Արդեն որերորդ ամիսն է՝ Թբիլիսյան խճուղու թիվ 7 շենքի բնակիչները նորմալ ջրամատակարարում չեն ստանում: Բացի այն, որ 2 մուտքից բաղկացած 108 բնակարանով շենքը ժամանակ առ ժամանակ ջրազրկվում է՝ բնակիչներին թողնելով բակի ցայտաղբյուրի հույսին, ջուրը մատակարարվում է առանց ճնշման: Ցածր ճնշման հետեւանքով մարդիկ չեն կարողանում ո՛չ ջրատաքացուցիչ միացնել, ո՛չ լվացքի մեքենա: «Երկու ամիս ամեն օր զանգում ենք կամ «Երեւան ջուր», կամ Արաբկիրի ջրմուղ՝ բողոքը փոխանցում, բայց ոչ մի օգուտ չունի, որեւէ մեկը մեր ջրերի ճնշման հարցով չի զբաղվում: Մինչ այդ, եթե չհաշվենք, որ պոմպը շատ հաճախ փչանում էր, գոնե նորմալ ջուր էր բարձրանում վերեւի հարկերը: Այժմ բնակիչներն ամեն օր նյարդայնանում են թույլ ճնշման պատճառով, քանի որ ջրի հետ կապված ոչ մի սարք չեն կարողանում միացնել: Մեր բողոքներին պատասխանում են, իբր կողքի նորակառույց շենքը ջուր անցկացնելու հետեւանքով է մեր շենքի ճնշումը բացակայում, բայց այդ շենքի ջրի հարցը լուծվեց, իսկ մեր շենքինն այդպես էլ մնաց»,- «Առավոտին» դժգոհեցին բնակիչները:
3 օր է՝ նշյալ հասցեի բնակիչները կրկին անջուր են. պոմպն է այրվել: Բնակիչների խոսքերով, Արաբկիրի ջրմուղից երկուշաբթի եւ երեքշաբթի պոմպ են բերել տեղադրել, սակայն միացնելուն պես՝ այրվել է: Երեկ կեսօրի դրությամբ շենքը ջուր չէր ստանում, պոմպը տեղադրվեց երեկոյան: «Ամեն անգամ նույն պատմությունն է, կամ ճնշում չկա, կամ պոմպն է այրվում, էլ ինչի՞ համար ենք ջրի վարձ մուծում, եթե նորմալ սպասարկում չենք ստանալու»,- ասացին բնակիչները: