Շվեյցարիայի Նիոն քաղաքում անցկացվեց Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին ու երկրորդ փուլերի վիճակահանությունը:
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում մեկնարկելու է որակավորման երկրորդ փուլից եւ մրցակիցը լինելու է Խորվաթիայի ներկայացուցիչ Զագրեբի «Դինամոն»: ՉԼ-ի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումները կայանալու են հուլիսի 14/15-ին, իսկ պատասխան խաղերը՝ հուլիսի 21/22-ին Եվրոպայի լիգայում (ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության մրցաշարը վերանվանվել եւ այսուհետեւ կրում է «Եվրոպայի լիգա» անունը) մեր հանրապետությունը ներկայացնում են «Գանձասարը», «Բանանցը» եւ «Միկան»: Վերջին երկուսը մեկնարկելու են առաջին, իսկ «Գանձասարը»՝ երկրորդ փուլից: «Բանանցը» կհանդիպի «Շիրոկի Բրիեգի» (Բոսնիա), իսկ «Միկան»՝ «Հելսինգբորգի» (Շվեդիա) հետ: Իսկ ինչ վերաբերում է «Գանձասարին», նրա մրցակիցը Հոլանդիայի «ՆԱԿ Բրեդան» է: Եվրոպայի լիգայի առաջին փուլի խաղերը նշանակված են հուլիսի 2-ին եւ 9-ին, իսկ երկրորդինը՝ հուլիսի 16-ին եւ 23-ին:
Մեկնաբանելով վիճակահանության արդյունքները՝ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը լրատվամիջոցներին ասել է. «Վիճակահանությունը մեզ բաժին հանեց Չեմպիոնների լիգայի մրցաշարի ամենաուժեղ ակումբներից մեկին: Խորվաթական թիմը, անկասկած, ոչ ոքի համար նվեր չէ: Մենք նրանց ծանոթ չենք, սակայն այսօրվանից եւեթ սկսելու ենք ուսումնասիրել մեր մոտակա մրցակցին: Մի բան պարզ է. հաջորդ փուլ անցնելու համար մենք պետք է մի լավ քրտնենք: Հուսով եմ, որ մեր տղաներն ամենայն պատասխանատվությամբ կվերաբերվեն այդ հակամարտությանը»: Տեղեկացնենք, որ առաջին հանդիպումը «Փյունիկն» անցկացնելու է հարազատ հարկի տակ:
«Բանանցի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի խոսքերում մի փոքր ավելի հանգստություն է նշմարվում: «Անկեղծ ասած, մենք մրցակցին բացարձակ չենք ճանաչում,- հայտարարել է նա վիճակահանությունից հետո:- Ճիշտ է, Հայաստանի հավաքականը հանդիպել է բոսնիացիների հետ, բայց սա միանգամայն այլ հարթություն է: Մենք կաշխատենք ուսումնասիրել մեր մրցակցին, որպեսզի նրա մասին իմանանք ամեն բան: Մենք պետք է տրամադրվենք բացառապես հաղթանակի: Հույս ունեմ, որ այդ խաղերից առաջ մենք մեր թիմը կուժեղացնենք՝ լավ հանդես գալու համար բավարար հիմքեր ստեղծելով»: