Լրատվական գործակալությունները տեղեկացնում են, որ Էստոնիայի մայրաքաղաքում անցկացվել է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 80-ամյակին նվիրված անդրանիկ բաց մրցաշարը, որի հաղթող են դարձել Ռոբերտ Դուբրովինը եւ Գեորգ Ներոն:
Մրցաշարը լուսաբանած լրատվամիջոցները տեղեկացնում են, որ մրցաշարի մասնակիցների մեջ եղել են մեր մեծ հայրենակցի հասակակիցներ, որոնք աշխարհի չեմպիոնի կենդանության օրոք շփվել են նրա հետ, անգամ հանդիպել խաղատախտակի առջեւ: Նրանք հանդիպումների եկել են լուսանկարներով, հիշարժան փաստաթղթերով եւ հուշանվերներով: Մասնավորապես, միջազգային մրցավար Լեմբիտ Վախեսաարը, որը սպասարկել է Կարպով-Կասպարով նշանավոր մրցամարտը, ցուցադրել է պատմական մի փաստաթուղթ՝ Տիգրան Պետրոսյանի դիմում-բողոքի բնագիրը «Տալլին-79» մրցաշարում, որի ժամանակ Պետրոսյան-Յան Էլվեստ պարտիայի ժամանակ էստոնացի շախմատիստը 10 րոպեով լքել է մրցաշարի դահլիճը:
Լրատվամիջոցները նաեւ այնպիսի տպավորություն են ստացել, ասես շախմատային Էստոնիան սպասում էր Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարին եւ հույս հայտնել, որ այն իր հաստատուն տեղը կունենա Էստոնիայի շախմատային օրացույցում: