Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիվիլիթասը» հասավ Շվանիձոր

Հունիս 24,2009 00:00

«Հայաստան» համահայկական եւ «Սիվիլիթաս» հիմնադրամների միջոցներով Մեղրու տարածաշրջանի Շվանիձոր գյուղում սկսվել է գյուղի խմելու ջրի հարցի լուծումը: Ծրագրի շրջանակներում կմաքրվի եւ կնորոգվի գյուղի մեկ ջրհոր, կապահովվի նաեւ գյուղի խմելու ջրի քլորացումը, 350 մ-ով կերկարացվի խմելու ջրագիծը, որի 1,8 կմ-ը կառուցվել էր երկու տարի առաջ՝ Rec Caucasus կազմակերպության օգնությամբ: Այդ ժամանակ գյուղում կառուցվել էր նաեւ լրացուցիչ ջրավազան: Շվանիձորի գյուղապետ Հովհաննես Օհանյանի խոսքով, նախատեսվում է կառուցել նաեւ լրացուցիչ ջրավազաններ՝ գյուղում պահուստային ջուր ունենալու համար: Ծրագրի շրջանակներում Շվանիձորի համայնքը նվեր է ստացել մեկ տրակտոր, որի կարիքը խիստ զգացվում էր գյուղում:

Ծրագրի հովանավորը Իրանի հայ համայնքն է եւ տեղում աշխատում են նաեւ իրանցի մասնագետներ: Մեզ հետ զրույցում գյուղապետ Հովհաննես Օհանյանը նշեց, որ իրենց չեն գոհացնում Իրանից եկած մասնագետների աշխատանքները եւ մտադիր են այդ մասին տեղյակ պահել ծրագրի մասնագետներին ու աշխատանքներն իրականացնել տեղի մասնագետների ուժերով: Գյուղապետը ասաց նաեւ, որ վերջին օրերին տեղացած առատ անձրեւների պատճառով բավական բարդություններ ու դժվարություններ են առաջացել:

Շվանիձորում, բացի խմելու ջրից, հրատապ է նաեւ ոռոգման ջուր ունենալու խնդիրը: Այս հարցը պետք է լուծվեր «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով, սակայն, ինչպես հայտնի է, ծրագիրը սառեցվել է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել