Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼՈՒ ԸՆԴՀԱՏԱԿԻՑ

Հունիս 25,2009 00:00

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, որը 2008թ. մարտիմեկյան իրադարձություններից ի վեր գտնվում է հետախուզման մեջ եւ մեղադրվում է «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ, երեկ իր կայքէջով հայտարարություն է տարածել, որում ասված է, թե «ընդհատակից դուրս գալու եւ քաղաքական պայքարս բանտում շարունակելու որոշում եմ կայացրել»: Փաստարկելով իր՝ մինչ օրս ընդհատակում լինելու անհրաժեշտությունը, նա համոզմունք է հայտնել, որ հիմա, երբ համաժողովրդական պայքարի արդյունքում իր «քաղբանտարկյալ ընկերներից շատերը ազատություն են ստանում, ինչը նոր լիցք ու ոգեւորություն կհաղորդի Շարժմանը, Հայ ազգային կոնգրեսին», իր՝ ընդհատակից դուրս գալը եւ բանտում հայտնվելը այլեւս չի կարող հարվածել Համաժողովրդական շարժմանը, ուստի՝ «հպարտությամբ արձանագրում եմ, որ եկել է քաղբանտարկյալ դառնալու իմ հերթը նույնպես»: «Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ, «օդում, ջրում եւ ցամաքում», պայքարելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չենք ազատել ավազակապետական բեսպրեդելից, քանի դեռ Հայաստանը չենք դարձրել Սահմանադրության եւ օրինականության երկիր, քանի դեռ չենք ստեղծել Ազատ եւ Երջանիկ Հայաստան, որը ապահով տուն եւ տաք օջախ է իր քաղաքացիների համար: Եվ ուրեմն՝ բանտ տեղափոխվելու իմ որոշումը պետք է դիտարկել հենց այս տեսանկյունից, որովհետեւ ընդհատակից պայքարը նախկին արդյունավետությամբ շարունակելու հնարավորությունները սպառված են, մեծանում է կրկնվելու, ճահճանալու վտանգը»,- հայտարարել է Ն. Փաշինյանը ու դիմել «Համաժողովրդական պայքարի, Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներին եւ կողմնակիցներին. գլուխներդ բարձր, դուխներդ տեղը՝ պայքարելու ենք մինչեւ վերջ ու հաղթելու ենք»:

Երեկ ի պատասխան «Առավոտի» հարցին՝ Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն ասաց, թե Նիկոլը շատ համարձակ ու պատասխանատու որոշում է կայացրել, եւ իրենք կողջունեն նրա ընդունած ցանկացած որոշումը, իսկ ընդհատակից դուրս գալու պարագայում նրան կցուցաբերվի համակողմանի աջակցություն՝ քաղաքական ու իրավական, նաեւ՝ անվտանգության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել