Հայոց պատմության ու մշակույթի զեղծարարները հիմա էլ հասել են հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկուն
Օրերս ուկրաինական տեղեկատվական-վերլուծական կենտրոնի մասնագետները (www.analitika.at.ua) համացանցում հայտնաբերել են ոմն Սամվել Ազիզյանի աշխատությունը, որ կոչվում է «Մեծն Այվազյանի գաղտնիքը»: Վայ-պատմաբան Սամվել Ազիզյանի «աշխատության» հիմնական գաղափարն այն էր, որ նկարիչ Այվազովսկին երբեք չի ցանկացել պահպանել իր հայկական արմատները, ստեղծագործել է բացառապես ուկրաինական թեմատիկայով եւ երբեք չի եղել Հայաստանում:
Ազիզյանի ապատեղեկատվությանն արձագանքել է ANALITIKA.at.ua կենտրոնը՝ հրապարակելով վերլուծաբան Դավիթ Դավթյանի հոդվածն այս կապակցությամբ:
Իր հոդվածում Դավթյանը նշում է. «Մեծն նկարչի սերն ու նվիրվածությունը հայ ժողովրդի հանդեպ բազմիցս արտացոլվել է նրա տեղծագործություններում: Բավական է հիշել «Արարատ լեռան հովիտը», «Հայերի կոտորածը Տրապիզոնում, 1896թ.», «Թուրքերը հայերին ողջ-ողջ ծովն են նետում», «Երդում», «Նոյն իջնում է Արարատից», «Խրիմյան Հայրիկը Էջմիածնում» եւ շատ ու շատ այլ հայկական ոգով արված ստեղծագործություններ: 1896 թ. Համիդյան ջարդերից հետո Այվազովսկին մեծ ցուցահանդես է կազմակերպում Օդեսայում եւ ստացված ողջ գումարը բաժանելով երկու հավասար մասի, փոխանցում է Օսմանյան կայսրության բարբարոսություններից տուժած հայ եւ հույն ընտանիքներին»:
Հեղինակը նշում է, որ Այվազովսկին հաճախ է այցելել Հայաստան, եղել է սուրբ Էջմիածնում եւ արժանացել ամենայն հայոց կաթողիկոսի ջերմ ընդունելությանը:
Ի դեպ, վերլուծաբան Դավթյանը մատնանշում է նաեւ այն փաստը, որ Ազիզյանի ռուսերեն աշխատությունում առկա են բազմաթիվ ուղղագրական եւ քերականական սխալներ:
Ստացվում է, որ հայկական մշակութային փաստերի կեղծումը տվյալ դեպքում արվել է դիլետանտի կողմից եւ պարզապես ունեցել է հակահայկական միտում: Բացի այդ, չի բացառվում, որ Ազիզյան կեղծանունով հանդես եկող այդ անձնավորությունը բնավ էլ հայ չէ: