Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքնահաստատման ձգտումները»՝ մուրճով եւ դանակով

Հունիս 25,2009 00:00

Վայոց ձորի մարզի դատախազության կողմից օրեր առաջ ներկայացվեցին 2008 թ. ընթացքում անչափահասների շրջանում ձեւավորված հանցավորության վիճակի, նրանց կողմից կամ մասնակցությամբ կատարված հանցագործությունների կառուցվածքի, դրանց կատարմանը նպաստող հանգամանքների ուսումնասիրությունները:

Ըստ այդ ուսումնասիրությունների, մարզի տարածքում արձանագրվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների 7 դեպք, որոնք կատարել է 10 անչափահաս: 2005-2007թթ. այս նույն մարզի տարածքում արձանագրվել էր 11 անչափահասի կողմից կատարված հանցագործության ընդամենը 10 դեպք, ընդ որում՝ 3-ական դեպք կատարվել էր, համապատասխանաբար, 2005 եւ 2006 թթ., իսկ 4-ը՝ 2007 թ. ընթացքում:

Առողջությանը վնաս պատճառելու 7 դեպքից 2-ը կատարվել է դանակի եւ մուրճի գործադրմամբ: Ըստ դատախազության, «Նշված դեպքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ անչափահասների կողմից դրանց կատարումը հիմնականում պայմանավորված է եղել վերջիններիս ինքնահաստատման ձգտումներով»:

Պարզվել է, որ հանցագործություն կատարած 10 անչափահասից 8-ը եղել է 13-16, իսկ 2-ը՝ 17 տարեկան:

Բերվել է, մասնավորապես՝ Ջերմուկ քաղաքի բնակիչ, 1991թ. դեկտեմբերի 18-ին ծնված Ս. Ա.- ի օրինակը: Նա հանցագործությունը կատարելու պահին գտնվել է պրոֆիլակտիկ հաշվառման մեջ: Առաջին անգամ հաշվառվման վերցվել գողություն կատարելու համար, իսկ երկրորդ անգամ հաշվառման է վերցվել 2006թ. դեկտեմբերի 25-ին՝ խուլիգանական վարքագիծ դրսեւորելով՝ տարեց անձի ծեծի ենթարկելու համար: «Սովորելով» Ջերմուկի թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ չի մասնակցել ավարտական քննություններին եւ 8-ամյա կրթության վկայական չի ստացել: Ս. Ա.-ն 2008թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 22.20-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի 12-րդ շենքի բակում վիճաբանել է անչափահաս, 1993թ. ծնված Գ. Ա.-ի հետ, որի ընթացքում մուրճով հարվածել է վերջինիս: Մյուս անչափահասը 1990թ. նոյեմբերի 16-ին ծնված՝ Կեչուտ գյուղի բնակիչ Պ. Կ-ն է: Նա 2008թ. հուլիսի 15-ին, ժամը 13-ի սահմաններում, իր հորը՝ Կ. Ա.-ին պատկանող ՎԱԶ 2105 մակնիշի 14 ՏԼ 749 պ/հ ավտոմեքենայով, առանց վարորդական իրավունքի վկայականի, երթեւեկել է Մ-2-Ջերմուկ ավտոճանապարհի 21-րդ կմ-ով՝ դեպի Ջերմուկ: Նշված հատվածում թույլ է տվել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջներին հակասող գործողություններ, ինչի հետեւանքով վրաերթի է ենթարկել Ս. Ա.-ին՝ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Այսինքն՝ Պ. Ա.-ն կատարել է արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով: Նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ դիմողի բողոքի բացակայության պատճառաբանությամբ:

Ուսումնասիրվող ժամանակահատվածում հանցագործություն կատարած մյուս երեք անչափահասները եղել են Վայք քաղաքի բնակիչներ: Նրանցից մեկը՝ 1994թ. հունիսի 7-ին ծնված Ռ. Մ.-ն արարքը կատարելու պահին սովորել է Վայքի թիվ 2 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում: Ընդհանուր առմամբ՝ բնութագրվել է դրական, սակայն աչքի է ընկել անբավարար վարքով եւ հաճախակի անկարգություններ կատարելով:

2008 թ. ապրիլի 28-ին, ժամը 14-ի սահմաններում, մյուս անչափահասները՝ Ռ. եւ Մ. եղբայրները եւ Մ. Ս.-ն ծեծի են ենթարկել 1994թ. ծնված Հ. Ս.-ին: Անչափահաս եղբայրները ծեծել էին Հ. Ս.-ի մորը՝ Ա. Գ.-ին, ով փորձել է երկու եղբայրների ծնողներից պարզաբանել, թե ինչու են նրանց երեխաները ծեծի ենթարկել իր որդուն:

Մեկ այլ դեպքով, 1992թ. հոկտեմբերի 16-ին ծնված Կ. Գ.-ն (Մալիշկայի թիվ 2 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանցի), մտնելով Եղեգնաձոր քաղաքի բնակիչ Գ. Ա.-ին պատկանող առեւտրի սրահ, բացել է այնտեղ գտնվող պահարանի փակ դուռը եւ գաղտնի հափշտակել 5000 դրամ գումար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել