Տնտեսական ճգնաժամի պատճառով հետաձգվել են Սյունիքի մարզի մի շարք դպրոցների հիմնանորոգման աշխատանքները: 2009 թվականի պետբյուջեից մարզի 6 դպրոցի հիմնանորոգման համար ընդամենը 557,8 միլիոն դրամ գումար է նախատեսված, սակայն այսօր միայն 220 միլիոնի աշխատանքներ են իրականացվում՝ նախորդ տարիներից դեռեւս նորոգումը չավարտված 2 ուսումնական հաստատություններում՝ Սիսիանի տարածաշրջանի Սառնակունք գյուղի դպրոցում եւ Կապանի թիվ 3 կրթահամալիրում:
Ըստ Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանի` մնացած 337 միլիոն դրամի աշխատանքները, կառավարության համապատասխան որոշմամբ, կասեցված են, իսկ այս տարի դպրոցաշինության համար նախատեսված գումարը, նախորդ տարիների համեմատությամբ, բավական քիչ է: Ուստաբաշյանի խոսքով, կասեցված գումարը կհատկացվի տարվա չորրորդ եռամսյակում եւ մասնակի կվերանորոգվեն Սիսիանի Որոտան եւ Գորիսի Խնածախ գյուղերի դպրոցները, ինչպես նաեւ Կապանի թիվ 2 հատուկ եւ թիվ 10 դպրոցները: