Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱԺԱԿԸ ԿԻՍՈՎ ՉԱՓ ԼԻՔՆ Է

Հունիս 25,2009 00:00

\"\"

ԵԽԽՎ 41 պատվիրակներից, որոնք մասնակցեցին Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների մասին բանաձեւի ընդունմանը՝ կողմ քվեարկեցին 37-ը:

Դեմ էին միայն Ադրբեջանի պատվիրակության անդամներ Ռաֆայել Հուսեյնովը եւ Գանիրա Փաշաեւան: «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը, որը խիստ քննադատական ելույթ ունեցավ՝ փոխանցելով խորը հիասթափություն Հայաստանի «հանցագործ» իշխանությունների հանդեպ նման հանդուրժողականություն ու մեղմ վերաբերմունք ցուցաբերելու համար՝ չմասնակցեց բանաձեւի քվեարկությանը: Իսկ քննադատական մյուս ելույթ ունեցող Մարիետա դե Փուրբախ Լունդինը, որը դիտորդ է եղել Հայաստանի 2008-ի նախագահական ընտրություններում եւ դրանից հետո մեր երկրի վերաբերյալ ԵԽԽՎ բոլոր 4 քննարկումներում քննադատական ելույթներ է ունենում՝ այս անգամ էլ չխախտեց ավանդույթը: Մասնավորապես դժգոհեց, թե ինչու համաներումն արվեց միայն վերջին պահին, ճնշումների ներքո, եւ ինչու զեկույցում նշված չէ ճնշումը պահպանելու եւ ժամկետների մասին: Նա նշեց, թե իրենք պիտի կոշտ խոսեն՝ Հայաստանի իշխանությունները միայն այդ լեզուն են հասկանում: Բայց այնուամենայնիվ՝ հետո կողմ քվեարկեց բանաձեւին: Այլ ելույթների մասին՝ հաջորդիվ, բայց մինչ այդ ներկայացնենք, թե ինչ փոխվեց բանաձեւում:

13 փոփոխություններից ամենակարեւորը թերեւս հետեւյալն է, որ ԵԽԽՎ-ն մերժեց Հայաստանի պատվիրակության առաջարկը՝ բանաձեւի նախագծի 11-րդ կետից, որում դարձյալ է վերահաստատված, թե թվային հեռարձակման համակարգի ներդրումը Հայաստանում չպիտի օգտագործվի որպես պատրվակ՝ մրցույթ չանցկացնելու եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն «Ա1+»-ի վերաբերյալ չկատարելու համար՝ առաջարկվում էր հանել հիշատակումը «Ա1+»-ի մասին: «Սա մեզ համար իրավական՝ ոչ քաղաքական մոտեցման խնդիր էր»,- պաշտպանելով իրենց առաջարկը՝ լիագումար նիստում հայտարարեց Դավիթ Հարությունյանը: Սակայն 31 դեմ ձայներով ԵԽԽՎ պատվիրակները մերժեցին այս առաջարկը: Ըստ այդմ՝ Եվրոպայի խորհուրդը պնդում է մրցույթ անցկացնելու եւ «Ա1+»-ի վերաբերյալ վճիռը կատարելու հարցը:

Դավիթ Հարությունյանն էր լիագումար նիստում ընդդիմախոսում Զարուհի Փոստանջյանի առաջարկներին, որոնք բոլորը մերժվեցին՝ ինչպես փաստահավաք խումբը վերակազմավորելու կոչը, այնպես էլ՝ մինչեւ ձմեռային նստաշրջան ժամկետ սահմանելու առաջարկը՝ բանաձեւի կատարման վերաբերյալ զեկույց պատրաստելու նպատակով:

Մասնավորապես հիմնավորելով, թե ինչու է դեմ, բանաձեւի նախագծի այն դրույթից հետո, ըստ որի՝ մարտի 1-ի առնչությամբ ազատազրկված ոչ բոլորն են ազատ արձակվել համաներման հետեւանքով՝ Փոստանջյանի առաջարկով ավելացնել, թե Վեհաժողովը «կոչ է անում Հայաստանի իշխանություններին օգտագործելու առկա բոլոր իրավական գործիքներն այդ մարդկանց ազատ արձակելու համար», Դավիթ Հարությունյանն ասաց, որ այս առաջարկն ընդունելու դեպքում պիտի ազատ արձակվեն նաեւ նրանք, ովքեր անձնապես բռնություն են գործադրել, ինչը հակասում է մինչ այժմ ԵԽԽՎ առաջադրած պահանջին: Զարուհի Փոստանջյանի այս առաջարկին այնուամենայնիվ կողմ էին ԵԽԽՎ 14 պատվիրակներ, դեմ՝ 25-ը: Ի դեպ, ընդունվել է Կոլոմբիեի եւ Պրեսկոտի առաջարկը, ըստ որի՝ բանաձեւի նույն կետին հավելվեց, թե վեհաժողովը հետեւելու է մնացած գործերի վերաբերյալ զարգացումներին:

Ընդունվեց մեր պատվիրակության կոալիցիան ներկայացնող պատվիրակների առաջարկը, եւ բանաձեւում ավելացվեց մի նոր պարբերություն, որով Վեհաժողովը կոչ է անում Հայաստանի քաղաքական ուժերին՝ բաց չթողնել այս հնարավորությունը եւ մասնակցել երկխոսությանը բարեփոխումների վերաբերյալ: Սակայն դուրս մնաց դրա շարունակությունը, որով առաջարկվում էր մերժել բոյկոտները: Միաձայն ընդունվեց նաեւ Արմեն Ռուստամյանի առաջարկը, որով ընտրական բարեփոխումների մեջ կարեւորվում է հետընտրական վերահսկողության ուժեղացման եւ մասնավորապես կրկնակի քվեարկությունը բացառող մեխանիզմների ներդրումը:

Դարձյալ վերադառնանք ելույթներին: Ամենաշատը հնչեց տարբեր ձեւակերպումներով, բայց այս նույն արտահայտությունը՝ ողջունում ենք իրականացված համաներումը, բայց սա չենք համարում գործընթացի ավարտ: Այդ մասին ասացին նախ Կոլոմբիեն եւ Պրեսկոտը: Վերջինս նաեւ նշեց, թե սեպտեմբերին սպասում են ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցին, որից հետո կտան իրենց գնահատականը: Իսկ EDG խմբակցության անունից ելույթ ունեցած բրիտանացի պատվիրակ Բոսվելը հայտարարեց. «Այսօր պետք է ասենք, որ բաժակը կիսով չափ լիքն է եւ ոչ թե կիսով չափ դատարկ»:

EPP խմբակցության անունից ելույթ ունեցող լիտվացի պատվիրակ պրն Վարեյկիսը նախընտրեց առավել խոսել առկախ մնացած խնդիրների, քան արձանագրված հաջողությունների մասին: Եվ արձանագրեց, որ համաներումը մասնակի էր, փաստահավաք խումբը լուծարված է, մահվան դեպքերի հետաքննությունն արդյունավետ չէ, ԶԼՄ-ների ազատությունը խնդրահարույց է եւ այլն:

Սոցիալիստների խմբի անունից ելույթ ունեցավ Արմեն Ռուստամյանը, որը մասնավորապես նշեց, թե փաստահավաքի լուծարումը կասկածահարույց է դարձնում ամբողջական եւ անաչառ հետաքննության անցկացումը: Նրա մեկ այլ դիտարկումն էր, թե ընտրությունները փորձություն են, եւ իշխանություններին չհաջողվեց անցնել այդ փորձությունը:

Ելույթներից այլ մանրամասներ կներկայացնենք վաղվա համարում: Իսկ մինչ այդ նշենք, որ պրն Պրեսկոտն առարկելով Զարուհի Փոստանջյանի գնահատականներին՝ ասաց, թե պետք է համագործակցել արդյունքների հասնելու համար, բայց դրա փոխարեն՝ այժմ շատ բարձր են գոռում Հայաստանում: Մինչդեռ Մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Սերհիյ Հոլովաթին նշեց, թե չի կարելի ասել, որ դժգոհությունը լիովին անհիմն է, բայց մեկ է՝ կարող ենք ասել, որ կա առաջընթաց՝ «աստիճանական, կամաց-կամաց, բայց ամենակարեւորն այն է, որ համաներման հասանք»:

Այս բոլոր գնահատականներն ունկնդրում էր Ստրասբուրգ ժամանած ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որին կեսօրին ճեպազրույցի ընթացքում «Առավոտն» ուղղեց հետեւյալ հարցը: Մոտ մեկ տարի է՝ ԵԽԽՎ-ն համաներում էր առաջարկում, սակայն Հայաստանի իշխանությունը շրջանցելով այդ հնարավորությունը՝ դիմում էր այլ միջոցների, ներման խնդրագրեր կորզելու, օրենսդրության փոփոխության եւ այլն: Հարցին, թե չե՞ք ափսոսում կորցրած, բաց թողած ժամանակի համար՝ Հովիկ Աբրահամյանը մասնավորապես պատասխանեց. «Համաներումը գործում է, երբ կա դատավճիռ. այն ճիշտ ժամանակին էր: Չմիջամտելով դատական մարմինների աշխատանքային գործունեությանը՝ հանրապետության նախագահը դրսեւորեց համարձակ քայլ, նաեւ՝ մարդասիրական եւ քաղաքական: Ես համամիտ չեմ, որ այն ուշացումով է, եւ ասում եմ՝ լավ է ուշ, քան երբեք»:

Իսկ ԵԽԽՎ ամբիոնից հայերեն ելույթում ԱԺ նախագահը հայտարարեց, որ Վեհաժողովում իր ներկայությունը նշանավորում է Հայաստանում 2008 թ. մարտից ի վեր տեղի ունեցող զարգացումների շրջադարձը: Սակայն դարձյալ հավելեց. «Սխալ կլիներ եզրակացնել, թե մենք մարտի իրադարձությունների հետ կապված բոլոր խնդիրները լուծել ենք: Կարծում եմ, մարտյան դեպքերը մեզ խորհելու դեռ երկար տեղիք կտան: Մենք դեռեւս դասեր ունենք քաղելու, բայց կարող ենք նաեւ սկսել նոր էջից, պարտավոր ենք սկսել, ողջ հասարակությունով: Սա շարունակական գործընթաց է՝ ինչպես Եվրոպայի խորհրդի ցանկացած անդամ պետության կողմից ժողովրդավարության կառուցման գործընթացը»:

Իսկ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, գնահատելով ընդունված բանաձեւը, ասաց. «Ես համարում եմ այս փաստաթուղթը շատ ողջամիտ, շատ անաչառ: Եվ ինչը ամենակարեւորն է՝ ես չեմ ուզում, որ որեւէ մեկի մոտ տպավորություն ստեղծվի, թե բոլոր հարցերը լուծված են Հայաստանում, եւ մենք ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ իրավական պետության կառուցման առումով արել ենք ամեն ինչ: Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու. ունենք առաջնահերթ խնդիրներ, ինչի վրա հատուկ ուշադրություն է դարձնում նաեւ այս զեկույցը եւ այս բանաձեւը: Առաջնահերթ խնդիրները, որոնք պետք է լուծվեն մոտ ժամանակներս՝ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցն է, ընտրական օրենսդրության փոփոխությունները, դատաիրավական բարեփոխումների եւ ոստիկանական բարեփոխումների շարունակությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել