ՀՀ Սփյուռքի նախարարության ատյանի երեկվա նիստում որոշվել է ստեղծել նախարարության պարգեւների համակարգ: Այսուհետեւ նախարարությունը այս կամ այն անհատի, կազմակերպության վաստակը կարող է գնահատել՝ նրանց պարգեւելով ՀՀ Սփյուռքի նախարարության ոսկե մեդալ, «Վիլյամ Սարոյան», «Պողոս Նուբար», «Կոմիտաս», «Արշիլ Գորկի» մեդալներ, ՀՀ Սփյուռքի նախարարության պատվոգիր, պատվո դրոշ եւ շնորհակալագիր: Եթե Հայաստան-Սփյուռք հարաբերությունները լուսաբանած ԶԼՄ-ների աշխատանքը նախարարության սրտով լինի՝ լրագրողները եւս կպարգեւատրվեն: Լրագրողական աշխատանքների մրցույթի մասին նախարարությունը նախապես կտեղեկացնի:
Հիշեցնենք, որ Սփյուռքի նախարարությունն արդեն մի շարք խորհրդանիշներ ունի, այս պահին փորձում է Հայաստան-Սփյուռք գործակցության օրհներգ ընտրել: ՀՀ Սփյուռքի նախարարությունը «ամենախորհրդանշական» գերատեսչությունն է: