Լրահոս
Օրվա լրահոսը

«ՋԻԹԻԶԵԹԸ» ՊԱՏՐԱՍՏ Է, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ…

Հունիս 24,2009 00:00

\"\"Արտակարգ իրավիճակների նախարարը լոռեցիներին խոստացել է լուծումներ գտնել

Լոռու մարզին պատուհասած բնական աղետները արտակարգ դրություն էին «հաստատել» մարզում, ու իրավիճակն անտարբեր չթողեց կառավարական վերին ատյաններին: Հունիսի 20-ին պաշտոնական այցով Վանաձորում էր արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը: Իսկ երեկ Վանաձոր է այցելել ՀՀ վարչապետը եւ քննարկել միայն մեկ խնդիր՝ քաղաքի քիմկոմբինատի վերագործարկման հարցը:

Արտակարգ իրավիճակների նախարարը Վանաձորում էր աղետի պատճառած վնասների չափերը պարզելու եւ դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումները ճշտելու նպատակով։ Նախարարի հավաստմամբ՝ այսուհետեւ պարբերաբար կձեռնարկվեն կանխարգելիչ միջոցառումներ, որոնք արդյունավետ կլինեն արտակարգ իրավիճակների նախարարության, վարչությունների եւ տեղական ինքնակառավարման ու տարածքային կառավարման մարմինների համագործակցության պայմաններում միայն։

«Իշխանությունների հետ համատեղ ջանքերի միավորմամբ պետք է գտնենք լուծումներ»,-համոզված է Մհեր Շահգելդյանը։ Ըստ նրա, արտակարգ իրավիճակների դեմ պայքարում Հայաստանը համագործակցում է դրսի կազմակերպությունների հետ՝ «Միջազգային կազմակերպությունների հետ ենք աշխատում: Լոռու եւ Տավուշի մարզերում «Ջիթիզեթ» գերմանական կազմակերպության կողմից աշխատանքներ են տարվում բնական աղետների կանխարգելման, կանխատեսման, նախապատրաստման ուղղությամբ»։ Նախարարը լոռեցիներին տեղեկացրել է, որ «Ջիթիզեթը»՝ «Արտակարգ իրավիճակների կանխարգելում Հարավային Կովկասում» ծրագրով պատրաստ է հարկ եղած դեպքում ցուցաբերել թե՛ տեխնիկական, թե՛ ֆինանսական աջակցություն: Ծրագրով նախատեսված է 2,5 մլն եվրո՝ Հայաստանի եւ Ադրբեջանի համար։ Միայն թե պատկան մարմինները առայսօր հստակ նախագծեր չեն ներկայացրել: Ուստի՝ ընկերությունն առայժմ զբաղված է բնակչության համար սեմինարներ անցկացնելով, այն դեպքում, երբ հիմնական առաքելությունը բնական աղետների կանխարգելումն ու ռիսկային գործոնների նվազեցումն է:

Նախատեսվում է ծրագրի առաջին փուլն ավարտել 2009 թվականի հոկտեմբերին։ Հուսանք, որ իշխանություններն ավելի նախաձեռնող կգտնվեն եւ արդեն մինչ այդ կոնկրետ առաջարկներ կներկայացնեն: Եթե ընկերությունը կարող է սպասել, ապա՝ աղետները չեն սպասում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել