Մի քանի տարի է, ինչ Կադաստրի պետական կոմիտեն պետական ֆինանսավորում չի ստանում, այդ պատճառով էլ կոմիտեում որոշել են գոյատեւելու համար բարձրացնել գործարքների գները:
Օրերս Կադաստրի պետական կոմիտեն գործարքների գները մի քանի անգամ թանկացրել է, ինչն էլ դարձել է բազմաթիվ քաղաքացիների դժգոհության պատճառ: Շատերը կադաստրի ծառայություններից օգտվելիս՝ անակնկալի են եկել՝ տեղեկանալով, որ նախկինում մի քանի հազար դրամ արժեցող տեղեկանքի համար պետք է 2-3 անգամ ավելի վճարեն: Մանավանդ, որ այդ մասին քաղաքացիներին նախապես չի զգուշացվել: Եթե նախկինում բնակարան ձեռք բերողը իր անունով այն գրանցելու դեպքում պետք է վճարեր մոտ 14 հազար դրամ, ապա այսօր նույն գործարքը կատարելու համար վճարելու է 35 հազար դրամ։
Խնդրի առնչությամբ «Առավոտը» զրուցեց Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ֆինանսական հաշվապահական հաշվառման վարչության պետ Արմեն Հովհաննիսյանի հետ: Պատասխանելով մեր այն հարցին, թե ինչո՞ւ նոր գների մասին քաղաքացիներին նախապես չի զգուշացվել՝ պարոն Հովհաննիսյանն ասաց. «Առաջին փոփոխությունը, որ եղավ՝ ապրիլի 23-ի 99 հրամանով էր, իսկ 2-րդ փոփոխությունը, որն այս օրերին արդեն ուժի մեջ կմտնի, որոշակի արտոնություններ սահմանեց նախորդի հետ կապված։ Այս նոր հրամանի ուժի մեջ մտնելուց առաջ էինք ծրագրել հանրությանը տեղեկացնել լրատվամիջոցներով։ Ժամկետները շատ փոքր էին ապրիլի եւ նոր փոփոխության հետ կապված»։ Ա. Հովհաննիսյանի կարծիքով, այս թանկացումները չեն հարվածելու միջին խավի գրպանին, առաջին հերթին անդրադառնալու են բազմաբնակարան շենքերի այն բնակարանատերերի վրա, որոնց սեփականության մակերեսը 160 քմ-ից ավելի է, բնակելի տների տերերի վրա, որոնց տան մակերեսը անկախ հողամասից 200 քմ-ից ավելի է եւ հասարակական արտադրական շինությունների տերերի վրա. «Մնացած գույքի նկատմամբ որեւէ թանկացում չի կիրառվել։ Նշեմ, որ 160 քմ մակերեսով բնակարան նախկին բնակֆոնդում չի եղել։ Ամենամեծ բնակարանները եղել են 120 քմ-ոց։ Բացի այդ, եղած բնակֆոնդի 5%-ն էլ չի գերազանցում 160 քմ-ն: Այսինքն՝ թանկացումներն իրենց վրա զգալու են նոր՝ էլիտար շենքերի բնակիչները»: Ա. Հովհաննիսյանի տեղեկացմամբ, 160 քմ բնակարանի շուկայական արժեքը $160 հազար է, այն ձեռք բերողը պետք է իր անունով գրանցելու դեպքում կադաստրին վճարեր 14 հազար 200 դրամ, հիմա նույն բնակարանը ձեռք բերողը վճարում է 35 հազար 800 դրամ։ Օտարման դեպքում 170 քմ մակերես ունեցող բնակարանատերը վճարելու է 51 հազար դրամ, իսկ նախկինում վճարել է 18 հազար դրամ։ Նշենք նաեւ, որ մարզերի եւ Երեւանի սակագները տարբեր են, նախկինում դրանք տարանջատված չէին եւ թե Երեւանում, թե, ասենք, Կապանում բնակարանի օտարման համար վճարում էին 7 հազար դրամ: Նոր փոփոխությամբ որոշվել է, որ Երեւանից դուրս 160 քմ մակերես ունեցող բնակարանատերը օտարման ժամանակ պետք է վճարի 26 հազար դրամ: Հասարակական-արտադրական 100 քմ շինությունը գրանցելը՝ 16 հազար դրամից դարձել է 26 հազար դրամ։ Իսկ 500 քմ կառույցը, որը նաեւ 1000 մետր հող ունի, կարժենա 79 հազար դրամ, այն նախկինում արժեր 24 հազար դրամ:
Պարոն Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչով է պայմանավորված գործարքների թանկացումը. «Արդեն որերորդ տարին է՝ պետական որեւէ ֆինանսավորում մեր համակարգը բյուջեից կամ այլ աղբյուրից չի ստանում: Թյուր կարծիք կա, որ կադաստրի կոմիտեն շատ հարուստ է։ Սակայն կադաստրի տարածքային 51 ստորաբաժանումների 965 աշխատակիցները վարձատրվում եւ պահպանում են այս համակարգը այդ վճարումներով։ Իհարկե, որոշակի ազդեցություն ունեցել է նաեւ անշարժ գույքի շուկայի աշխուժության անկումը»։
Ա. Հովհաննիսյանի խոսքերով, արդեն ժամանակն է եկել իրենց համակարգում բարեփոխումներ իրականացնելու եւ սպասարկումների որակը բարելավելու, ուստի իրենք խնդիր են դրել Երեւանում եւ հանրապետության 5 մարզում էլեկտրոնային տեսքով ծառայություններ մատուցել. «Բացի բարելավումներից, մենք հրաժարվելու ենք որոշակի ծառայությունների մեր մոնոպոլ դիրքից, որն ունենք այժմ։ Օրինակ, այս վճարումների համակարգով հնարավորություն ենք ստեղծել, որ քաղաքացին իր հողամասի չափագրման համար կարող է այլեւս կադաստր չդիմել, դրա համար կան լիցենզավորված կազմակերպություններ, որոնք կարող են զբաղվել այդ գործով։ Ասեմ, որ զուտ ֆինանսական առումով այնքան էլ ձեռնտու չէր այս ծառայությունից հրաժարվելը, քանի որ լուրջ ֆինանսները գալիս էին հենց չափագրումից»։ Մեր այն հարցին էլ, թե բարեփոխումները կհանգեցնե՞ն նրան, որ որակյալ ծառայություններ ապահովելու համար նաեւ աշխատակիցների կրճատումներ լինեն, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց. «Այս պահին այդպիսի խնդիր չկա։ Մեր այս կազմով փորձելու ենք շուկայում հավասարը հավասարի հետ մրցել, թե ինչքանով դա կստացվի՝ կտեսնենք ապագայում։ Եթե նայենք այն տրամաբանությամբ, թե արդյո՞ք արժե այս բաժինը պահել, ասեմ, որ մեր 51 ստորաբաժանումներից 26-ն այժմ աշխատում է վնասով։ Զուտ ֆինանսական առումով գուցե Ամասիայում կամ Ճամբարակում չարժե ստորաբաժանում ունենալ, բայց ռազմավարությամբ մեր ծառայությունները հնարավորինս մոտեցնում ենք սպառողին։ Բացի այդ, այսօր կադրերի հոսունությունը բավականին մեծ է մեր համակարգից։ Որքան ես հիշում եմ՝ անցյալ տարի 95 մարդ է ազատվել աշխատանքից»։