Օրերս «Առավոտին» էին դիմել Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության աշխատակիցները, որոնք դժգոհում էին ընկերությունում իրականացվող հերթական կրճատումներից: Այս անգամ կրճատվել է մոտ 250 աշխատակից: «Առավոտի» հետ զրույցում «Դինո գոլդ մայնինգ քամփնիի» կրճատված աշխատակիցների ներկայացմամբ. «Գործարանի ղեկավարությունը կառավարության հետ պայմանավորվել էր, որ կրճատումներ չի անի, խոստացել էր, որ մենք, այնուամենայնիվ, կաշխատենք, բայց, փաստորեն, 200 հոգի արդեն կրճատել է: Տարվա սկզբին պատճառաբանում էին, որ պղնձի միջազգային գները, դոլարի ցածր կուրսը վնասում են իրենց աշխատաքին ու իրենք «տակ են» տալիս: Հիմա էլ հո դոլարի կուրսը բարձրացել է, պղնձի գներն էլ բարձրացել են, հիմա ինչո՞ւ են «տակ տալիս»: Իսկ ճգնաժամն ու դոլարի կուրսը Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի վրա չի՞ ազդում, ինչո՞ւ իրենց մոտ կրճատումներ չեն լինում: Որովհետեւ շատ ճիշտ մենեջմենտով են աշխատում: Կապանի բնակչության 90 տոկոսը գործարանի հույսին է: Չենք պատկերացնում, թե ոնց ենք յոլա գնալու: Գոնե կառավարությունը մի բան մտածի, թե չէ լրիվ անտեսել են մարզերը»:
Այս առնչությամբ՝ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության համայնքի ու հանրության հետ կապերի պատասխանատու Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը «Առավոտի» հետ զրույցում հաստատեց, որ ձեռնարկությունում մոտ 250 աշխատակից կրճատվել է: Ըստ Ռուբինա Տեր-Մարտիրոսյանի՝ «Կրճատված աշխատակիցների մի մասի աշխատանքային պայմանագրի ժամկետն արդեն լրացել է, որոշ մասին էլ, ինչպես օրենքն է պահանջում, նախապես ծանուցագիր ենք ուղարկել եւ զգուշացրել, որ պետք է հերթական կրճատումներ արվեն: Կրճատվել են նաեւ նրանք, ովքեր նախորդ տարվա նոյեմբերին պետք է կրճատվեին, սակայն կառավարության հետ պայմանավորվածության հիման վրա այդ գործընթացը մի քանի ամսով հետաձգեցինք: Բացի այդ, ամբողջությամբ փակվել է գործարանի հետախուզության բաժինը: Կրճատվածների ընդհանուր թիվը կազմում է 249 հոգի»: Հիշեցնենք, որ «Դինո գոլդ մայնինգ քամփնին» պատկանում է «Dandee Precious Metals» կանադական ընկերությանը: