Լրահոս
Օրվա լրահոսը

«Օլիմպիական խաղեր»՝ Երեւանում

Հունիս 24,2009 00:00

\"\"«Կապույտ երկինք, կարմիր արեւ, առողջություն, խաղաղություն». սա այն ամենն է, ինչ երկրագնդի համար ցանկացան «Օլիմպիական խաղերի» մասնակից, մայրաքաղաքի թիվ 296 համալիր մանկապարտեզի ավագ խմբի սաները՝ երկրագնդի եւ մարդկության համար: Մանկապարտեզում երեկ կազմակերպված սպորտային միջոցառումը «Օ՜, սպորտ, դու խաղաղություն ես» խորագիրն ուներ: Այն կյանքի կոչվեց օլիմպիական խաղերի սցենարով՝ օլիմպիական կրակի վառումից մինչեւ մրցություններ եւ պարգեւատրումներ: «Օլիմպիական» մեդալներ եւ դափնիներ ստացան հայ օլիմպիական եւ աշխարհի չեմպիոններ Հրանտ Շահինյանին, Ալբերտ Ազարյանին, Յուրի Վարդանյանին, Վլադիմիր Ենգիբարյանին մարմնավորած մանկապարտեզի սաները: Մանկապարտեզի ֆիզկուլտ-հրահանգիչ Օֆելյա Մադյանն «Առավոտի» հետ զրույցում միջոցառման նպատակն այսպես պարզաբանեց. «Փոքրիկ երեխաների մեջ պատկերացում ենք ցանկանում ստեղծել օլիմպիական խաղերի մասին: Որպեսզի այս տարիքից իրենք հասկանան ու կարեւորեն սպորտի տեղը, դերը մարդու կյանքում, նաեւ՝ մեծամեծ մրցույթների նշանակությունը: Սպորտը ոչ միայն առողջություն է, այլ նաեւ վայելուչ կազմվածք. այս մասին երեխան հենց մանկապարտեզում պիտի իմանա, որպեսզի դպրոցում ավելի լուրջ վերաբերմունք դրսեւորի սպորտի նկատմամբ: Բացի այդ՝ գեղեցիկ սպորտային միջոցառում է, կազմակերպվածություն եւ կոլեկտիվ դաստիարակություն»: Իսկ մանկապարտեզի տնօրեն Կարինե Օհանյանը իր ղեկավարած հիմնարկում հատկապես է կարեւորում երեխաների ֆիզիկական պատրաստվածությունը, քանի որ նաեւ դրանով է պայմանավորված, թե վաղը մենք ինչպիսի քաղաքացիներ ենք ունենալու: Իսկ որ իր սաներից հաղթահարելու են իսկական օլիմպիական բարձունքները՝ տիկին Օհանյանը կասկած չունի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել