Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՁԻՆ ԽԱԽՏՈՒՄՆԵ՞Ր, ԹԵ՞ ԿՈՌՈՒՊՑԻԱ

Հունիս 24,2009 00:00

Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Գ. Հովսեփյանին

\"\"Այս տարվա դպրոցական ավարտական եւ միասնական քննություններն՝ ընդհանրապես, իսկ «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի քննական թեստը՝ հատկապես մեծ աղմուկ բարձրացրին ամբողջ հանրապետությունում: Սակայն հատկանշականն այն էր, որ բոլոր արձագանքները վերաբերում են միայն մասնագիտական բարդություններին եւ անճշտություններին, եւ բոլորիս ուշադրությունից դուրս է մնացել, ավելի ճիշտ՝ ընդհանրապես չեն քննարկվում երեւույթի սոցիալական, բարոյական, հոգեբանական եւ իրավական կողմերը:

Եթե նույնիսկ չկարեւորենք այն, որ հիշատակված երեւույթը բավական լուրջ հոգեբանական եւ բարոյական հարված հասցրեց հազարավոր ծնողների, ուսուցիչների եւ, որ ամենավտանգավորն է, խաթարեց բոլոր շրջանավարտների հավատը պետության ու կառավարության գործունեության հանդեպ, չենք կարող անտեսել այն, որ ինչպես հրապարակումներում եւ հրապարակային ելույթներում տեղ գտած որոշ մտքեր, այնպես էլ հասարակության մոտ տիրող տրամադրությունները աղաղակում են, որ տեղի է ունեցել առնվազն երկու հնչեղ խախտում. առաջին՝ խախտվել է սոցիալական արդարությունը, երկրորդ, որ սոցիալական անարդարության նման դրսեւորումներն իրենց հիմքում անպայման ունենում են օրենքի կամ օրենքների խախտման լուրջ դեպքեր:

Միայն հրապարակումներում եւ հրապարակային ելույթներում տեղ գտած մտքերի վերլուծությունը հուշում է, որ հասարակության նման ընդվզումն իր հիմքում ենթադրում է իրավական լուրջ խախտումներ:

Բերենք մի քանի օրինակներ՝

«…Առկա են ֆինանսական հնարավորություններ, որոշակի դիրք կամ պաշտոն ունեցողների երեխաների՝ այս համատեքստում չափազանց բարձր գնահատականներ ստանալու դեպքեր, որոնք հերքում են քննության հետ կապված ինֆորմացիայի գաղտնիությունը եւ ընդհակառակը՝ հաստատում են թեստերի պատասխանների առք ու վաճառքի վերաբերյալ ազգաբնակչության մեջ շրջանառվող լուրերն ու տեղեկությունները: Կան դեպքեր, երբ անհամեմատ ցածր ունակություններ եւ գիտելիքների մակարդակ ունեցող որոշ ունեւորների երեխաներ վերին պայծառատեսությամբ լուսավորված՝ հանկարծ ստացել են 19-20 միավորներ»:

«…Ասում են՝ գները հասցրել եք 50000-ի… եթե գինը հասել է 50000-ի, դա նշանակում է, որ դժվար է այդ բանն անելը…»:

«Ցավում եմ, բայց կա նման բան, որ ամենաթույլերը ստանում են ամենաբարձր բալերը»:

«Մենք աշխատել ենք առանց վարձատրության, անվճար, աշխատանքից հետո, ուշ ժամերի, հոգնած վիճակում»:

«Մենք այդ ամենն արել ենք մեր դիմորդների համար», եւ անմիջապես իրեն ուղղում է՝ բացատրելով. «ես, որ ասում եմ մեր դիմորդներ, նկատի ունեմ Հայաստանի բոլոր դիմորդներին»: Այս վերջինը հոգեբանական վերլուծության նյութ է, քանի որ սովորաբար մարդն ինքն իրեն լրացնում կամ ուղղում է այն դեպքում, երբ ինքը իր սուտ կամ սխալ խոսքը լսելու պահին ենթադրում կամ ավելի շուտ վախենում է, որ ասածն այդ պահին տեղին չէ կամ լսողները նույնպես կհասկանան, որ սուտ է ասում:

Եթե դրան ավելացնենք հասարակության մեջ շրջանառվող խոսակցությունները, որոնք, ի դեպ, գալիս են թեստ կազմող մասնագետներից, «Մասնագետներն ինչ մեղք ունեն: Նրանց ինչ պատվիրել են, այն էլ կատարել են», ապա իրավունք չունենք չենթադրելու, որ 2009թ. ավարտական եւ միասնական քննությունների կազմակերպման եւ անցկացման հիմքում առկա են կոռուպցիայի տարրեր:

Օրինակ՝ ինչո՞ւ են թեստ կազմողները աշխատել առանց վարձատրության, ինչո՞ւ ըստ արժանվույն չի գնահատվել նրանց ծավալուն եւ բարդագույն աշխատանքը, ինչո՞ւ կառավարությունը գումար չի հատկացրել այս պատասխանատու գործի համար: Իսկ եթե հատկացրել է, ապա ո՞ւր է այդ գումարը:

Ակնկալում ենք, որ Ձեր կողմից քննության կառնվեն ներկայացված հրապարակումները, կճշտվի, թե արդյոք ներկայացված երեւույթի մեջ կա՞ն իրավական խախտումների հիմքեր, կոռուպցիայի տարրեր կամ գուցե կոռուպցիայի լուրջ դրսեւորում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել