Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԻ LOVE STORY-ԻՆ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ…

Հունիս 24,2009 00:00

Նրա կյանքի անկանխատեսելի իրադարձություններն ու նախասիրությունները

\"\"Սեր՝ ատամնաբույժի այցելելիս

Սերը, որ ամուսնությունից առաջ ծնվեց, արդյունք էր նրա, որ ես որոշեցի գնալ ատամնաբուժարան: Հենց առաջին պահից իմ մեջ հետաքրքիր զգացողություններ առաջացան, երբ տեսա, որ բժշկուհիս բարետես ու ժպտերես անձնավորություն է: 10 օր բուժում ընդունելուց հետո, որոշեցի, որ նրան պետք է դուրս հրավիրեմ զրուցելու: Իհարկե, առաջին անգամ մերժեց. ըստ էության՝ դեռ խնդիր կար հասկանալու, որ ես համակրանքի պատճառով եմ նրան հրավիրում եւ նաեւ այն, որ նա երբեք ընկեր չէր ունեցել՝ այս կտրվածքով էլ կոմպլեքսներ ուներ: Հետո ամեն ինչ շատ անակնկալ արագ զարգացավ: Կարծում եմ, որ տվյալ պարագայում միշտ չէ, որ երկար ժամանակ է պետք մարդու հետ ծանոթանալու համար: Մինչեւ հիմա կինս՝ Արմինեն, ծիծաղում է, ասելով, որ բոլոր հարցերում բծախնդիր եմ ու դժվար եմ որոշում կայացնում, այդ ոնց եղավ, որ այս մի հարցում շատ արագ որոշեցի ու իրեն առաջարկ արեցի: Մենք մեկուկես ամիս ընկերություն արեցինք. Նոր Նորքի շատրվանների մոտ գտնվող սրճարաններից մեկում նրան ամուսնության առաջարկություն արեցի: Շատ հետաքրքիր զգացողություն էր, չնայած անմիջապես «այո» չասաց: Իմ նշանադրության արարողությունն էլ մի արկած էր հիշեցնում. դա 2006 թ. սեպտեմբերի 29-ին էր, եւ ես նույն օրը պիտի երեկոյան մեկնեի Լոնդոն՝ մասնակցելու տարածաշրջանի կոնֆլիկտների ու անվտանգության վերաբերյալ բավականին մեծ ու հեղինակավոր քննարկման: Ըստ էության՝ Արմինեի հարազատներն ինձ այդքան էլ լավ չէին ճանաչում ու ես պատկերացնում եմ, թե ինչքան տարօրինակ էին նայում, երբ մենք գնացինք նրանց տուն նշանադրության ու ես ասացի, որ խնդրում եմ արագացնել այս արարողությունը, որովհետեւ պետք է գնամ օդանավակայան: Նոյեմբերի 2-ին մենք հարսանիքով ամուսնացանք: Իսկ ընդհանուր առմամբ իմ ուշ ամուսնանալու պատճառը ոչ միայն այն է եղել, որ մեր ընտանիքում ընդունված չէ շուտ ամուսնանալը, այլեւ այն, որ վերջին տարիներին առաջին հերթին խելապատառ կարեւորում էի աշխատանքը, կարիերան, ու եթե այդ ժամանակ չամուսնանայի՝ կսկսվեր քարոզարշավը ու խորհրդարանական ընտրությունների ընթացքում այդպես էլ չէի ամուսնանա:

Պատգամավորի նախընտրած կանայք

Կանանց հարցում ինձ համար թիվ մեկ չափանիշը խելացի եւ կարդացած լինելն է, իհարկե՝ նաեւ այն, որ ոչ մի տղամարդ դեմ չի լինի, որ իր կինը լինի բարետես, գեղեցիկ: Ես նախընտրում եմ խելոք կանանց: Եվ ընդհանրապես կարծում եմ, որ կնոջը ամենամեծ հմայք տվողը խելքն է, միտքը, որը նրա համար նաեւ արտաքին աուրայի աշխարհ է պայմանավորում: Շատ է պատահում, երբ ոչ այնքան գեղեցիկ կանայք հրապուրիչ ու գայթակղիչ են լինում, որովհետեւ հետաքրքիր աուրայով են լինում ու հետաքրքիր ներքին ու արտաքին աշխարհ են ունենում:

Պոմիդորով ձվածեղը՝ նյարդայնացնող հանգամա՞նք

Իմ սովորություններից ամենադժվարը, որի հետ բավականին բարդ են համակերպվել թե ծնողներս, թե կինս, դա ուտելու խնդիրն է եղել: Այդ առումով շատ քմահաճ եմ: Ինձ համար ճաշացանկում կան արգելված եւ չարգելված ճաշատեսակներ: Հիշում եմ, որ ծնողներս միշտ ասում էին՝ երազում ենք այն օրը, որ դու գնալու ես Երեւան ուսանող դառնաս՝ մենք ամուսիններով կարողանանք նորմալ ճաշ ուտել: Պոմիդորով ձվածեղ շատ եմ սիրում, ամեն օր ուտում էի՝ ինչն էլ նյարդայնացնում էր բոլորին: Հաճախ ծնողներս անհանգստանում էին, մտածելով, որ դրա արդյունքում ես ինչ-որ հիվանդություն ձեռք կբերեմ: Ուտելը համարում եմ ժամանակի անիմաստ վատնում եւ այդ առումով նախանձում եմ այն մարդկանց, ում համար ուտելը արարողություն է:

Նախասիրությունները. «կախվածություն» ինֆորմացիայից

Շատ եմ սիրում սպորտ, հատկապես՝ լող: Ցավոք, ժամանակս շատ սահմանափակ է, որ ինձ թույլ տամ գնալ լողավազան: Երբ գործուղման եմ մեկնում ծովափնյա վայրեր կամ այնպիսի հյուրանոցային համալիրներ, որտեղ կան ֆիթնես սրահներ, լողավազաններ՝ աշխատում եմ առիթը բաց չթողնել: Սիրում եմ նաեւ կարդալ: Իմ կյանքում մի բան եմ հայտնաբերել. ինֆորմացիան ինձ համար դարձել է թմրադեղի պես մի բան, եւ եթե ես գտնվեմ մի վայրում, որտեղ ինֆորմացիայի պակաս կա, սկսում եմ նեղվել ու փորձում եմ հեռանալ այդտեղից եւ ինչքան հնարավոր է՝ մոտենալ ինֆորմացիային: Սիրում եմ լինել այնպիսի քաղաքներում, որտեղ ինֆորմացիան, այսինքն՝ ինձ համար հաճելին, աշխատանքն ու օգտակարը զուգահեռված են. այս առումով շատ եմ սիրում Լոնդոնը:

Գնահատելով հինը…

Կար մի ժամանակ, երբ ուր գնում էի՝ բերում էի գարեջրի գավաթներ, բայց ոչ միայն նրա համար, որ գարեջուր եմ սիրում, այլ պարզապես դա դարձել էր հավաքածուի պես մի բան: Որոշ ժամանակ անց հայտնաբերեցի, որ ամբողջ տունն այդ գավաթներն են, եւ այլեւս տեղ չկա դնելու: Ընդհանուր առմամբ, չեմ կարծում, որ ինչ-որ բաներ հավաքելն ինձ համար հոբի է: Օրինակ, շատ սիրում եմ տանն ունենալ անտիկվար, հին իրեր՝ դրանք սերնդեսերունդ փոխանցելով:

Դաստիարակի դերում չի սիրում լինել…

\"\"Տնից դուրս եւ տնից ներս իմ վարքագիծը բավականին տարբեր է, որովհետեւ դրսում կարող եմ դիմացինիս սխալները չնշել, շրջանցել: Դրսում հարաբերվում եմ այսպես. եթե ինչ-որ մեկի մոտ կա լավ կողմ, ապա ես հարաբերվելու եմ նրա հետ այդ կողմով ու իմ խնդիրը չէ վերադաստիարակել նրան, փոխել նրա այն հատկանիշները, որոնք ինձ դուր չեն գալիս: Կարող եմ նյարդայնանալ, եթե այդ սխալը թույլ են տալիս իմ ընտանիքի անդամները, դրանք չեմ կարող անտեսել ու այս առումով շատ բռնկուն եմ: Բայց թե դրսում, թե տանը հիշաչար չեմ:

Չի հերքում, բայց չի էլ տարվում…

Ուսանողական տարիներին եթե նայել են իմ սուրճի բաժակը, ապա դա թեկուզ հաճելի, բայց պարապությունից դրդված զբաղմունք է եղել: Հատուկ չեմ գնացել ինչ-որ մեկի մոտ գուշակության: Բայց սուրճի բաժակ նայելու դեպքեր շատ են եղել, երբ ինչ-որ մեկը ներկայացել է, որ կարող է գուշակություն անել: Չեմ ուզում ասել, որ չեմ հավատում նման բաների, բայց սնոտիապաշտությանը տուրք չեմ տալիս: Չնայած մասնագիտության բերումով բավականին ռացիոնալ գիտություն եմ ուսումնասիրել՝ ֆիզիկա, մաթեմատիկա, գեոֆիզիկա, բայց դա չի նշանակում, որ հավատում եմ աշխարհի ռացիոնալ ստեղծման տեսությանն ու չեմ հավատում աստվածաշնչյան կամ կրոնական այլ պատկերացումներին: Համենայնդեպս, չեմ փորձում հերքել դրանք, եթե անգամ հակասության մեջ են ռացիոնալ գիտությունների հետ:

Երազանքներ կամ անկանխատեսելի իրադարձություններ

Մանկուց իմ երազանքները շատ կոնկրետ ու հստակ չեն եղել, սահմանափակվել եմ ընդամենը նրանով, որ կուզենայի լինել հասարակության մեջ հարգված, հեղինակություն ունեցող, պիտանի մարդ: Բայց կոնկրետ մասնագիտությունների առումով նպատակներս ու երազանքներս հաճախ են փոխվել: Անկանխատեսելին իմ կյանքում շատ է եղել, եւ երբ ինձ հարցնում են, թե ինչ եմ անելու հաջորդ էտապում՝ չգիտեմ, բայց դա չի նշանակում, թե ես պլաններ չեմ կառուցում…

Եթե հնարավոր լիներ ետ պտտել ժամանակի անիվը, ապա…

Ես ժամանակի անիվը ետ կպտտեի՝ մինչեւ իմ մասնագիտության փոփոխության պահը, բայց ոչ թե նրա համար, որ ափսոսում եմ իմ անցած ճանապարհի համար, այլ կարծում եմ, որ շատ ավելի հետաքրքիր կլիներ իմ կյանքը, եթե, օրինակ, գնայի արվեստի ուղղությամբ: Փոքր ժամանակ նկարում էի ու շատ լավ, ըստ որում՝ հույսեր էի փայփայում, որ դառնալու եմ լավ նկարիչ… Բայց տարիների ընթացքում այդ գիծն ինձ մոտ այնքան չզարգացավ, եթե հիմա ինչ-որ բան նկարեմ, ապա ամաչելով կպահեմ, որովհետեւ իմ մանկական տարիքի նկարները շատ ավելի հաջողված կլինեին, քան այն, ինչ հիմա նկարեմ: Կուզենայի լինել արվեստի ոլորտում…

Բծախնդիր է նույնիսկ նվերներ ընտրելիս

Մեծ բավականություն եմ ստանում հարազատներիս համար նվեր գնելիս: Եթե երկարաժամկետ բացակայում եմ երկրից, ապա բացառված է, որ կնոջս, քույրերիս, եղբորս ու զարմիկներիս որեւէ նվեր չգնեմ: Կարճաժամկետ ուղեւորությունների ընթացքում փոքր-ինչ դժվարանում եմ նվերների ընտրության հարցում, որովհետեւ բծախնդիր եմ՝ դժվար եմ ընտրություն կատարում: Բայց որպես քեռի, ամուսին ու հորեղբայր, շատ եմ սիրում իմ պարտականությունները կատարել: Կնոջս շատ եմ սիրում ծաղիկներ նվիրել, թեպետ այլ նվերներ էլ եմ անում: Օրինակ, օծանելիքի հարցում մի քանի անգամ ձախողվել եմ. հասկացա, որ կնոջս նախընտրած օծանելիքը միանգամայն այլ է, ու ես երբեք չեմ կարողանում գուշակել, թե նա ինչ բույր է նախընտրում: Հագուստի առումով գիտեմ՝ ինչ է սիրում ու այն, ինչ նվիրում եմ կնոջս՝ նա հաճույքով է հագնում: Ինչ վերաբերում է ինձ, ապա այն նվերները, որոնք իմ հիշողության մեջ մնացել են՝ դա քրոջս նվիրած գրքերն են, որոնք երազում էի ունենալ:

Ձմեռ պապի գոյությանը հավատացել է, մինչեւ …

Չեմ հիշում, թե որ տարիքից եմ դադարել հավատալ Ձմեռ պապի գոյությանը: Երեւի ինչ-որ մեկն ասել է, որ նա իրականում չկա, բայց ծնողներս միշտ էլ բարձիս տակ ինչ-որ նվեր պարտադիր դրել են, չնայած Ձմեռ պապին երբեք նամակ չեմ գրել ու նրանից ինչ-որ բան խնդրել: Հիշում եմ, որ յուրաքանչյուր հունվարի 1-ին բարձիս տակից մի բան հանում էի, ի դեպ, բարձի տակ դնելը նոր երեւույթ չէր. հայրս երաժիշտ էր, նա հաճախակի հարսանիքների էր մասնակցում՝ դհոլ նվագում եւ երգում ու յուրաքանչյուր շաբաթ- կիրակիից հետո ես բարձիս տակ պարտադիր 3, կամ 5 ռուբլիանոց էի հայտնաբերում: Ու քանի որ փոքր էի, քույրս, որն ինձնից 5 տարի մեծ էր, միշտ խաբում էր ինձ, ձեռքիցս վերցնում էր փողերը, չնայած մյուս կողմից էլ ես գյուղում էի ու ծախսելու տեղ չունեի…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930