ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի համատեղ մամուլի ասուլիսը երեկ սկսվեց մոտ մեկ ժամ 10 րոպե լրագրողներին սպասեցնելուց հետո: Վրաստանի նախագահը ասուլիսի մոտ 22 րոպեի 14 րոպեն նվիրեց Վրաստանի «Ռուսթավի-2» հեռուստաընկերության լրագրողի հարցին պատասխանելուն: Իսկ հարցը վերաբերում էր Վերին Լարսին, ռազմավարական երկկողմանի հարաբերություններին, տարածաշրջանային անվտանգությանը, վրացական ընդդիմությանը ֆինանսավորող գումարներին: Մի քիչ էլ խոսելով Վերին Լարսի եւ ռուսների մասին՝ Միխայիլ Սահակաշվիլին անցավ իր երկրի կոռուպցիոներին, իր երկրի ընդդիմությանը եւ Վրաստանում իրեն չընդունող ուժերին, կարծես այդ բանը չէր կարող անել իր հայրենի հողի վրա եւ դրա համար արժեր գալ-հասնել Երեւան: Սերժ Սարգսյանը ի ողջույնի խոսքում ասաց, որ Հայաստանը խիստ կարեւորում է Վրաստանի տարածքով անցնող հաղորդակցության ուղիները, որոնք էական նշանակություն ունեն մեր տնտեսության համար. «Այս առումով մենք շահագրգռվածություն ենք հայտնել Վրաստանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ցամաքային ավտոմոբիլային անցակետի շուտափույթ վերագործարկման վերաբերյալ»: Նշեց նաեւ, որ Վրաստանի հայ համայնքը եղել եւ մնում է մեզ կապող ամենաամուր կամուրջը. «Մենք մասնավորապես ողջունում ենք Վրաստանի կառավարության ձեռնարկած քայլերը՝ Ջավախքում սոցիալ-տնտեսական իրավիճակը մեղմելու, ենթակառուցվածքները բարելավելու եւ նոր աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ: Մենք մեր կողմից պատրաստ ենք սատարելու այս գործընթացին»: Վրաստանի նախագահը շեշտեց, որ իրենք բարձր են գնահատում Հայաստանի դիրքորոշումը զանազան հարցերի վերաբերյալ, «այդ թվում նաեւ՝ տարածքային անձեռնմխելիության հետ կապված հարցերը, երկկողմանի հարաբերությունները մեր երկրների միջեւ՝ կապված եվրոպական ինտեգրման եւ այլ հարցերի հետ»: Սերժ Սարգսյանը իր հերթին նկատեց. «Մեր տարածաշրջանում հարցերը կարելի է լուծել միայն երկխոսության միջոցով: Մենք մեր տարածաշրջանում ուժի գործադրման դեպքեր տեսել ենք, եւ դա երբեք լավ արդյունքի չի բերում»:
Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը Միխայիլ Սահակաշվիլուն պարգեւատրել է Պատվո շքանշանով՝ հայ-վրացական դարավոր բարեկամության ամրապնդման, Հայաստանի եւ Վրաստանի համագործակցության խորացմանն ուղղված գործունեության համար: Իսկ Միխայիլ Սահակաշվիլին իր հերթին նշեց. «Մենք գերազանց, արտակարգ համագործակցություն ունենք Սերժ Սարգսյանի հետ, մենք երկար տարիներ միմյանց ճանաչել ենք, եւ նա Վրաստանի մեծ եւ իրական ընկերն է, մի անձ, որ միշտ կանգնած է Վրաստանի կողքին, եւ շատ կարեւոր հարաբերություններ են տարածաշրջանում մեր եւ Հայաստանի միջեւ»:
Հ. Գ. Սահակաշվիլին ասուլիսում խնդրեց ուշադրություն դարձնել, որ ասուլիսը ընթանում է վրացերեն եւ հայերեն լեզուներով: Ակնհայտորեն նկատի ուներ, որ ռուսերեն խոսք չի հնչում, մինչդեռ թարգմանությունը կատարվում էր նաեւ անգլերեն: