Պետական եկամուտների կոմիտեն սկսել է նախապատրաստական աշխատանքները՝ ՀԴՄ կտրոններով բոնուսների տրամադրման գործընթացը կազմակերպելու համար:
Մասնավորապես, մինչեւ 2009-ի հուլիսի 1-ը տարածքային հարկային բոլոր տեսչությունները պետք է ունենան միջնորդագրերի եւ գրանցամատյանների էլեկտրոնային եղանակով վարման հնարավորություն: Իսկ կտրոնների խմբաքանակների ընդունման ու միջնորդագրերի տրամադրման աշխատանքները օպերատիվ կազմակերպելու եւ հերթերը բացառելու նպատակով, հարկային տեսչությունների համապատասխան աշխատակիցների համար կազմակերպվում են դասընթացներ:
Հիշեցնենք, որ վիճակահանության արդյունքում չշահած կտրոններով քաղաքացիները հնարավորություն ունեն որոշ գումար «վաստակել»: 3 ամիսը մեկ անգամ, այսինքն առաջին փուլում՝ ապրիլ-մայիս-հունիս ամիսներին, եթե հավաքած 50 եւ ավելի կտրոնների վրա ֆիքսված ընդհանուր գումարը գերազանցի 100 հազար դրամը, ապա պետությունը, որպես բոնուս, սպառողին կվերադարձնի այդ գումարի 2,5%-ը՝ 2500 դրամը: Սա շահում ստանալու համար սահմանված նվազագույն շեմն է:
50 կտրոնով 200 հազար դրամ հավաքելու դեպքում, քաղաքացին կստանա 6 հազար դրամ, իսկ եթե նույն քանակի կտրոններով կատարած առեւտրի ծավալը անցնում է 300 հազար դրամից, ապա քաղաքացին կարող է ստանալ 10 հազար դրամ: Հավաքած կտրոնների քանակին եւ դրանց վրա ֆիքսված գումարների աճին զուգահեռ, մեծանում է նաեւ բոնուսի գումարը: Այս նորամուծության նպատակն այն է, որ կտրոն պահանջելու հարցում մեր քաղաքացիները ավելի շահագրգիռ լինեն եւ հետեւեն, որպեսզի տրամադրվող կտրոնների վրա նշված լինի իրենց կատարած առեւտրի իրական գումարը:
Նշենք, սակայն, որ բոնուսի տրամադրման ընթացակարգը բավականին բարդացված է եւ ավելորդ քաշքշուկներ է առաջացնելու: Չշահած ՀԴՄ կտրոններ հավաքած քաղաքացիները անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով պետք է դիմեն անպայման այն տարածքի հարկային տեսչություն, որտեղ հաշվառված են, այլապես նրանց կտրոնները չեն հաշվառվի եւ նրանց միջնորդագիր չի տրամադրվի: Այսինքն, եթե որեւէ մեկը հաշվառված է ասենք Տավուշի մարզում, բայց բնակվում է Երեւանում, ապա պետք է հավաքի կտրոնները, մի քանի հազար դրամի ծախս անի ու մեկնի ծննդավայր, ասենք՝ 2500 կամ 5 հազար դրամ բոնուս ստանալու համար: