Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայի ապագան Հայաստանում է»

Հունիս 24,2009 00:00

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը երեկ ամփոփեց նախարարության այս տարվա առաջին կիսամյակի գործունեությունը: Հայաստանից դուրս ապրում է յոթ միլիոն հայ, գործում՝ 33 հազար կազմակերպություն: Համայնքներն ունեն իրենց առանձնահատկությունները, սակայն բոլորի համար տագնապ եւ մարտահրավեր են լեզվի պահպանության եւ ուծացման հարցերը:

Սփյուռքահայերի, Սփյուռքում գործող կազմակերպությունների հետ մշտական քննարկումների արդյունքում նախարարությունը սահմանել է գործունեության հետեւյալ սկզբունքները. նախարարությունը չի կառավարում կամ վերահսկում Սփյուռքը, նախարարությունը եկել է երկխոսելու, քննարկելու եւ համատեղ որոշելու, նախարարությունում աշխատում են սփյուռքահայեր, ծրագրերը լայնորեն հրապարակվում են, աշխարհասփյուռ հայերի ներուժը օգտագործելու համար ստեղծվում են հայկական մասնագիտական միավորումներ՝ ճարտարապետների, իրավաբանների եւ այլն, Հայաստանում Սփյուռքը եւ Սփյուռքում Հայաստանը ավելի ճանաչելի դարձնելու ուղղությամբ են աշխատում, նախարարությունում ուսումնասիրում են հայերենի դասական ուղղագրությունը եւ այդ ուղղագրությամբ գրված նամակներին նույն «լեզվով» կպատասխանեն, հաշվի առնելով գաղթօջախների առանձնահատկությունները՝ մշակվում են տարածաշրջանային ծրագրեր՝ Մերձավոր Արեւելք, Լատինական Ամերիկա եւ այլն, մեծ ուշադրություն է դարձվում հայրենադարձությանը, հայաշատ երկրներում տեղացիները դառնում են ՀՀ Սփյուռքի նախարարի օգնական, ձեւավորվում են բարեկամների խմբեր:

Այս ամենի՝ նաեւ նախարարության աշխատանքների արդյունքում Իսպանիայի հայկական համայնքները համակարգող մարմին են ձեւավորել, իսկ Ռուսաստանում վերջին շրջանում բացվել են եւս 5-6 հայկական մեկօրյա դպրոցներ: Հրանուշ Հակոբյանը կոչ արեց նման ձեռնարկներ էլի նախաձեռնել: «Դրսում հայի ներկան է, իսկ նրա անցյալը եւ ապագան Հայաստանում է»,- վերջում բանաձեւեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել