Լրահոս
Օրվա լրահոսը

«Միությունները պետք են»

Հունիս 24,2009 00:00

Կարծում է Մոսկվայի կոմպոզիտորների միության անդամ Արտյոմ Կոկժաեւը

\"\"
Մ. Բրոնները (ձախից),
Ա. Թալալյանը եւ Ա. Կոկժաեւը:

Երեկ Կամերային երաժշտության տանն ավարտվեց ապրիլի 4-ից մեկնարկած թավջութակի երաժշտության երկրորդ փառատոնը (գեղարվեստական ղեկավար՝ Երեւանի պետկոնսերվատորիայի դոցենտ Արամ Թալալյան)՝ նվիրված հայ թավջութակի դպրոցի հիմնադիր եւ երախտավոր Գերոնտի Թալալյանի հիշատակին:

Ջերմ ընդունվեցին հատկապես Մոսկվայի կոմպոզիտորների միության անդամ Արտյոմ Կոկժաեւի ութ թավջութակի համար գրված երկու պիեսը մեկ սյուժեով՝ «Շնիկով տիկինը», «Շների մենուետ» եւ Ռուսաստանի կոմպոզիտորների միության քարտուղար Միխայիլ Բրոնների «Յակովի աստիճանները» կվարտետն ու «Արցունքների այգի» ստեղծագործությունը՝ գրված երգչախմբի եւ թավջութակի համար:

«Առավոտը» կարճատեւ հարցազրույց ունեցավ Ա. Կոկժաեւի հետ: Ժամանակակից հայ կոմպոզիտորական դպրոցի անվանի անուններից Միխայիլ Կոկժաեւի որդին՝ Արտյոմը պատմեց, որ 1996թ. Երեւանի կոնսերվատորիան (պրոֆեսոր Էդ. Հովհաննիսյանի դասարան) ավարտելուց հետո մեկնել է Մոսկվա վերապատրաստման՝ կոմպոզիտոր, ՌԴ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ալեքսանդր Չայկովսկու մոտ: Եվ ստացվել է այնպես, որ վերջինիս մոտ ավարտել է նաեւ ասպիրանտուրան: «1999 թ. Մոսկվայի կոմպոզիտորների միության անդամ եմ, ստեղծագործական կյանքիցս դժգոհելու առիթ չունեմ. երկերս մշտական «շրջանառության» մեջ են, հրատարակվում են ստեղծագործություններս, օրինակ, հայկական հոգեւոր թեմաներով 1998թ. գրված դաշնամուրային տրիոն եւ մյուսները: Մասնակիցն եմ «Մոսկովյան աշուն», «Ռուսաստանի երիտասարդական ակադեմիա» ամենամյա փառատոների: Կարծում եմ, շուտով Էստոնիայում կբեմադրվի Շարլ Պերոյի «Ավանակի կաշի» հեքիաթ-բալետը: Այս օրերին Երեւանում ծանոթացա հիանալի սոպրանո Հասմիկ Բաղդասարյանի հետ: Հավանաբար նրան կառաջարկեմ Կատենինի պոեմի հիման վրա գրված «Նատաշա» մոնոօպերան…»,- ասաց երիտասարդ կոմպոզիտորը: Հարցին՝ արդյո՞ք ռուսաստանյան կոմպոզիտորների միությունները արդարացնում են իրենց, թե՞ դրանք խորհրդային տարիների նման շարունակում են լինել երաժշտական գեներալներով միավորումներ, Ա. Կոկժաեւը պատասխանեց. «Եթե նախկինում միությունները պետական կառույցներ էին, այսօր դրանք հասարակական են: ԽՍՀՄ ողջ տարածքում այսօր գործում են եւ պե՛տք է գործեն նման միություններ: Մշակույթի զարգացմանը խթանում են հենց այդ կառույցները: ԽՍՀՄ նախկին տարածքում էլ պետությունը մասնակի աջակցություն էր ցուցաբերում, բայց անհրաժեշտ է, որ ակտիվանան հովանավորները՝ արեւմուտքի իրենց գործընկերների օրինակով, որպեսզի հովանավորությունը կրի սիստեմատիկ բնույթ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել