Լրահոս
Օրվա լրահոսը

«Տասը նախարարն էլ չի փրկի»

Հունիս 24,2009 00:00

Ըստ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ հայ ծնողների անհանգստությունը շատ դժվար է փարատել:

\"\"Երեկ ավարտվեց միասնական քննությունների առաջին փուլը: Ըստ որոշ ծնողների՝ դա սթրեսային մի ժամանակահատված էր՝ համեմված բազում անակնկալներով: ԿԳ նորանշանակ նախարար Արմեն Աշոտյանը, հավատարիմ մնալով իր՝ այս տարի ձեւավորած ավանդույթին, երեկ եւս այցելեց մարզում գտնվող քննակենտրոն՝ հետեւելու ռուսաց լեզվի քննությանը: Նա հյուրընկալվեց Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արարատ Գոլեցյանի անվան թիվ 1 դպրոց: Մինչ նախարարի ժամանելը, «Առավոտը» զրուցեց քննակենտրոնի դիմաց հավաքված ծնողների հետ, որոնք սկզբում դպրոցի փակ դարպասների հետեւում, հետո ավելի ազատ պայմաններում խմբված զրուցում էին ընդունելության քննություններին վերաբերող տարբեր հարցերից:

«Առավոտը» նրանց խնդրեց ամփոփել միասնական քննությունների անցկացման գործընթացը: Ծնող Նունե Ջամալյանն ասաց. «Այս տարի այնքան անակնկալներ են եղել, որ չենք կարող ասել, թե ռուսաց լեզվի քննության ժամանակ ինչ կլինի: Դա ցույց տվեց մաթեմատիկայի եւ հայոց լեզվի քննությունների փորձը: Օրինակ՝ հայոց լեզվի պարագայում առաջադրանքների ձեւակերպումները հստակ չէին, երեխան մտածում էր նախ հարցը հասկանա, հետո տրամաբանի պատասխանի վրա: Այնինչ, պիտի այնպես լինի, որ հարցը մատչելի լինի եւ երեխան մտածի պատասխանի վրա: Որպես ծնող մտածում եմ, որ սթրեսային վիճակը, լարվածությունը մեծ էր: Թեստերով կարծես երեխաներին նսեմացրին, այնպիսի տպավորություն էր, կարծես երեխաներին ուզում էին ասել, թե դուք լավ չգիտեք, դուք վատն եք… ախր չի կարելի երեխաներին այդպես կոտրել»: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարելի է անել նման իրավիճակից խուսափելու համար: Մի ծնող պատասխանեց. «ԿԳՆ-ում չեն կարողանում այդ հարցը լուծել, մե՞նք ոնց լուծման ճանապարհներ ասենք»: Մեկ այլ ծնող էլ ավելացրեց. «Թեստերը այնպես պիտի կազմված լինեն, որ լիարժեք երեխաների գիտելիքները գնահատեն, իսկ այս դեպքում ավելի շատ ստուգվում էր տրամաբանությունը»:

Մեզ հետ զրույցում մի ծնող էլ խոսեց այն մասին, որ օտար լեզվի քննության ժամանակ թիվ 1 դպրոցում երեխաներին հուշաթերթիկներ են բաժանվել, բայց երբ նախարարի հետ զրույցում լրագրողները հարցը բարձրացրին, այդ ծնողը «բերանը ջուր առավ»: Իհարկե, սա հասկանալի է, քանի որ զրույցին մասնակցում էր նաեւ Արարատի փոխմարզպետը, իսկ Արտաշատն այնքան էլ մեծ քաղաք չէ: Բայց այս դեպքում գործեց նաեւ ձեւավորված վատ ավանդույթը՝ կարծիք հայտնել, բայց հետո, պաշտոնյա տեսնելիս ոչ միայն տեր չկանգնել սեփական կարծիքին, թաքնվել լրագրողի թիկունքում, այլեւ ճիշտ հակառակը՝ բացել «ամեն ինչ հրաշալի է, շատ շնորհակալ ենք»-ի տոպրակը… Նախարարի հետ զրույցում ծնողները խոսեցին իրենց հուզող տարբեր կրթական հիմնախնդիրների մասին: Օրինակ՝ հայտ լրացնելու հետ կապված խոսակցության ժամանակ նախարարն ասաց. «Հայտնի մարդկանցից մեկի դուստրը դիմում-հայտում ընդամենը լրացրել է 2 տող՝ իրավաբանական ֆակուլտետ՝ անվճար եւ վճարովի: Ըստ ամենայնի, նրա միավորները չեն հերիքի այդտեղ ընդունվելու համար, բայց նա ստացել է դրական միավորներ եւ կարող էր այլ տեղ ընդունվել, եթե, իհարկե, դիմում-հայտում լրացրած լիներ»: Իսկ լրագրողների հետ զրույցում նախարարը «մինի» ամփոփում արեց ընդհանրապես կրթական ոլորտի այլ գործընթացների վերաբերյալ, սակայն չցանկացավ բացել բոլոր փակագծերը՝ ասելով, թե այդ դեպքում ամփոփիչ ասուլիսին ոչ ոք չի մասնակցի: Փոքր-ինչ անկեղծանալով՝ նախարարն ասաց. «Ցանկանում եմ այս ամենը շուտ ավարտվի, քանի որ մեր նախարարությունը ոչ թե ընդունելության քննությունների, այլ կրթության եւ գիտության նախարարություն է: Այս էտապը հսկայական նյարդեր եւ ժամանակ է պահանջում մեզանից եւ թույլ չի տալիս զբաղվել ոլորտի բովանդակային խնդիրներով: Առաջիկայում նախապատրաստվում ենք հանդես գալ կրթության ոլորտի օրենսդրական փոփոխությունների փաթեթով»:

Անդրադառնալով ասպիրանտուրայի եւ մագիստրատուրայի ընդունելության գործընթացին՝ նախարարն ասաց. «Նախնական տվյալներով ասպիրանտուրայում ունենք 30 թափուր տեղ, անգամ թափուր են մնացել այնպիսի հանրային հետաքրքրություն ունեցող մասնագիտությունների տեղեր, ինչպիսիք են կառավարումը եւ միջազգային հարաբերությունները: Ասպիրանտական տեղերի վերաբաշխում ենք արել հօգուտ հայ ժողովրդի պատմության, լրագրության, ֆիզիկայի եւ այլ մասնագիտությունների գծով: Թափուր տեղերի առաջացման պատճառներից մեկն էլ օտար լեզվի քննությունն է, որը դժվարհաղթահարելի է: Մագիստրատուրայում եւս ունենք թափուր տեղեր»:

«Առավոտը» Ա. Աշոտյանին փոխանցեց ծնողների այն բնորոշումը, թե ընդունելության քննությունների էտապը սթրեսային էր եւ երբեմն անցնում էր նսեմացուցիչ պայմաններում: Նա պատասխանեց. «Պատճառը ծնողների, հասարակության անհանգստությունն է իրենց երեխայի ճակատագրով: Տասը կրթության նախարար էլ նշանակենք, եթե հայ ծնողը անհանգիստ է իր երեխայի համար, որեւէ նախարար դա չի կարող ամբողջությամբ փարատել: Մեր խնդիրն է ցույց տալ, որ գործընթացը վստահելի է, արդար եւ ծնողի անհանգստությունը կարող է տեղավորվել ընդամենը իր զավակի հանդեպ եղած անհանգստության սահմաններում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել