Համաներման մասին այսպիսի կարծիք են հայտնում համաներում ստացած քաղբանտարկյալները
Բացի Մուշեղ Սաղաթելյանից ու Հարություն Ուռուտյանից, շիրակցի մյուս քաղբանտարկյալները՝ թվով 5 հոգի, արդեն ազատության մեջ են: Երեկ Արթիկի քրեակատարողական հիմնարկից ազատ արձակեցին եւս 1 քաղբանտարկյալի՝ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին: Չնայած հորդառատ անձրեւին՝ շիրակցի ընդդիմադիրները մոտ 2 ժամ գաղութի դիմաց սպասում էին իրենց ընկերոջը՝ բացականչելով. «Պայքա՛ր, պայքա՛ր մինչեւ վերջ»: Մեկ առ մեկ ողջագուրվելով հավաքվածների հետ՝ Պ. Մակեյանը մի կողմ քաշեց Գյումրիի ռազմական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանին եւ ազատամարտիկ Շոթա Սաղաթելյանին՝ կատակելով, թե «եկեք թմմվենք»:
Հիշեցնենք, որ նրանք 3-ն էլ մեղադրվում էին ընտրական գործընթացը խոչընդոտելու, հանձնաժողովի անդամներին սպառնալու, հայհոյելու մեջ: Ու չնայած դատարանում 9 վկա պնդեց, որ նրանք անմեղ են, ոչ մի անկիրթ արարք իրենց թույլ չեն տվել, միեւնույն է, նրանց դատապարտեցին ազատազրկման: Պետրոս Մակեյանը լրագրողներին փոխանցեց, որ տխուր է, քանի որ գաղութում է թողնում իր գաղափարակից ընկերոջը՝ Հ. Ուռուտյանին: «Տխուր եմ, որ տղեքի մի մասը մնում է, գումարած դրան, որ 3 միլիոնս պատանդ ենք այս երկրում, պայքարը պետք է շարունակենք, որպեսզի ազատագրենք մեր քաղբանտարկյալ մնացած ընկերներին եւ մնացած ժողովրդին՝ Սերժի եւ Քոչարյան Ռոբերտի ստեղծած համակարգից»: Իսկ համաներում բառը լսելով՝ պարոն Մակեյանը զայրացավ. «Ի՞նչ համաներում, մեկը լինի Սերժին համաներում անի, հիմա համաներման մասին պիտի խոսե՞մ ես, բերել են՝ փակել են, հիմա էլ եվրոպացիները դրեցին իրենց սեղմեցին՝ բաց են թողնում մի մասին, էս է, դրան ավելացրած համաժողովրդական շարժումը, ճնշումը բերեց-հասցրեց էս մասնակի քայլին: Նենգությամբ էլի կեսին պահեցին, չԷ՞, ուզում են ցույց տալ, որ սրանք բոլորը հանցագործ են, մի մասը փոքր հանցանք է կատարել, մի մասը՝ մեծ հանցանք: Նենգությունը, Աղվան Հովսեփյանի ստոր սարքած ամբողջ սցենարը, սա է իրականությունը»:
«Առավոտը» հետաքրքրվեց, թե Պետրոս Մակեյանի կարծիքով, հատկապես ո՞ր քաղբանտարկյալներին են թողել գաղութում: «Կարծում եմ, որ իրենց սցենարը մշակվել է մի տարի առաջ, իրենք նախապես մշակել էին, որ մի մասը պետք է մնա, նրանց խնդիրն էն էր, որ հնարավորինս փակեն՝ ում ինչ հոդվածով պատահի, հետո նոր սրեցին, այսպես ասած, դանակները, որին՝ ինչքան, կարծում եմ, մեր պայքարը պետք է շարունակենք, որպեսզի ոչ միայն մեր պատանդ ընկերներին էս համակարգից ազատենք, այլ մեր ժողովրդին ազատենք էս բանդայից, սա է մեր խնդիրը»,- ասաց պարոն Մակեյանը: Իսկ Աշոտ Զաքարյանն ու Գեւորգ Ղազարյանը, որոնք «Վարդաշեն» քրեակատարողականից ազատվել էին նախորդ օրը, երեկ Հայ ազգային կոնգրեսի Շիրակի մարզային գրասենյակում մամուլի ասուլիս հրավիրելով՝ եւս ասացին, որ համաներումը կամայականորեն կիրառելը պայմանավորված է Սերժ Սարգսյանի եւ Աղվան Հովսեփյանի «անձնավորված քինախնդրության, մարդկային չարության հետ»: «Եթե նշված ակտը իրականացվեր իսկապես իշխանությունների նախաձեռնությամբ, ես միգուցե կմտածեի, որ, այնուամենայնիվ, ինչ-որ քայլ իշխանությունները կատարել են նաեւ երկխոսություն սկսելու համար, բայց ես ավելի քան վստահ եմ, որ այդ ակտը իրականացվել է միջազգային կառույցների ճնշմամբ, որը մեր ժողովրդի հետեւողական պայքարի արդյունքն է: Եվ ես կարծում եմ, որ գործող վարչակազմը, այնուամենայնիվ, չունեցավ էդ քաղաքական, քաղաքացիական կամքը, որպեսզի մեկընդմիշտ քաղբանտարկյալ ինստիտուտից ազատվեր, դրանով՝ վերջ դնելով Հայաստանի նկատմամբ 1 տարուց ավելի եվրոպական կառույցների կողմից իրականացվող մոնիտորինգին»,- ասաց Աշոտ Զաքարյանը: «Առավոտի» այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն հայտարարություններին, թե համաներումը իշխանությունների ներողամտության արդյունքն է, Ա. Զաքարյանը պատասխանեց. «Էստեղ դեռ հարց է, թե ով ում է ներել, ես շատ կուզենայի մեջբերել ընդամենը մի քանի օր առաջ Ալեքսան Արզումանյանի պաշտպանական ճառից մի հատված, երբ հայտարարեց, թե «Ես ներում եմ այն մարդկանց, ովքեր իմ նկատմամբ չարություն են կատարել, բայց ես իրավասու չեմ ներել բոլոր էն մարդկանց, ովքեր մեր ժողովրդի նկատմամբ են չարություն գործել, ովքեր էս ժողովրդի նկատմամբ սպանդ են իրականացրել, ովքեր մեղադրանքների արդյունքում 150 մարդկանց ապօրինի պահել են քաղաքական պատանդի կարգավիճակում: Մեզանից որեւէ մեկը ի վիճակի չէ ներողամտություն ցուցաբերելու եւ դեռ հարց է՝ ով ներողամտության կարիք ունի»:
Ա. Զաքարյանը նաեւ տեղեկացրեց, որ իրենց գործն ուղարկվել է Եվրոդատարան, արդեն իսկ պատասխան են ստացել, որ այն վարույթ է ընդունվել. «Մենք սպառել ենք մեր պետական դատական ատյանները: Իհարկե, ցավով եմ նշում, որ մենք ստիպված ենք չվստահել մեր դատական ատյաններին եւ փորձել ենք արդարադատություն որոնել Հայաստանից դուրս, բայց, ցավոք, ունենք այն, ինչ ունենք: Անցնող ժամանակահատվածում հատկապես կյանքը ցույց տվեց, որ Հայաստանում արդարադատության համակարգ որպես այդպիսին գոյություն չունի, կա մի համակարգ, որը սպասարկում է օլիգարխիկ եւ կրիմինալ համակարգին: Փորձում եմ հավատալ, որ Եվրոպական դատարանը, ցավոք, Հայաստանի Հանրապետության դեմ վճիռ է կայացնելու, բայց հանուն այն բանի, որ արդարադատությունը ի վերջո հաղթանակ տոնի, ի վերջո դատավոր կոչվածները՝ ովքեր ե՛ւ իրենց կոչումով, ե՛ւ իրենց կարգավիճակով կոչված են արդարադատություն իրականացնելու, միգուցե այդ վճիռները առիթ հանդիսանան, որ իրենց վերաբերմունքը փոխեն»: