Նախորդ օրը Վաղարշապատ-Արմավիր ճանապարհին՝ հարավսլավացի զոհված փրկարարների հուշարձանի մոտ տեղի է ունեցել ավտովթար
Գեղամ Խանդիլյանը եւ Արամ Միսկարյանը գտնվել են այս ավտոմեքենայում
:
«ԲՄՎ-745» մակնիշի 11 ԼՏ 602 պետհամարանիշի ավտոմեքենան, գերազանցելով արագությունը, ճանապարհի երթեւեկելի մասից դուրս էր եկել ու շրջվել: Ըստ պաշտոնական տեղեկատվության, Գոհար Տեր-Ադամյանին պատկանող ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւորներ՝ 36-ամյա Արամ Միսկարյանի (Գարիկ) եւ 35-ամյա Գեղամ Խանդիլյանի (Գոքոր) դիակները: Վարորդին՝ Երեւանի Սողոմոն Տարոնցու փողոցի 1/3 շենքի թիվ 19 բնակարանի 26-ամյա բնակիչ, օպերատոր Էդգար Տեր-Ադամյանին, ծանր վնասվածքներով տեղափոխել են Վաղարշապատի հիվանդանոց: Երեկ Վաղարշապատի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վաչագան Մկրտչյանը տեղեկացրեց, որ Էդգար Տեր-Ադամյանի վիճակը գնահատվում է ծանր, սակայն՝ կայուն: Ավտովթարի հետեւանքով նա ստացել է երիկամների, լյարդի եւ աղեցանցի վնասվածքներ, նրան արդեն վիրահատել են: Սակայն բժիշկներին առավելապես մտահոգում է գանգուղեղային ծանր վնասվածքը, ինչի առնչությամբ սպասվում է նեյրովիրաբույժի ժամանում Երեւանից: Հետազոտումից հետո Էդգար Տեր-Ադամյանին կտեղափոխեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:
Ոստիկանության Էջմիածնի բաժնում հարուցվել է քրեական գործ:
«Որոգայթ» քրեական դրամայում Արամ Միսկարյանը կերպավորում էր թիկնապահ Գարիկի, իսկ Գեղամ Խանդիլյանը՝ Գոքորի կերպարը: Չլինելով պրոֆեսիոնալ դերասաններ՝ նրանք դարձել էին մեր բազմերանգ իրականության մասը, սիրված ներկայություն: Նրանց սիրում էր ժողովուրդը, քանի որ նրանք հեռուստասերիալում իրենց կերպավորած հավատարմության, նվիրվածության եւ ընկերությունը պաշտպանելու դասեր էին տալիս: