Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակում է իր ուսումնասիրության արդյունքները
Մանկատան տնօրենը վստահ է, որ իր գլխին «սարքում» են:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ վերջերս կատարած ստուգումների արդյունքում աշխատանքից ազատվել էր Գյումրիի «Հույս» մանկատան տնօրեն Ռուբեն Մարկոսյանը: Նախարարությունից պարզաբանում են, որ նա խախտել է երեխաների ապրելու ու սնվելու իրավունքը, այդուհանդերձ՝ Ռուբեն Մարկոսյանը շարունակում է պնդել, որ դա կուսակցական խաղ է, իրեն «անտակտ» ձեւով պաշտոնազրկել են գործազուրկ ԲՀԿ-ական Անահիտ Կարապետյանին աշխատատեղով ապահովելու նպատակով: «Եթե ինձանից ներողություն խնդրեն, կանգնեն ու անկեղծ ասեն, որ ինձ հասցեագրված մեղադրանքները շինծու են, որ ինձ պաշտոնազրկել են իրենց մարդուն տեղավորելու համար, թող ոտքով-գլխով էդ պաշտոնը իրենց լինի, ես կհրաժարվեմ դատարան դիմելու մտադրությունից: Բայց ամոթ է՝ չպիտի էդքան ցածրանային, որ Ռոմիկ Մանուկյանի նախկին մամլո քարտուղարի՝ վարկաբեկված Հասմիկ Մելքոնյանի միջոցով Գյումրիում ասեկոսեներ տարածեին, թե իբր ես եւ Վարդան Ղուկասյանը մանկատան անչափահաս սաներից մեկին ուղարկել ենք Դուբայ՝ մարմնավաճառությամբ զբաղվելու: Բերանս չի էլ բացվում կրկնեմ: Ի՞նչ է՝ շնորհակալության փոխարեն էսպիսի վարկաբեկումներով պիտի ինձ աշխատանքից հեռացնեին: Հանձնաժողովը մանկատան սաների հետ վարվեց ստալինյան մեթոդներով, աչքիս առաջ եկավ 37 թիվը, երեխաներին առանձին-առանձին տանում ու հարցաքննում էին՝ ինչպե՞ս է ձեր վիճակը, սնունդը, հագնվելը, երեխաները պատասխանում էին՝ շատ լավ է, ասում էին՝ սուտ եք խոսում, ձեզ սովորեցրել են: Հետո էլ աշխատողներիս են ահաբեկել, թե ինչո՞ւ եք սովորեցրել, աշխատողներս ասել են՝ մենք ի՞նչ գիտեինք՝ դուք պետք է գայիք, որ սովորեցնեինք, դուք պատահական ներս մտաք, ոնց որ քաղաք պիտի գրավեիք, դեսանտ էիք իջել: Իմիջիայլոց, էդ կնոջ ամուսինն էլ առանց աշխատանքի է, էնպես որ՝ սպասենք, տեսնենք, թե հաջորդ հիմնարկը որը պտի քայքայեն, որ Մուրադը աշխատի: Զրպարտիչներն էլ Աստծուց կստանան, ոչ մի զրպարտիչ հլը հանգիստ չի մնացել՝ սկսած շների համար դոշ տվող էդ երջանկահիշատակ կնոջից՝ Հասմիկ Մելքոնյանից, վերջացրած ամենահիմնական խառնակչով՝ Գեւորգ Ալեքյանով (խոսքը մանկատան փոխտնօրենի մասին է – Ն. Ա.)»,- վիրավորված է Ռուբեն Մարկոսյանը: Նա նաեւ վրդովված է, որ իր դեմ ութ երեխայից ստորագրահավաք են կազմակերպել, նրանք էլ, բովանդակությանը չծանոթանալով, ստորագրել են:
Նախկին տնօրենի համար նաեւ անհայտ է մնացել, թե ինչպես եղավ, որ նախարարը՝ Գեւորգ Պետրոսյանը, հունիսի 1-ին այցելելով մանկատուն, հիացավ, իրենից շնորհակալություն հայտնելով հեռացավ, իսկ երկու օր անց զանգեցին ասին՝ դիմումդ բեր: «Էս ի՞նչ շոու է, ամենահեշտ վարկաբեկվող հիմնարկները նրանք են, որտեղ սնունդ կա, երեխա կա, բայց եկեք նայենք, թե այս պատմությունից ով ամենից շատ տուժեց: Գիտեք, ես շատ չտուժեցի, տուժեցին երեխաները, այ, հիմա լրագրողները հիմնարկ կմտնեն, թերթում հոդված կտպվի, անդորրը կխանգարվի: Էս երեխաները էսպես թե էնպես ծնող կորցրած են, ես տասը տարի իրենց համար ծնող եմ եղել, անկախ էն հերյուրանքներից, որոնք իմ մասին տարածում է Հասմիկ Մելքոնյանը: Գիտեք՝ ես ինչ տանջանքներով եմ մանկատան երեխաներին կերակրել. քաղաքապետարանի դոտացիան ուշ էր գալիս, Ղուկասյան Վարդանն ինձ ուղարկում էր շուկա, սննդամթերք էի ճարում, տանում երեխաներին կերակրում էի: Էդ ժամանակ թող գային, կողքս կանգնեին, ասեին՝ դու մի աշխատի, մենք կգնանք մուրացկանություն կանենք, երեխաներին սնունդ կճարենք: Ո՞նց որ հիմա եկան, որովհետեւ արդեն պատրաստի, կայացած տուն է, մնացել է միայն վայելեն»,- ասաց մանկատան նախկին տնօրենը՝ վստահեցնելով, որ ստուգումների արդյունքում ոչ մի արձանագրություն չի կազմվել:
Իսկ ստուգումներն իրականացնող հանձնաժողովի նախագահը՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարի խորհրդական Հայկ Մուրադյանը, «Առավոտին» ներկայացրեց նախարարության կազմած արձանագրությունից մի քանի խախտումներ: «Մեր ստուգումների օրը մանկատան 71 սաներից 30-ը բացակա էին, ընդ որում, գլխավոր մատյանում նրանց բացակայության մասին ոչ մի գրանցում արված չէր, ոչ մի հիմք, թույլտվություն չկար: Տնօրենի պարզաբանմամբ, 17–ը գնացել էին Երեւան՝ հաղորդման մասնակցելու, իսկ մնացածից, որոնք հիմնականում 16-17-18 տարեկան էին, տնօրենը ոչ մի տեղեկություն չուներ: Միգուցե նրանք գնացել էին գողությամբ, ավազակությա՞մբ զբաղվելու: Այնուհետ «Գնումների մասին» օրենքի ոչ մի հոդված, ոչ մի տառ պահպանված չէր: Թարմ կաթի փոխարեն տնօրենը ստացել էր ժամկետանց՝ թթված կաթ, որը ներառվել է ճաշացանկում: Պահեստում առկա էր ժամկետանց ապրանք՝ առանց նշումների, թե ինչ ապրանք է, որտեղից է բերվել, հետո հայտնաբերեցինք, որ բորբոսնած կաթնաշոռ է: Բարձր որակի մսի փոխարեն հայտնաբերել ենք աղացած մսի խառնուրդ՝ ծագումն ու ժամկետը հայտնի չեն, զուրկ էր սանիտարահիգիենիկ պայմաններից: Պահեստում հայտնաբերել ենք ժամկետանց «Աֆտաբ» յուղ, նրբերշիկ: Կարագի փոխարեն օգտագործվել է բուսական յուղի եւ կենդանական ճարպի խառնուրդ: Բուժկետերում առկա էր ժամկետանց դեղորայք: Սննդի պահեստում առկա էին կրծողներ, թակարդներ էին դրված: Ճաշացուցակում սննդի կալորիականության մասին ոչ մի նշում չի եղել, 5 եւ 18 տարեկան երեխաները սնվել են նույն չափաքանակով: Երեխաների հաշվառում չի կատարվել, ներկա-բացակա չի արվել, մինչդեռ մենյուն պատրաստվում է ըստ երեխաների թվի: Մատյանները չեն կնքվել, տնօրենի նախաձեռնությամբ երեխաներին դիտավորյալ հաշվառել են մատիտով, որպեսզի ամեն վայրկյան կարողանան ռետինով ջնջել ու թաքցնել բացականերին, այդպիսի ջնջումներով մատյաններ, որպես փաստացի ապացույց, ինձ մոտ կան: Սա է իրականությունը, այս բոլորը նկարահանված է. այսքանից հետո ի՞նչ կուսակցական խնդիր կարող է լինել: Բացի այդ՝ նախարարը մանկատան ութ երեխաներից բողոք է ստացել, որ նրա շունը երեխաների հետ հավասար սեղան է նստում ու նույն ամանից հաց ուտում: Տղա երեխաներից բողոք կա, որ վերջին անգամ հագուստ ստացել են երկու տարի առաջ: Նախարարությունը Անահիտ Կարապետյանին որպես տնօրենի պաշտոնակատար է նշանակել, հետո մրցույթ կհայտարարենք, կտեսնենք՝ ով կընտրվի: Մենք նախարարության ենթակայության տակ գտնվող տասը հիմնարկներ ենք ստուգել՝ գիշերօթիկ դպրոցներ, ծերանոցներ, մանկատներ ու նպատակ ենք դրել ազատվել ոչ կոռեկտ ու ոչ կոմպետենտ ղեկավարներից, որպեսզի անտեր, խեղճացած մարդուն չզրկեն սնվելու, ապրելու իրավունքից, որպեսզի պաշտպանված լինեն նրանց իրավունքները: Մեզ հանդեսներ պետք չեն, մենք պատահական ենք գնալու ստուգման, որպեսզի մեր աչքով տեսնենք ու համոզվենք՝ պաշտպանվա՞ծ են այս մարդիկ, թե՞ ոչ: Նախարարության տակ գտնվող հիմնարկները ղեկավարելու ենք ոչ թե պուլտով՝ կաբինետներում նստած կամ երկրորդ, երրորդ ձեռքից ինֆորմացիա ստանալով, այլ իրավիճակը սեփական աչքերով տեսնելով: Այն տնօրենները, որոնք նորմալ կաշխատեն, մեր հետ ճանապարհ կգան, ովքեր չեն աշխատի՝ ցտեսություն կասենք»: