Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդ կարմրուկը մենք հանել ենք»

Հունիս 25,2009 00:00

Խորեն Թռչունիչը քննադատում է ԻԻՀ իշխանություններին

Հայաստանի խորհրդարանի նախկին կոմունիստ պատգամավոր Խորեն Սարգսյանը, «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության՝ Իրանի Իսլամական Հանրապետություն չկայացած այցին, որոշեց անկեղծանալ եւ ասել. «Սա Իրանի իշխանությունների մեծամտությունն է: Ժողովուրդն արտակարգ ժողովուրդ է, բայց իշխանությունները միշտ էլ մեծամիտ են եղել: Ես ցավում եմ, որ նման բան է պատահել, բայց էդ կարմրուկը մենք հանել ենք»: Հիմնավորելով ասածը՝ Խորեն Թռչունիչը իր հետ կատարված մի դեպք պատմեց. «1996 թվականին, երբ Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունն Իրանում էր՝ նորից ԱԺ նախագահի գլխավորությամբ, մեզ 15 րոպե նստեցրել են՝ իրենց խորհրդարանի ղեկավարը՝ Հաբիբին, չի գալիս: Հետո մեկը դուրս եկավ, թե՝ Հաբիբին ասում է, դուք շատ եք, երեք հոգի դուրս եկեք: Էն դեպքում, երբ դա «պրատակոլով» էր: Իսկ դրանից ընդամենը մի քանի ամիս առաջ Հաբիբին էր Հայաստանում, ու մենք ազգովին նրան շալակներս առած մեծարեցինք, հարգեցինք ու պատվեցինք ամեն ինչով, մեծ տեղ տվեցինք: Դեռ լավ է, որ այս անգամ մեր օդանավակայանից են մերժել, չեն հասել էնտեղ ու փակ դռների հանդիպել, ավելի վիրավորական կլիներ»: Մեկնաբանելով այս իրողությունները՝ մեր զրուցակիցը եզրակացնում է. «Մենք ոնց որ որբ երեխա լինենք: Հավասարը հավասարի հետ չեն նստում, միշտ ցույց են տալիս իրենց առավելությունը մեր նկատմամբ՝ ինչպես կուզենք՝ այնպես էլ կասենք»: Իսկ ի՞նչ համարժեք դիրքորոշում պետք է գրավի Հայաստանն այս դեպքում՝ «ոչ մի բան էլ չենք կարող անել, մենք հարեւան փոխել չենք կարող, մեր ճակատագիրը դա է, պետք է կրենք»:

Վերադառնալով ներհայկական խնդիրներին՝ Խորեն Թռչունիչը համոզված է, որ հետխորհրդային երկրներում ներքաղաքական պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ լուծված չեն սոցիալական եւ աշխատատեղերի հարցերը: Զավեշտալին վերջին՝ Երեւանի ավագանու ընտրությունների ֆոնին նա համարում է այն, որ «ներկայիս լիբերալներն իրենց խոստումներում փորձում են սոցիալիստներից էլ սոցիալիստ երեւալ»: Բայց, մեծ հաշվով, նա դրան էլ է նորմալ վերաբերվում՝ «իշխանության հարց կա»: Միայն հույս է փայփայում, որ գոնե ինչ-որ կերպ, թեկուզ հանուն իրենց իշխանությունը պահելու, լուծեն որոշ սոցիալ-տնտեսական հարցեր: Դիտարկմանը՝ չե՞ք կարծում, որ հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի սոցիալիստական գաղափարախոսություն կրող ուժերը մոռանան անցյալի վիրավորանքները եւ միասնական ծրագրով հանդես գան, հիմա, առավել քան երբեւէ, հասարակությունը պատրաստ է վստահելու սոցիալիստներին, Խորեն Թռչունիչը պատասխանեց. «Ցավալին այն է, որ պառակտումներ մտցվեցին նաեւ կուսակցությունների մեջ: Այսօր կայուն են միայն այն կուսակցությունները, որոնք իշխանության հետ են: Եթե մեկն ու մեկը փորձի հակառակվել՝ միանգամից սկսում է քայքայվել: Չնայած դրանից նաեւ կոմկուսին բաժին հասավ, բայց մենք փորձում ենք նորից վերամիավորվել: Կոմկուսն իր խոսքը պետք է ասի, թե չէ՝ անեկդոտի նման է ստացվում. «Ընկեր Մարգոն Վարդանիկին հարցնում է՝ որո՞նք են մտնում բանջարաբոստանային կուլտուրաների մեջ: Վարդանիկը պատասխանում է՝ որ ցանկապատ չլինի, ով ասես՝ կմտնի»: Սոցիալիստական դաշտն ազատ է մնացել, ով ասես՝ մտնում է՝ հաստատ իմանալով, որ ժողովուրդը սոցիալիզմին ավելի է հարում, քան իմպերիալիզմին: Փորձում ենք մի բան անել. տեսնենք՝ ինչքանով կհաջողվի, կկարողանա՞նք, թե՞ ոչ: Մեր ծնողները մեզ լավ երկիր են թողել, մի բան անենք՝ մեր երեխաների համար էլ էդ երկիրը լավը լինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել