Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

Հունիս 24,2009 00:00

«Կրիմինալ» քաղաքում՝ ամենասովորական «տղայական խոսակցություն»

2009 թ. հունիսի 20-ին, երեկոյան ժամը 23-ի սահմաններում, Վանաձորի Մյասնիկյան փողոցի սկզբնամասում (քաղաքային բաղնիքին հարող թաղամաս) «ընկերոջ թասիբ պահող» վանաձորցի երեք երիտասարդներ վիճաբանության մեջ մտան այդ նույն թաղամասի բնակիչ՝ 1991 թվականին ծնված Գեւորգ Սահակյանի հետ՝ նրանից պահանջելով բացատրություն իրենց ընկերոջը հասցրած վիրավորանքի համար:

Հունիսի 20-ին, ժամը 23.10-ի սահմաններում, ինքնությունը չպարզված անձանց կողմից Վանաձորի թիվ 1 հիվանդանոց տեղափոխվեց 1990 թվականին ծնված՝ Վանաձոր քաղաքի բնակիչ Էդգար Խառատյանի դիակը՝ կրծքավանդակի շրջանում կտրած, ծակած, թափանցող վնասվածքով։

Կարճ ժամանակ անց կրծքի շրջանի վնասվածքով նույն հիվանդանոց տեղափոխվեց Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 1991 թվականին ծնված Դավիթ Սիրեկանյանը, իսկ հաջորդ օրը՝ գոտկատեղի շրջանում կտրած, ծակած վնասվածքով՝ 1992 թվականին ծնված Թելման Թելմազյանը…

Լոռու մարզի ոստիկանության քննչական բաժանմունքում հարուցվեց քրեական գործ։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեցին դեպքի հանգամանքները. հիշյալ անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Գեւորգ Սահակյանն իր մոտ ունեցած դանակով հարվածել էր Էդգար Խառատյանին, տեղում սպանել նրան, ապա նույն դանակով հարվածել Դավիթ Սիրեկանյանին ու Թելման Թելմազյանին՝ պատճառելով նրանց մարմնական վնասվածք։ Որից հետո դիմել էր փախուստի։

Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանի տեղեկացմամբ՝ ոճրագործն արդեն ձերբակալված է, նրան հայտնաբերել են Վանաձոր-Ստեփանավան մայրուղու մերձակա անտառում: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել