«Արաբկիր» բժշկական կենտրոնում արդեն սկսվել են «նապաստակի շրթունք» եւ «գայլի երախ» բնածին արատներով ծնված երեխաների ու մեծահասակների անվճար վիրահատությունները: Ծրագիրն իրականացնում է շահույթ չհետապնդող «Ժպիտ» միջազգային կազմակերպությունը: Վիրահատությունները կատարում է ԱՄՆ-ից ժամանած մասնագետների խումբը: Նախօրեին բուժկենտրոնում տեղի ունեցած միջոցառման ժամանակ «Ժպիտ» նախագծի հիմնադիր տնօրեն Մադլեն Մինասյանը հայտնեց, որ ծրագրել են առաջիկա հինգ տարիների ընթացքում Հայաստանում լուծել շուրթի եւ քիմքի ճեղքվածքի հետ կապված խնդիրները:
Այս փուլում նախատեսվում է վիրահատել 50-55 հոգու: Միջոցառմանը ներկա առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանն էլ նշեց, որ ինչպես բոլոր երեխաները, այնպես էլ այսպիսի արատ ունեցողները ծնվում են գեղեցիկ, սակայն նրանց գեղեցկությունը երեւում է միայն վիրահատական միջամտությունից հետո. «Նման վերականգնողական վիրահատությունների ընթացքում մարդիկ ձեռք են բերում ժպիտ, իսկ վերջինիս հետ՝ նաեւ նոր ընկերներ եւ հնարավորություններ»: