Լրահոս
Օրվա լրահոսը

Օրաթերթը շաբաթը մե՞կ են ստանում

Հունիս 24,2009 00:00

«Հայփոստի» աշխատակիցների անպատասխանատու աշխատանքի եւ ծառայությունների մատուցման որակի վերաբերյալ «Առավոտը» պարբերաբար դժգոհություններ է ստանում: Հիմնականում բողոքները թերթերի բաժանորդների կողմից են, որոնք դժգոհում են, որ բաժանորդագրվելով այս կամ այն թերթը, դրանք պարբերաբար ստանում են ուշացումներով: Օրերս էլ «Առավոտին» էր դիմել մայրաքաղաքի Վարդանանց 13 հասցեում գտնվող «Էյ Էս Դի Սի» ընկերության տնօրեն Ռուդոլֆ Ղազարյանը եւ դժգոհել, որ բաժանորդագրվելով «Առավոտ» օրաթերթը, պարբերաբար այն ստանում է ուշացումներով: Պարոն Ղազարյանի ներկայացմամբ. «Առավոտը» օրաթերթ է եւ ուզում ենք ամեն օր տեղեկանալ կատարված կարեւոր իրադարձություններին, բայց եթե մի քանի օրվա թերթը հավաքում են ու մի օր բերում են միանգամից 3-4 օրվա թերթերը, բաժանորդագրությունը անիմաստ է դառնում: «Հայփոստի» վատ աշխատանքի պատճառով, գերադասելի է ամեն օր կրպակից թերթ գնել, քան բաժանորդագրվել»: Ռ. Ղազարյանի հավաստմամբ, ինքը պարբերաբար զանգել է «Հայփոստի»՝ իրենց տարածքը սպասարկող մասնաճյուղ, սակայն խնդրին այդպես էլ ուշադրություն չի դարձվել եւ նույն իրավիճակը շարունակվել է:

Խնդրի առնչությամբ «Առավոտը» դիմեց «Հայփոստ» ընկերությանը: Ընկերության մամուլի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը պարզաբանեց. «Ձեր զանգից հետո հետաքրքրվել եւ պարզել ենք, որ մեր փոստատարը ինչպես «Առավոտ», այնպես էլ «Հայաստանի Հանրապետություն» թերթերը ամեն օր թողել է տվյալ հասցեում գտնվող բանկի մասնաճյուղում՝ անվտանգության աշխատակիցների մոտ, քանի որ նշված ընկերության օֆիսը գտնվում է բանկի վերին հարկում, իսկ փոստատարը իրավունք չունի մտնելու նշված տարածք»:

Այս առնչությամբ էլ «Էյ Էս Դի Սի» ընկերության տնօրեն Ռ. Ղազարյանը «Առավոտին» փոխանցեց. «Մեր ընկերությունը բանկի շենքի սեփականատերն է: Այդտեղ աշխատող անվտանգության աշխատակիցները ստացած յուրաքանչյուր նամակի մասին վայրկենական տեղյակ են պահում ինձ: Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ «Հայփոստը» ստում է: Մենք թերթերը ժամանակին չենք ստացել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել