Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՆԱԼՈՒ

Հունիս 25,2009 00:00

«Տաշիր» առեւտրի կենտրոնի հարակից տարածքից՝ տարել էին ԱԱԾ վարչական շենք

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Ավետիսյանի վարույթում են գտնվում Գեւորգ Ահարոնյանի եւ Հայկ Աբրահամյանի քրեական գործերը: Ընդ որում, Գ. Ահարոնյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է ապրիլի 10-ին, իսկ Հ. Աբրահամյանի նկատմամբ՝ մարտի 3-ին:

Երկուսն էլ զբաղվել են արտարժույթի վաճառքով՝ դրա համար չունենալով համապատասխան լիցենզիա: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Լ. Հովհաննիսյանի, Գ. Ահարոնյանը «փորձ է արել զբաղվել» 100 000 դրամը գերազանցող 326 000 դրամի փոխանակմամբ: Նա մի քաղաքացուց վերցրել է 1000 դոլար, եւ, ըստ մեղադրանքի կողմի գնահատման. «Չի կատարել փոխանակում եւ չի կարողացել ավարտին հասցնել սկսած հանցագործությունը, քանի որ նույն պահին բռնվել է նշված տարածքում Ազգային անվտանգության աշխատակիցների կողմից»:

«Դարի հանցագործությունը» կատարած Գ. Ահարոնյանը, ըստ գործի նյութերի, «զղջացել է կատարած հանրորեն վտանգավոր արարքի համար»: Հասկանալի է, որ Գ. Ահարոնյանը «խփել» է ըստ էության «Տաշիրի» տարածքում գործող «ԲՏԱ բանկ» տարադրամի փոխանակման կետի գործին, ինչն էլ չի վրիպել ամենազոր անվտանգության աշխատակիցների աչքից: «Հանցագործին»՝ 2 երեխաների հորը (երբեք չդատված) տարել են Երեւան քաղաքի ԱԱԾ վարչական շենք:

ԱԱԾ վարչական շենք էր տարվել նույն մեղադրանքով նաեւ Հայկ Աբրահամյանը: Գործազուրկ, նախկինում չդատված, ամուսնացած Հայկ Աբրահամյանը «Տաշիր» առեւտրի կենտրոնի դիմաց զբաղվել է արտարժույթի փոխանակմամբ: Նա էլ չի ունեցել արտարժույթի փոխանակման համար պահանջվող լիցենզիա եւ կատարել է «հանրորեն վտանգավոր արարք». 456 360 դրամը փոխանակել է 1480 ԱՄՆ դոլարով:

ԱԱԾ-ում բացատրություն տալով կատարվածի մասին, Հայկը ասել էր, որ 9 տարի տառապում է շաքարային դիաբետ հիվանդությամբ, չունի աշխատանք: Ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ այս «հանցագործի» գործով միակ վկան օպերլիազոր Արմեն Սահակյանն է: Վերջինս ասել է, որ Հայկը առանց թույլտվության, առանց պետական գրանցման ապօրինի գործունեություն է ծավալել:

Հայկը նույնպես զղջացել է եւ սպասում է դատավճռի հրապարակմանը: Եթե նկատի ունենանք, որ երկուսն էլ բռնվել են մինչեւ հունիսի 1-ը եւ նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել մինչ այդ, ապա կանխատեսելի է, որ նրանք նույնպես կընկնեն «Համաներման որոշման» տակ: Եթե, իհարկե, գործի՝ «բոլորը հավասար են օրենքի առաջ, բոլորը հավասար են համաներման առաջ» սկզբունքը:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել