Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ

Հունիս 25,2009 00:00

\"\"ԵԽԽՎ երեկ ընդունած ընդհանուր բնույթի մի բանաձեւում Հայաստանի վերաբերյալ կան բազմաթիվ դրույթներ

ԵԽԽՎ-ն իր լիագումար նիստում երեկ քննարկեց Մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Սերհիյ Հոլովաթիի հեղինակած զեկույցը՝ «Մարդու իրավունքների վիճակը Եվրոպայում եւ Վեհաժողովի դիտարկման գործընթացի առաջընթացը»: Ընդունվեց նաեւ համապատասխան բանաձեւ, որի շատ կետերում՝ ինչպես նաեւ զեկույցում, բազմաթիվ հիշատակումներ կան Հայաստանի մասին: Ընդհանուր առմամբ՝ այս փաստաթղթերը դիտարկման գործընթացի ներքո գտնվող 11 երկրների ու եւս 3-ի մասին են, որոնք գտնվում են հետդիտարկման փուլում:

Այսպես՝ բանաձեւի 6.1 կետում Հայաստանը նշվում է այն 6 երկրների շարքում, որտեղ թեեւ դատական համակարգի բարեփոխումներ են իրականացվում, սակայն դեռ առկա են թերություններ դատարանների անկախության առումով:

9-րդ կետում Վեհաժողովը մտահոգություն է հայտնում, որ դեռեւս ազատազրկված են մնում մարտի 1-ի կապակցությամբ ձերբակալված ընդդիմության աջակիցները. «Ուստի եւս մեկ անգամ վճռականորեն կոչ է անում Հայաստանի իշխանություններին գործադրել իրավական հնարավոր բոլոր միջոցները՝ ներառյալ համաներումը, ներումը եւ մեղադրանքներից հրաժարումը՝ առանց ձգձգումների ազատելու այդ մարդկանց»: Ակնհայտ է, որ հունիսի 8-ին շրջանառության մեջ դրված բանաձեւի նախագծի այս կետը ժամանակավրեպ է՝ համաներման իմաստով: Սակայն ոչ Հայաստանի, ոչ որեւէ այլ երկրի պատվիրակ առաջարկ չէր ներկայացրել այս կետը փոփոխելու մասին: Նկատենք, որ մեր երկրի վերաբերյալ այնուամենայնիվ առաջարկ ներկայացրել էին Դիք Մարտին, Անդրես Հերկելը եւ մի քանի այլ պատվիրակներ, ըստ որոնց՝ Հայաստանը պետք է առաջնահերթ դիտի օրենքի ընդունումը ընտանեկան բռնության, այն կանխելու եւ այդպիսի բռնության զոհերին աջակցություն ապահովելու մասին: Առաջարկն ընդունվել է:

Բանաձեւի 11-րդ կետում Հայաստանը նշվում է այն 9 պետությունների շարքում, որտեղ խնդրահարույց է համարվում ոստիկանության կողմից դաժան վերաբերմունքը եւ ուժի գերազանցումը. «Այդ դեպքերի հետաքննությունների ձախողումը եւ խոշտանգումների մեջ մեղադրողների նկատմամբ ոստիկանության հետապնդումները շարունակում են նպաստել անպատժելիության մթնոլորտի հաստատմանը»: Եվ 11.1 ենթակետում առանձին հիշատակվում է ԵԽԽՎ պահանջի մասին՝ մարտի 1-ի դեպքերի անկախ, թափանցիկ եւ վստահելի հետաքննություն անցկացնելու վերաբերյալ:

Բանաձեւի 12.1 կետում Հայաստանը նշվում է այն 7 երկրների շարքում, որտեղ լուրջ մտահոգության առարկա են լրագրողների նկատմամբ բռնությունները եւ հետապնդումները եւ այդ դեպքերի համարժեք հետաքննության բացակայությունը: Ի դեպ, զեկուցողի բացատրական հուշագրում Սերհիյ Հոլովաթին թվարկել է արտակարգ դրության պայմաններում մամուլի նկատմամբ կիրառված սահմանափակումները, «Ա1+»-ի գործը, հեռարձակման մրցույթների արգելումը եւ այլն:

«Չնայած օրենսդրության մեջ դրական փոփոխություններին՝ հավաքների ազատությունը գործնականում լիովին չի հարգվում Հայաստանում եւ Ադրբեջանում»,- ասված է բանաձեւի 14-րդ կետում:

Իսկ խղճի եւ դավանանքի ազատության կապակցությամբ բանաձեւի 15.1 կետում առանձին նշվում է, թե Հայաստանում վերջերս համապատասխան օրենսդրության մեջ առաջարկվող փոփոխություններն անհանգստություն են առաջացրել Հայաստանում՝ մասնավորապես կրոնական կազմակերպություններին ներկայացվող գրանցման պահանջների եւ հոգեորսության սահմանման կապակցությամբ:

15.3 կետում էլ նշվում է, որ այլընտրանքային ծառայությունը Հայաստանում եւ Ռուսաստանում չունի իրական քաղաքացիական բնույթ. «Զինծառայությունից հրաժարվողների ազատազրկումը Հայաստանում եւ Թուրքիայում շարունակում է լուրջ մտահոգության տեղիք տալ»:

Սերհիյ Հոլովաթիի զեկույցի քննարկման ընթացքում ՀՀ պատվիրակությունից ելույթ ունեցավ Նաիրա Զոհրաբյանը եւ նշեց, թե մեր երկրին առնչվող ոչ բոլոր գնահատականներն է համարում անաչառ. «Այո, ինչպես ցանկացած անցումային ժողովրդավարության երկրում՝ մեր երկրում եւս դեռ կան մարդու իրավունքների հետ կապված որոշակի խնդիրներ։ Սակայն մի բան հստակ կարող եմ պնդել՝ մենք ինքներս ենք շահագրգիռ այդ խնդիրները լուծելու հարցում, եւ ոչ թե այն պատճառով, որ մեզնից դա պահանջվում եւ ակնկալվում է, այլ որ արժեքային այն համակարգը, որը մենք որդեգրել ենք եւ որին դավանում ենք, մեր կատարած ընտրությունն է: Ուստի ես հավատում եմ եվրոպական մեր հաջողությանը»: Դրանից հետո նա սկսեց խոսել «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ անվտանգ ապրելու իրավունքի մասին, որը հետեւողականորեն ոտնահարվում է Եվրոպայի խորհրդի անդամ մեկ այլ պետության կողմից»: Նկատենք, սակայն, որ Նաիրա Զոհրաբյանից ավելի վաղ ելույթ ունեցած Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը նույնպես ավելի շատ ոչ թե զեկույցի իր երկրի մասին քննադատությանը պատասխանեց, այլ խոսեց երկակի չափանիշների մասին եւ այլն:

Նշենք նաեւ, որ երեկ, օրվա սկզբում, Վեհաժողովը քննարկեց «Մարդու իրավունքների վիճակը Եվրոպայում. Անպատժելիությունը պետք է արմատախիլ արվի» զեկույցը, որի քննարկման ժամանակ էլ ելույթ ունեցավ Զարուհի Փոստանջյանը: Եվ մասնավորապես հայտարարեց. «Համամիտ եմ, որ պայքարն ընդդեմ անպատժելիության Եվրոպայի խորհուրդը համարում է առաջնային՝ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, բայց համաձայն չեմ, որ նույն Եվրոպայի խորհուրդը հետամուտ է իր կողմից ընդունված բանաձեւերի ամբողջական կենսագործմանը, ինչի արդյունքում էլ ԵԽ անդամ երկրների իշխանությունների շրջանում կամրապնդվի հարազատ ժողովրդի հանդեպ ցանկացած ոտնձգություն կատարելիս անպատժելի մնալու մտայնությունը»: Զարուհի Փոստանջյանը մասնավորապես նշեց, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը «խախտելով Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 15-րդ հոդվածը՝ 2008թ. մարտի 1-ից քսանօրյա ժամկետով հայտարարել էր արտակարգ դրություն, եւ խախտելով ՀՀ Սահմանադրությունը՝ օգտագործել էր ՀՀ զինված ուժերը: Ցավոք, Վեհաժողովը որեւէ գործուն ու սթափեցնող գնահատական ցայսօր չի տվել ՀՀ նախկին ու ներկա իշխանություններին»: «Ժառանգության» ներկայացուցիչը խոսքն ամփոփեց այսպես. «Իմ գործընկերներին ես միայն կարող եմ հիշեցնել, որ փակելով աչքերն այսպիսի անպատժելիության հանդեպ ու թույլ տալով ՀՀ իշխանություններին անտեսել իր պարտականությունները եւ պարտավորվածությունները՝ մասնավորապես ԵԽԽՎ 3 բանաձեւերի վերաբերյալ, դուք ոչ միայն նպաստում եք Հայաստանում մարդու իրավունքների հետագա խախտումներին, այլ նաեւ թուլացնում ու խաթարում եք Եվրոպայի խորհրդի՝ որպես ժողովրդավարական եւ արդար ինստիտուտի հեղինակությունը: Անպատժելիության այսպիսի անամոթ ցուցաբերման նկատմամբ անտեղի հանդուրժողականությունը կարող է միայն խթանել նաեւ ԵԽ անդամ բոլոր երկրներում մարտի 1-երի առաջացման հնարավորությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել