Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԱՐԿ ԵՎ ՊԱՀԱՆՋ՝ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ

Հունիս 25,2009 00:00

\"\"Երեւանում երիտասարդներին արգելել են ցուցապաստառներով դիմավորել Վրաստանի նախագահին, բայց բողոքի հայտարարություններ արվել են:

Վրաստանի նախագահի Հայաստան այցից մեկ օր առաջ Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը Հայաստանի եւ Վրաստանի նախագահներին նամակ է հղել, որում անդրադարձել է Ջավախքի խնդիրներին: Նամակագիրները բարձրաստիճան ղեկավարների երկխոսություններն ու հանդիպումները համարում են տարբեր երկրների ու ժողովուրդների միջեւ ծագած խնդիրների լուծման բանալի ու միաժամանակ նկատում, որ Ջավախքի հայ բնակչության նկատմամբ կիրառվում են այնպիսի գործողություններ, որոնք ուղղված են հայաթափման ճանապարհով արհեստականորեն ազգային կազմը փոխելուն, ոտնահարվում են տեղացիների ազգային ու քաղաքացիական գրեթե բոլոր իրավունքները: «Ոչ միայն Վրաստանը, այլ նաեւ Հայաստանն է տեղաբնակների ազգային արժեքների պահպանման ու զարգացման երաշխավորը, քանզի այն ջավախահայերի հոգեւոր հայրենիքն է: Եվ որպեսզի բացառվեն նման անցանկալի երեւույթները, եւ որպեսզի համապատասխան միջոցառումներ մշակվեն ու ամրագրվեն համարժեք օրենքներով, անհրաժեշտ է երկու նախագահների անմիջական հսկողության առկայությունը: Խնդիրների հիմնական մասը գոյություն չէր ունենա, եթե ժամանակին համապատասխան քայլեր ձեռնարկվեին: Խնդիրները բարձիթողի վիճակում \"\"թողնելը կամ ներկայիս ձեւով առաջ տանելը կնպաստի անկանխատեսելի իրավիճակներ առաջանալուն եւ կվնասի Վրաստանի անվտանգությանը, բազմազգ քաղաքացիների փոխհանդուրժողականությանը, նաեւ ժողովուրդների համերաշխությունն ապահովելուն ուղղված աշխատանքներին: Առաջարկում ենք ստեղծել համատեղ միջպետական հանձնախումբ, որի նպատակը պետք է լինի ուսումնասիրել տեղում տիրող իրավիճակը եւ երկու երկրների ղեկավարներին ու խորհրդարաններին առաջարկություններ ներկայացնելը: Առաջարկում ենք Եվրախորհրդի «Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին» շրջանակային համաձայնագրի ոգուն համահունչ պայմանագիր կնքել, որով երկուստեք պարտավորություններ կստանձնեն համախումբ եւ ավանդաբար ապրող հայության ֆիզիկական, ազգային, հոգեւոր, կրթական եւ մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումն ապահովող գործողությունների վերաբերյալ, եւ կմշակեն ծրագրեր այդ համաձայնագրով նախատեսված պարտավորությունները իրականացնելու նպատակով»,- ասվում է նամակում:

Իսկ մինչ այս նամակը կհասնի նախագահներին, նոր խնդիրներ են առաջանում: «Ա-Ինֆո» գործակալությունը տեղեկացնում է, որ հայ ուսուցիչներին Հայաստանում վերապատրաստվել գալը խոչընդոտելուց հետո, Վրաստանի հատուկ ծառայությունները լրագրողներին են ստիպում չաշխատել եւ տեղի ունեցածի մասին տեղեկություններ չտարածել: «ԱԱ ծառայության նման անհարկի եւ անկոչ միջամտությունը տեղական լրատվամիջոցների գործունեությանը՝ մեկ անգամ եւս փաստում է, որ Սամցխե-Ջավախքում լրագրողների նկատմամբ ակնհայտ ոտնձգություններ են կատարվում, եւ որ այս ոլորտի մասնագետներն իրականում անպաշտպան են: Եվ եթե մոտ ապագայում նման գործողությունները կանխարգելող միջոցառումներ չկազմակերպվեն, ապա շատ հնարավոր է, որ տեղում գործող լուրջ լրատվամիջոցներ չմնան կամ հրապարակումների խմբագրման աշխատանքները վերապահվեն հենց այդ կառույցներին»,- եզրակացնում է «Ա-Ինֆոն»:

Երեւանում մի խումբ երիտասարդներ Հայաստանի նախագահի նստավայրի մատույցներում «դիրքավորվել» են՝ Վրաստանի նախագահին բողոքի ցուցապաստառներով դիմավորելու համար: Ոստիկանները խափանել են ակցիան: Տուժածներ չկան:

Սահակաշվիլու այցի առթիվ հայտարարություն է տարածել նաեւ «Հայ կամավորականների համախմբում» ազգային քաղաքական նախաձեռնությունը, որի կազմում են Ժիրայր Սեֆիլյանը եւ նրա ընկերները: Կամավորականները նկատում են. «Իրագործելով Ջավախքը հայաթափելու պետական ծրագիր, Վրաստանի իշխանությունները 2008 թվականին ձերբակալեցին «Միասնական Ջավախք» կազմակերպության ղեկավարներից Վահագն Չախալյանին եւ ապօրինի մեղադրանքով դատապարտեցին տասը, իսկ Գուրգեն Շիրինյանցին հեռակա` տասնյոթ տարվա ազատազրկման: Ըմբոստ եւ վճռական կեցվածքով այդ երիտասարդները եւ նրանց ընկերները պայքարում են Ջավախքում բնակվող հայերի արժանապատիվ կյանքի համար: Նրանք մարմնացումն են ազատատենչ եւ ոգեղեն Հայ մարտիկի: Նույն տերերին ծառայող Հայաստանի եւ Վրաստանի նախագահների պաշտոնները զբաղեցնող անձինք, որոնք չեն վայելում ժողովրդի վստահությունը, սերն ու հարգանքը, հունիսի 24-ին պետք է հանդիպեն Երեւանում: Սերժ Սարգսյանին հրաշալի առիթ է ընձեռվել, մեկ անգամ եւս իր իշխանությունը երկարաձգելու նպատակով, քծնանքի միջոցով սիրաշահելու Սահակաշվիլիին եւ նրա արեւմտյան տերերին: Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները հետախուզում են հայտարարել Վրաստանում փնտրվող Գուրգեն Շիրինյանցին: Որեւէ կասկած չպետք է ունենալ այս ռեժիմի այլասերվածության մասին, քանի որ Գուրգեն Շիրինյանցին հայտնաբերելով, նրան կհանձնեն Վրաստանի իշխանություններին: Դատապարտում ենք ՀՀ իշխանությունների նման կեցվածքը եւ կոչ ենք անում իրավապահ համակարգին՝ անտեսել ազգադավ եւ տմարդի հրամանի կատարումը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել