Թեեւ նման ժամանցի ակումբները աղմուկի համար տուգանվում են, սակայն կրկին շարունակում են բնակիչներին նյարդայնացնել:
Մայրաքաղաքի կենտրոնում գործող կարաոկե, ստրիպտիզ եւ այլ ակումբներ, որոնք անտանելի աղմուկով են աշխատում, արդեն երեւանցիների «կոկորդին են հասել»: Որքան էլ քաղաքային իշխանությունները պայքարում են այդ ակումբներին կարգի հրավիրելու համար՝ որպեսզի նրանք սահմանված նորմերը չխախտեն, միեւնույն է, ամեն քայլափոխի կամ նոր ակումբներ են բացվում, կամ էլ մի անգամ տուգանվում են եւ նորից շարունակում հանգիստ խղճով խախտումներ անել: Դրա պատճառը հիմնականում այն է, որ եթե, օրինակ, ակումբի երաժշտության ձայնը կամ աղմուկը գերազանցում է սահմանված նորմը, օբյեկտի տերը տուգանվում է ընդամենը 30-50 հազար դրամով, ինչը էական ազդեցություն չի ունենում տնտեսվարողի գրպանի վրա: Օրերս «Առավոտին» են դիմել Սայաթ-Նովայի 12 հասցեի մի խումբ բնակիչներ, որոնք դժգոհում էին նույն հասցեում գործող «Բունկեր» կարաոկե ակումբի գործունեությունից: Նրանց ներկայացմամբ՝ ակումբից անդադար լսվող երաժշտության ձայնն այնքան բարձր է, որ ոչ միայն անմիջապես վերեւի հարկի բնակարաններում է լսվում, այլ նույնիսկ վերջին հարկերում:
Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման վարչության պետի տեղակալ Ալֆրեդ Հունանյանի վստահեցմամբ՝ իրենք այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում՝ նկատողություն են անում, տուգանում, սակայն իրենք միայն վերահսկող են եւ ակումբները փակելու իրավունք չունեն: Պարոն Հունանյանի խոսքերով՝ «Մենք այդ օբյեկտներ հատուկ հանձնաժողով ենք ուղարկում, որտեղ նաեւ հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունից ներկայացուցիչ է լինում: Մտնում են օբյկետներ՝ չափումներ կատարում, մտնում են նույնիսկ այն բնակարանները, որտեղ հնարավոր է ձայները լսվեն, եւ համապատասխան խախտումների դեպքում օբյեկտներին տուգանք ենք նշանակում: Բայց դժբախտությունն այն է, որ մենք չենք կարող փակել տալ նորմերը խախտող օբյկետը: Օրինակ՝ Նալբանդյան 25/14 հասցեի կարաոկե ակումբը վերջերս փակվեց, բնակիչները շատ էին բողոքում, բայց ակումբը կամավոր փակվեց: Հայտնի «Պիոներ» ակումբն էլ բազմիցս տուգանվել է աղմուկի համար, նույնիսկ որոշ ժամանակ չէր աշխատում, բայց տնօրենը հսկայական ծախսեր արեց ու ձայնամեկուսացնող սարքեր տեղադրեց, բայց դա էլ այնքան չի օգնում: Մենք փորձում ենք ծրագիր մշակել, որ նման օբյեկտները բազմաբնակարան շենքերից հանվեն եւ լինեն գոնե 200-300 մետր հեռավորության վրա: Ինչ վերաբերում է «Բունկերին», ապա այս 2 օրը անպայման այդտեղ էլ ստուգումներ կանցկացնենք»:
«Առավոտի» հետ զրույցում «Բունկերի» տնօրեն Քրիստինա Հովհաննիսյանը վստահեցրեց, որ իրենք գիշերային ժամերին աղմուկ չեն բարձրացնում, քանի որ մինչեւ ժամը 24-ն են աշխատում, իսկ 23-24-ը՝ երաժշտության ձայնը ցածրացնում են, որպեսզի չխանգարեն բնակիչներին. «Նախորդ տարվա հոկտեմբերին մեզ մոտ ստուգումներ կատարեցին, որից հետո որոշեցինք երեկոյան ժամերին երաժշտությունն ավելի ցածրացնել»:
«Առավոտը» նաեւ հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Արտյոմ Վանյանից պարզեց, որ, ճիշտ է, իրենք նշված հասցեի բնակիչներից դիմում չեն ստացել, հետեւաբար՝ ստուգումներ էլ չեն իրականացրել, սակայն «Առավոտի» հրապարակումից հետո պարոն Վանյանը հայտնեց, որ կպարզեն՝ ակումբը խախտումներ անո՞ւմ է, թե՞ ոչ: