Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Ր ԱՐՄԵՆԱԿԱՆՆ Է ԱՎԵԼԻ ՌԱՄԿԱՎԱՐ

Հունիս 25,2009 00:00

Մամուլից տեղեկանալով Արմենական-ռամկավար ազատական կուսակցության հիմնադրման մասին՝ վերջերս հիմնադրված եւ ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված «Արմենական» հասարակական երիտասարդական միավորումը երեկ իր բողոքի ձայնն է բարձրացրել նույնանուն քաղաքական կազմակերպություն ստեղծելու փորձի առիթով, քանի որ ՀՀ կուսակցությունների մասին օրենքի 1-ին գլխի 6-րդ հոդվածի 2-րդ կետում հստակ նշված է, որ կուսակցության անվանումը եւ դրա հապավումը պետք է տարբերվեն արդեն իսկ գործող կուսակցությունների եւ հասարակական միավորումների անվանումներից ու դրանց հապավումներից: Ըստ երիտասարդ արմենականների՝ խախտվել է նաեւ ՀՀ կուսակցությունների մասին օրենքի 2-րդ գլխի 12-րդ հոդվածի 1-ին կետը՝ հիմնադիր համագումարի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակվում են կուսակցության հիմնադիր համագումարի անցկացման տեղի եւ ժամանակի մասին լրատվություն, կուսակցության կանոնադրության եւ ծրագրի նախագծերի հիմնական դրույթները: «Մեր ուսումնասիրությունները պարզեցին, որ իրենց Արմենական-ռամկավար ազատական կուսակցություն հորջորջող հիմնադիր-կազմակերպիչները չեն կատարել օրենքի «ա» կետի պահանջը, որտեղ գրված չի եղել, որ «համագումարը» փակ է լինելու, եւ «բ» կետի պահանջը՝ հակառակ պարագայում մենք մեկ ամիս առաջ կտեղեկանայինք մամուլից, որ մեր հասարակական կազմակերպությանը նույնանուն քաղաքական կազմակերպություն ստեղծելու փորձ է արվում: Մեր բողոքն ենք հայտնում, քանի որ ի հայտ է եկել մարդկանց խմբակ, որը իրավաբանական անգրագիտություն ցուցաբերելով հանդերձ՝ ուզում է զբաղվել քաղաքական գործունեությամբ: Իսկ այս «պատմության» մեջ զավեշտալին այն է, որ 20 հոգանոց օրինախախտ աշխատանքային ժողովը ողջունում է ՀՀ նախագահը»,- ասված է հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել