այդպես էլ տեղի չի ունենում:

Մեր խնդիրն է հնարավորինս արձագանքել ստեղծված իրավիճակին հոգեբանական վերլուծությամբ՝ ամենեւին չստանձնելով դատավորի կամ դատապաշտպանի դերը: Մտադիր չենք նաեւ մտնել քաղաքականություն՝ կուսակցական գաղափարախոսության դաշտ: Այս ամենի հետ մեկտեղ մենք գիտակցում ենք՝ որքան դժվար է, առաջնորդվելով հոգեբանական լծակներով, պահպանել անաչառությունը եւ այլն:

Նախեւառաջ կուզենայինք անդրադառնալ շրջանավարտների գիտելիքների ստուգման թեստային առաջադրանքների մշակման սկզբունքներին: Վաղուց ի վեր հոգեբանությանը հայտնի է հոգեկան գործընթացների երեւույթների բացահայտման ուղղությամբ թեստային հետազոտությունների արդյունավետությունը: Թեստը հոգեբանության մեջ յուրօրինակ ինքնաճանաչման ուղենիշներից մեկն է:

Նախեւառաջ ասենք՝ «թեստ» բառը անգլերենից թարգմանաբար նշանակում է «փորձարկում» կամ «փորձաքննություն»: Այս իմաստով թեստ է կոչվում նաեւ ինտերվյուն, հատուկ նպատակով զրույցը, մի խոսքով՝ այն ամենը, ինչ կատարվում է երկխոսության պայմաններում, որը հետապնդում է որոշակի նպատակ՝ պարզաբանել կարեւոր հարց՝ անհատի արարքներում, ներաշխարհում ակնհայտորեն չերեւացող հատկությունները: Թեստերի կազմման սկզբունքները մի քանիսն են. նշենք առավել կարեւորները: Այսպես՝ մատչելիության սկզբունքը առաջին հայացքից հասկանալի է թվում, սակայն թեստը կազմողները այստեղ դժվարանում են, քանի որ այն պետք է պարզ եւ ըմբռնելի լինի շարահյուսությամբ, դատողությունների պարզությամբ, սոցիալական բոլոր շերտերը, ամենակարեւորը, թեստավորվողը նախապես պետք է իմանա՝ ինչն է քննության առնվում եւ ինչի համար է դա: Նշենք եւս մի սկզբունք. ինչպես է կատարվում թեստավորումը եւ ինչ արդյունք էլ ստացվում է թեստ-առաջադրանքից, միեւնույն է, այն կանխորոշված է եւ բեկման չի ենթարկվում: Եթե ստացվում է անհատի ենթադրյալ մտավոր այս կամ այն հմտությունը, ապա թեստը ամբողջովին կառուցվում է տվյալ անհատի այդ հատկության առկայությունը կամ բացակայությունը պարզելու շուրջ, ընդամենը: Թեստեր կազմելը պահանջում է լրջախոհություն, պատասխանատվություն եւ խստություն, որպեսզի ամենայն ճշգրտությամբ խնդրո առարկայի պարզաբանումը երկիմաստությունից զուրկ լինի, հակառակ դեպքում՝ թեստային փորձությունը դադարում է այդպիսին լինելուց, վերածվում է ոչինչ չպարտավորեցնող զվարճախոսության:

Խոսքն այստեղ միայն հոգեբանական թեստերի կազմման մասին չէ, որը շուրջ երկու հարյուր տարվա պատմություն ունի: Այնուամենայնիվ, թեստ կառուցելիս պահպանելով բոլոր կանոնները, սկզբունքները, պահանջները՝ գործն ավարտված համարել չի կարելի: Բանն այն է, որ թեստն իր հերթին նույնպես անցնում է փորձաքննություն: Չէ՞ որ գործնականորեն անհնար է թեստ կազմելիս հաշվի նստել չնախատեսված հանգամանքների հետ: Դա նման է երթեւեկության բոլոր կանոնների իմացությանը. այնուամենայնիվ, ավտովթարներ տեղի ունենում են: Տիեզերագնացները թռիչքի պատրաստվելիս նույնպես փորձաքննություն՝ թեստավորում են անցնում մեկ նպատակով՝ պատրաստ լինել տիեզերքում հարմարվելու, աշխատելու համար: Դրանով իսկ թեստերը ստուգվում, վերամշակվում են՝ մտնելով գործառական դաշտ: Սա թեստի հուսալիությունն ապահովելու լավագույն միջոցն է: Սրանից հետո միայն վստահաբար կարելի է իրականացնել զանգվածային փորձաքննություն: Թեստավորման պատասխանատվությունը հենց դրանով է պայմանավորված, նամանավանդ, երբ թեստավորումը մարդու համար ճակատագրական նշանակություն է ձեռք բերում: Իսկ մեզանում դպրոցի շրջանավարտների նկատմամբ վերաբերմունքում, երբ մատաղ սերունդը պատրաստվում է թեւակոխել կյանքի մի նոր փուլ, գիտելիքների մակարդակի ստուգումը պահանջում է դրսեւորել առավել զգուշավորություն, միեւնույն ժամանակ՝ պահպանելով թեստային ստուգման բոլոր օբյեկտիվ պահանջները:

Անդրադառնանք «գիտելիքների ստուգում», «գիտելիքի որակ» հասկացություններին, որոնք իշխանությունները լայնորեն շրջանառության մեջ են վերցրել: Անտարակույս, մեզանում դա ժամանակի պահանջն է՝ մենք չենք կարող հետ մնալ համաշխարհային կրթության միտումներից, եւ անհրաժեշտություն է առաջացել ամբողջովին տիրապետելու կրթական տեխնոլոգիաներին, բարձրացնելու սովորողների կրթամակարդակը, գիտելիքների որակը: Սակայն դրանք ընդամենը կրթության բարեփոխման միտումներն են մեզանում, ավելի ստույգ՝ քաղաքականությունն ու փիլիսոփայությունը: Արդյո՞ք մենք դրան պատրաստ ենք, եթե՝ այո, ապա որքանո՞վ: Անկեղծ ասած, այնքան էլ պարզ չէ, թե կոնկրետ ինչն է ստուգվում թեստավորման միջոցով եւ ինչ չափորոշիչներով է գիտելիքի որակը սահմանվում:

Սովորողները ձեռք են բերում գիտելիքների պաշար, քանակ, որոնք պահպանվում են նրանց հիշողության մեջ եւ կարող են վերարտադրվել: Այդ սկզբունքով ցանկացած պահին վերարտադրվում են կոնկրետ ծրագրով յուրացված ուսումնական գիտելիքները: Հոգեբանորեն յուրացնել գիտելիքը՝ նշանակում է ազատորեն դրանից օգտվել ցանկացած համապատասխան պահանջի դեպքում: Այսպես՝ սովորողը կարող է մոռանալ, այսինքն չվերարտադրել «գ»-«ք» ուղղագրության սահմանումը, սակայն գործնականում անսխալ գրագետ գրել: Սա արդեն յուրացման չափանիշ է, որը դուրս է գալիս կոնկրետ գիտելիքի սահմաններից: Այսպիսով կյանքի են կոչվում սովորողի մտավոր հմտություններն ու կարողությունները: Այդպես կարող է տեղի ունենալ կենսաբանական, մաթեմատիկական, գրականագիտական հասկացությունների, գիտելիքների յուրացման դեպքում: Միգուցե թեստային փորձաքննության ժամանակ «գիտելիքի որակը» ստուգելիս հաշվի են առնվում նաեւ սովորողի գործառական կարողությունները, դժվարանում ենք ասել: Այնուամենայնիվ, մի բան փաստացի արդեն պարզ է: Լրատվամիջոցներում հնչեցված զանգվածային բողոքներին ամփոփ կարելի է տալ հետեւյալ ձեւակերպումը. «թեստերը հիմնականում անըմբռնելի են, հատկապես դա վերաբերում է հայոց լեզվի եւ գրականության, մաթեմատիկայի առարկաներից կազմված թեստերին»: Այստեղ մենք վկայակոչում ենք ուսուցիչների այն հայտարարությունը, որ թեստերում կան նաեւ հարցեր, որոնք ուսումնական ծրագրերից դուրս են: Այն, որ թեստերը կատարյալ չեն եւ փորձաքննություն ըստ էության չեն անցել, վկայում է այն փաստը, որ գիտության եւ կրթության նախարարությունը թեստային որոշ առաջադրանքներ չեղյալ է համարել, դրանք քննության արդյունքների վրա չեն ազդելու: Եվ, առհասարակ, այս ընդունելության քննության արդյունքների միջին միավորը զգալիորեն նվազել է նախորդ տարվա համեմատությամբ: Նվազել է նաեւ բարձր (գերազանց) գնահատական ստացողների թիվը: Ի՞նչ է, թեստավորման փորձաքննության պահանջները խիստ մենաշնորհային բնո՞ւյթ են կրում: Արդյո՞ք սա չի վկայում այն մասին, որ գիտության եւ կրթության նախարարությունը հապճեպություն է դրսեւորել, ասես, ամեն գնով՝ կախարդական փայտիկի մեկ հարվածով, հայտնվելու համար առաջատար երկրների կրթական հեղինակությունների շարքում: Չենք կարծում, որ ուսումնական մեկ տարում մեր դպրոցական կրթությունն այդպիսի հսկայական նահանջ է ապրել, իսկ թեստավորման նորամուծությունը եկել եւ մերկացրել է այդ քողարկված ճեղքը:

Այդուհանդերձ, մեր մասնագիտական եւ քաղաքացիական պարտքն ենք համարել հնչեցնել այսպիսի քննական շրջանի հետեւանքով առաջացած աղաղակող երեւույթ, որն ուղղակիորեն առնչվում է մատաղ սերնդի հոգեկան նուրբ «մատերիայի»՝ առողջության հետ: Սա կարելի է անվանել արտակարգ իրավիճակ, երբ շրջանավարտի մտավոր կարողություններում, ուսումնական գիտելիքներում սերմանվում է անվստահություն իր իսկ անձի հանդեպ: Ընդ որում՝ այս իրավիճակն ավելի է սրվում, երբ քննության օրվանից մոտ մեկ ամիս առաջ սկսվում են շրջանառվել լուրեր, թե միջին միավորը 10,5-ից բարձր չի լինելու: Խոսքն այն դպրոցավարտների մասին է, ովքեր տարիների ընթացքում ձեռք են բերել եւ ամրապնդել խորը գիտելիքներ, մտավոր հմտություններ եւ ուսումը շարունակելու բարձր մոտիվացիա: Ինքնին քննությունը սթրեսածին իրավիճակ է քննվողի համար: Եթե օբյեկտիվորեն այս դեպքում պահպանվում է սոցիալական արդարությունը, ապա կյանք մտնող երիտասարդն աշխատանք է տանում գիտելիքների կատարելագործման ուղղությամբ, նրանում մեծանում է մասնագետ դառնալու մոտիվացիան: Ցավով պետք է նշենք, որ 2009 թ. քննական շրջանը մեր ազգաբնակչության շրջանում առաջ է բերել հոռետեսություն, ապագայի հանդեպ անվստահություն, պատանիների մոտ օտարացում՝ գիտելիքների ոլորտում արդար մրցակցության նկատմամբ: Մեր խորին համոզմամբ, հայտնվել ենք սոցիալական ցնցման տիրույթում, ուր առաջացել է, այսպես կոչված, դպրոցական-իշխանություն- դպրոցական կրթական համակարգ բեւեռացում: Կասկածի տակ է հայտնվել դպրոցի մշակը՝ ուսուցիչը: Գաղտնիք չէ, որ մեզանում դպրոցի բարեփոխումները ընթացքի մեջ են, սակայն այնտեղ իրապես խաթարվել է ուսուցման հոգեբանությունն ու մանկավարժությունը. ավագ դպրոցը արմատական բարեփոխումների կարիք ունի: Եվ թեստավորման այսպիսի մոտեցմամբ ավելի մեծ վնաս ենք հասցնում հանրակրթական դպրոցի հեղինակության վերականգնմանը, այդ թվում նաեւ ուսուցչի համբավին, իսկ դա երբեք օգնության ձեռքմեկնում չէ դպրոցին, այլ ընդամենը վերահսկիչ, վերստուգիչ, մեկուսի, դպրոցից անկախ սոցիալական ինստիտուտ:

Անհրաժեշտ ենք համարում ստեղծված սթրեսածին իրավիճակում ստեղծել անաչառ, անկեղծ համաժողովրդական երկխոսության դաշտ, ուր առայժմ մուտք են գործում առանձին անհատներ, որոնք սթրեսածին իրավիճակի անմիջական ազդեցության կրողներն են: Անգամ եթե այսօր հանդարտվեն կրքերը քննաշրջանի շուրջ, միեւնույն է, նրա թողած հետքերը մատաղ սերնդի հոգեկան առողջության վրա խորն են, եւ սա մեղմելու համար անհապաղ պետք է խիզախել՝ սկսել երկխոսություն, որի նախաձեռնողը պիտի լինի իշխանությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել