Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ Է ՊԵՏՔ

Հունիս 24,2009 00:00

\"\"Երեկ կայացած ռուսերենի քննությունը փակեց միասնական պետական եւ ավարտական քննաշրջան-2009-ը (չհաշված առաջիկայում սպասվող լրացուցիչ քննությունները): Այդ կապակցությամբ «Առավոտը» կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանին խնդրեց ամփոփել քննաշրջանը:

– Պարոն Մկրտչյան, ավարտվեց միասնական պետական քննությունների առաջին՝ գլխավոր փուլը: Ինչպե՞ս կգնահատեք այն:

– Թվում է՝ լավ լիներ, թե վատ, ես՝ որպես այս հարցում շահագրգիռ մարդ (հիշեցնենք, որ Մ. Մկրտչյանը, մինչեւ ԿԳ փոխնախարար նշանակվելը, ԿԳ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենն էր, իսկ ԿԳ այդ ստորաբաժանումը պատասխանատու է միասնական եւ ավարտական քննությունների կազմակերպման եւ անցկացման համար- Մ. Բ.), պիտի ասեի, որ ամեն ինչ լավ էր, բայց անկեղծ եմ ասում՝ իսկապես լավ էր: Ինչ թերություն որ ունեցել ենք՝ պարզ ասել ենք, չենք թաքցրել: Խաղաղ եւ որակյալ են անցել քննությունները: Կազմակերպչական տեսակետից տապալում չի եղել: Միայն թեստերի հարցն է մնացել ցավալի հարց:

– Իսկ ինչո՞ւ են թեստերը պրոբլեմներ հարուցում, չէ՞ որ եղած-չեղածն ամեն առարկայից մի թեստ է, որը կարելի է մի տարվա ընթացքում գրեթե իդեալական մակարդակի գրել, այնպես, որ չլինեն վրիպակներ եւ անհարթություններ:

– Վրիպակներից չեմ անհանգստանում: Մենք նոր ենք յուրացնում այս համակարգը, բնական են վրիպակները: Միամտություն է հուսալը, որ թեստը կլինի կատարյալ: Թերությունները նաեւ պայմանավորված են նրանով, որ թեստերը հապճեպ են գրվում: Ձեր ասած՝ մի տարի ժամանակը ընդամենը 1-2 ամիս է: Դա գալիս է փոխանվստահությունից: Եթե մեր ժողովուրդը սեպտեմբերից իմանա, թե ով է թեստերը գրելու, կսկսվեն ճնշումները: Այլ բան է, երբ մարդը մարտի 1-ին է իմանում, որ ինքն է գրելու թեստը, մի երկու շաբաթ դա գաղտնի է մնում, հետո իմանում են, դեռ մի շաբաթ էլ ինքը դիմադրում է, ու մենք արդեն հասցնում ենք ուղարկել թեստերը Անգլիա… Դրա համար էլ թեստ գրողները ցայտնոտի վիճակում են հայտնվում, ու վրիպակները չեն բացառվում: Ես հակված եմ, որ լինի ոչ թե նույն թեստը՝ 4 տարբերակով, այլ՝ տարբեր:

– Եթե չեմ սխալվում՝ մաթեմատիկայի թեստերը տարբեր էին:

– Այո, եւ դա որոշակի իմաստով արդարացրեց իրեն: Եթե կարողանանք բոլոր առարկաներից 4 տարբեր թեստ անել, դա հրաշալի կլինի: Որոշ վրիպակներ հենց այն պատճառով էին, որ նույն թեստն էր, ինչ-որ տեղեր էին փոխել, տրամաբանությունն էր խախտվել: Ինձ շատ ավելի անհանգստացնում է մարդկանց վերաբերմունքը թեստերին: Երբ մի կողմից ասում են՝ չի կարելի այդպես գնահատել երեխային, դա ֆորմալիզմ է, չի բացահայտում իրական պատկերը, եւ այլն, իսկ մյուս կողմից, երբ փորձում ենք այնպես անել, որ թեստերում ֆորմալ բաներ չլինեն, բողոքում են, թե՝ բարդ են: Կոնկրետ մաթեմատիկայի դեպքում մասնագետների հետ էլ եմ խոսել. շատերը համաձայն են, որ թեստը ստիպում է երեխային հասկանալ հարցը, նոր պատասխանել. եթե երեխան սովոր չի հասկանալուն՝ դժվարանում է: Մեր դպրոցն ընդհանրապես շատ ցավալի շեղում ունի դեպի հիշողությունը, այսինքն՝ ինֆորմացիա ստանալ եւ հիշել: Մարդիկ կարծում են՝ գիտելիքը ինֆորմացիան է, այլ ոչ թե՝ ըմբռնած ինֆորմացիան մարսելը: Ամենապարզ օրինակը բերեմ. մեկ անհայտով հասարակ գծային հավասարումը երեխային սովորեցնում են լուծել այսպես՝ անհայտները մի կողմ, հայտնիները մի կողմ: Ու երեխան լուծում է առանց հասկանալու՝ ո՞նց եղավ, ինչո՞ւ է այդպես պետք լուծել, միայն անգիր հիշում է այդ սխեման եւ գրում: Իսկ եթե փոքր շեղում է լինում սխեմայից՝ անմիջապես դժվարանում է:

– Այսինքն՝ մեղավորը դպրո՞ցն է:

– Նայեք, այսօր հենց ձեր թերթում մասնագետները ասում էին՝ եթե այդպիսին է պատկերը, ուրեմն՝ կա՛մ դպրոցի որակն է ցածր, կա՛մ գնահատման համակարգն է սխալ: Հարցադրումը ճիշտ է, բայց իրենք հակված են մտածելու, որ գնահատումն է սխալ, իսկ ես հակված եմ մտածելու, որ անկախ այն թերություններից, որ կա գնահատման համակարգում, վերջնական պատկերը ցույց է տալիս, որ դպրոցի որակն է վատը: Ուսուցիչներն ուզում են գցել ուրիշի վրա, որպեսզի ծածկվի պատկերը:

– Գուցե դրա հե՞տ է փոխկապակցված ավարտական քննությունների ձեւական բնույթը՝ ե՛ւ 9-երորդցիների ե՛ւ 11-րդ դասարանցիների: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե դպրոցներում ինչպես են այդ քննություններն անցնում: Իրականում դրանք պարզ աչքակապոցի են: Գուցե պետք է ընդհանրապե՞ս հրաժարվել այդ անիմաստ քննություններից:

– Մենք ունենք ԳԹԿ-ի եւ գնահատման նոր համակարգի զարգացման հայեցակարգ, թե տարեցտարի ուր ենք գնում, ինչ ենք անելու: Օրինակ, այս տարի սկսեցինք ընթացիկ գնահատում անցկացնել: Այդ ընթացիկ գնահատումն էլ տարօրինակ երեւույթներ բացահայտեց: Որքան էլ ասենք, որ ընթացիկ գնահատումը օգնություն է ծնողին, ուսուցչին, երեխային, դա նաեւ արտաքին գնահատում է այն դեպքերում, երբ մեր մասնագետներն են անցկացնում: ԳԹԿ-ն հնարավորություն չունի բոլոր տեղերում հսկել, բայց ամեն անգամ ինչ-որ տարածքում ԳԹԿ-ն է անցկացնում, եւ շուտ թե ուշ բոլորը սպասելու են, որ հաջորդ անգամ իրենց մոտ կգնանք: Հետո այդ գնահատումներն ավելի հաճախակի են դառնալու, հետո հասկանալու են, որ դա հենց իրենց համար է, որպեսզի պարզեն, թե ինչ խնդիրներ կան տվյալ առարկայից տվյալ դասարանում, որպեսզի վրան աշխատեն: Եվ ամենակարեւորը, որ ավագ դպրոցները կարողանում ենք մեր ուժերով հսկել: Մեր նպատակն է, որ ավագ դպրոցում երեք տարի սովորող երեխան կարողանա առնվազն երկու անգամ ընթացիկ գնահատվի՝ մեր հսկողությամբ, արտաքին գնահատում կատարվի: Կստացվի, որ երեխայի ամբողջ ընթացքը մեր կողմից հսկվում է: Եվ այդ իմաստով պատկերն ավարտելուց հայտնի է լինում: Հնարավոր է՝ նման դեպքում ավարտական քննության կարիք չլինի: Երեխան կսովորի, կանոնավոր արտաքին գնահատման արդյունքների հիման վրա իրեն կտան հասունության վկայական: Դա նաեւ կնպաստի նրան, որ ձեր ասած այդ անիմաստ աչքակապությունը վերանա: Ուսուցիչները կհասկանան, որ դա բացահայտվող բան է:

– Տեղեկություններ կան, որ ավարտական թեստերի արտահոսք է եղել:

– Այս տարի մեզ վրա մեծ ծանրաբեռնվածություն կար, բոլոր առարկաներից միասնական քննությունների կազմակերպման հարցն էր, եւ ուղղակի ֆիզիկապես հնարավոր չէր ամեն ինչ հսկել: Միասնական թեստերի գաղտնիությունը կարողանում ենք ապահովել, քանի որ մեկ-երկու մարդ են առնչվում դրան՝ թեստի հեղինակը, ԿԳ նախարարը, փոխնախարարը, եւ եթե հանկարծ արտահոսք լինի, պատասխանատուները երեւում են: Ավարտական թեստերի ժամանակ դժվար է հետեւելը: Թեստը գրում է մի մարդ, հանձնում է տնօրինությանը, նա տալիս է մեկ ուրիշին, որ տանի տպարան, տպարանում տպվում է, այլ մարդիկ կոմպլեկտավորում են, ուղարկում դպրոցներ… Մի քանի ձեռքով է անցնում, ու հետքը կորում է: Չի բացառվում նաեւ, որ դպրոցներում են նախօրոք բացել, եւ ոչ թե արտահոսք է եղել: Մի քիչ էլ անհեթեթ է այդ արտահոսքը, որովհետեւ ինչպես արդեն ասացիք՝ ինչ ուզում՝ անում են դպրոցներում, քանի որ հսկողություն չկա, այնպես որ՝ արտահոսքի կարիքն էլ չկար: Բայց փաստը մնում է փաստ, որ թեստերը երեխաներն ունեցել են մինչեւ քննությունը: Զբաղվում ենք այդ հարցով:

– Մասնագետների շրջանում անընդհատ քննարկվում է հարց, թե որքանո՞վ է ճիշտ գիտելիքների ստուգումը համակարգչին հանձնելը: Չէ՞ որ այդ դեպքում չեն բացահայտվում երեխայի ունակությունները: Իսկապես, մի քիչ բարդ է պատկերացնելը, թե ինչպե՞ս կարելի է գրականության կամ ասենք՝ պատմության իմացությունը առանց բանավոր խոսքի ստուգել:

– Գիտեք, երբ անընդհատ սուտ խոսողը որոշում է ուղղվել եւ ճշտախոս դառնալ, նա այնքան փաստեր պիտի հավաքի իր ճշմարտախոսության մասին, որ սկսեն իրեն հավատալ: Հիմա մենք այդ դրության մեջ ենք հայտնվել: Ընդունելության քննությունների նախորդ համակարգով՝ կաշառակերություն, հովանավորչություն, ծանոթ-բարեկամություն, այնքան ենք վստահությունը կորցրել, որ դեռ երկար պետք է այդ վստահությունը վերականգնենք, հետո նոր խոսենք այդ մասին:

– Թեստային համակարգը վստահությունը վերականգնելու ճանապա՞րհն է:

– Այո: Հիմա մեր խնդիրն ավելի շուտ վիճակը օբյեկտիվացնելն է, քան՝ պարզել երեխայի ունակությունները: Եվ դա դժբախտություն է: Օրինակ, այլ երկրներում, ասենք՝ ՌԴ-ում եւ այլուր, թեստի մեջ կա փակ մաս, որը միայն մեքենան է ստուգում, եւ կա մի կտոր, որը բաց մաս է կոչվում: Այդ մասը մարդն է ստուգում, անգամ լինում են բանավոր ձայնագրություններ այդ բաց մասում: Այսինքն՝ հնարավոր է լինում այլ որակներ եւս ստուգել: Ստուգող մարդը չգիտի, թե երեխայի փակ հատվածը ինչ վիճակում է, որ կարողանա մի բան անել: Բայց մեզ մոտ անվստահության մակարդակն այնպիսին է, որ եթե 80 առաջադրանքից նույնիսկ 1-ը թողնենք մարդու ձեռք կպնի, ամբողջ համակարգը նորից կասկածի տեղիք է տալու: Առայժմ, առնվազն մի հինգ տարի, այլ տեսակի թեստերի չենք կարող անցնել:

– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն առաջարկին, որ հայոց լեզվի թեստերից պետք է հանել գրականությանը վերաբերող հարցերը:

– Գիտեք, ամբողջ տարին պետք է մասնագետների շրջանում իրականացվող այդ քննարկումները լինեն: Բայց նման քննարկումներ միայն քննաշրջանի ժամանակ են լինում, եւ այնքան շահախնդիր մոտեցումներ են լինում, որ առողջ քննադատական միտքը չես կարողանում որսալ: Մարդը լավ, կարեւոր բաներ է ասում, բայց քանի որ քննական շրջանում է ասում, չես հավատում: Թեստերի հարցը պետք է անընդհատ քննարկվի, որ նպաստի հաջորդ տարի ավելի լավը լինելուն: Ու այդ հարցն էլ է քննարկման արժանի հարց:

– Արդյոք համարժե՞ք էին ԳԹԿ-ի կազմած ավարտական թեստերը միասնական քննության թեստերի Ա մասի (ավարտական մասի) հետ:

– Ցավալի հարց է, քանի որ հասկանալի պատճառով մենք միասնական թեստ կազմողին չենք կարողանում հանդիպացնել ավարտականի թեստ կազմողի հետ, որ հնարավորինս համարժեք լինեն: Ցանկալի կլինի, որ նրանք միասին աշխատեն, բայց դա գաղտնիության սկզբունքը կխախտի: Պետք է արձանագրեմ, որ որոշ առարկաների մասով ավարտական քննության թեստերը, որոնք կազմել էին ԳԹԿ-ի մասնագետները, ավելի որակյալ էին, քան՝ միասնականինը: Միասնական թեստերի դեպքում պարզ երեւացին այն առարկաների մասնագետները, ովքեր ամբողջ տարին զբաղվում էին թեստով. նրանց կազմածներն ավելի որակյալ էին: Իսկ նրանք, ովքեր չնայած հրաշալի մասնագետներ են, բայց թեստերի հետ առնչվում են միայն այդ շրջանում, զգացվեց, որ թեստաբանությունից շատ հեռու են: Օրինակ, մեր մասնագետները, երբ որ վերլուծում էին միասնական թեստերը, այնքան նուրբ ու ճշգրիտ դիտողություններ էին անում, որ անմիջապես զգացվեց՝ եթե մերոնք մասնակցեին գործընթացին, թեստերն ինչքան կշահեին:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Քիմիայի ու հայոց պատմության քննության արդյունքներն էլ ամփոփվեցին

Երեկ ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանից տեղեկացանք հունիսի 19-ին կայացած հայոց պատմություն եւ քիմիա առարկաների քննությունների արդյունքներին: Այսպես, հայոց պատմություն առարկայից քննական հայտ ներկայացրած 3573 դիմորդից քննությանը մասնակցել էր 3324-ը (249 բացակա), իսկ քիմիայի 1328 հայտագրված դիմորդներից քննությանը մասնակցելու խիզախություն էր ունեցել 1270-ը (58 բացակա): Հայոց պատմության միասնական քննության միջին միավորը եղել է 13,3-ը, իսկ ավարտականի միջին միավորը՝ 14,4-ը: 17,5-20 միավոր է հավաքել 840 դիմորդ (մասնակիցների 21,84%-ը), 13,5-17,25 միավոր է ստացել 1142-ը (29,69%), 7,5-13,25 միավոր է գրանցել 1528-ը (39,72%), իսկ դրական շեմը հաղթահարել չի կարողացել 337 շրջանավարտ (մասնակիցների 8,76%-ը): Քիմիայի միասնական քննության միջին միավորը եղել է 11,3, ավարտականինը՝ զգալիորեն բարձր՝ 15,1: 17,5-20 միավոր հավաքել է 135 մասնակից (9,34%), 13,5-17,25 միավոր ստացել է 348 հոգի (մասնակիցների 24,07%-ը), 7,5-13,25 միավոր կարողացել է հավաքել 664 շրջանավարտ (մասնակիցների 45,92%-ը) եւ բացասական արդյունք է գրանցել (կտրվել է) 299 շրջանավարտ (մասնակիցների 20,68%-ը):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել