Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական անկումը ԱՄՀ-ին հանգիստ չի տալիս

Հունիս 25,2009 00:00

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) խիստ անհանգստացած է Հայաստանում առաջին հինգ ամիսներին արձանագրված տնտեսության անկման 15,7% ցուցանիշով: Այս մասին երեկ ասուլիսում ասաց ԱՄՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար Նինկե Օմեսը: Նրա կարծիքով, նման կտրուկ անկման պատճառը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանից ստացվող տրանսֆերտների կրճատմամբ, ու նաեւ երկրում շինարարության տեմպերի նվազմամբ: Հիշեցնենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանի տնտեսական աճը կազմել է 9,8%:

Ն. Օմեսը տեղեկացրել է, որ ԱՄՀ-ի վարկի մի մասը՝ $158 մլն, Հայաստանը կստանա մինչեւ շաբաթվա վերջ: Նշենք, որ ԱՄՀ-ն մեր երկրի համար նախատեսված վարկը $ 540 մլն-ից ավելացրել էր մինչեւ $822 մլն 700 հազար՝ Հայաստանի աճող ֆինանսական կարիքները հոգալու համար: ԱՄՀ ներկայացուցիչը նաեւ կանխատեսումներ է արել 2009-ին Հայաստանի տնտեսական ցուցանիշների վերաբերյալ: Ըստ այդմ, Հայաստանում տնտեսական անկումը չի գերազանցելու 9,5%-ը, իսկ գնաճի միջին ցուցանիշը կկազմի 3%: Միաժամանակ, ըստ Ն. Օմեսի, դժվար է որեւէ կանխատեսում անել, «քանի որ անհայտ է, թե առաջիկայում նավթի համաշխարհային գները ինչ փոփոխության կենթարկվեն»:

Ըստ Ն. Օմեսի, Հայաստանի ազգային արժույթի կտրուկ արժեզրկման հետեւանքով կանխատեսվում էր գների կտրուկ աճ, սակայն, համաշխարհային շուկայում ապրանքների պահանջարկի անկման պատճառով, նման բան տեղի չունեցավ: ԱՄՀ ներկայացուցիչը անդրադարձել է նաեւ Հայաստանի արտաքին պարտքի խնդրին: Ն. Օմեսի ներկայացմամբ, 2011-ին ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցությունը կլինի 46%, որը «նորմալ կառավարելի մակարդակ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել