Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԿԻՆ ԹԱՂԱՊԵՏԻ ԲԻԶՆԵՍԸ ԿԽԼԵ՞Ն

Հունիս 24,2009 00:00

Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի որդու՝ Ռոբերտ Երիցյանի կատարած հանցագործությունը պատճառ է դարձել խոսակցությունների, թե Ա. Երիցյանին ստիպել են վաճառել «Հայր եւ որդի Երիցյաններ» սուպերմարկետների ցանցը:

Այն բանից հետո, երբ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը եւ ոստիկանությունը հաստատեցին, որ մայիսի 23-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ իրականացրած մահափորձի պատվիրատուն Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի տղան է՝ Ռոբերտ Երիցյանը, հասարակության շրջանում սկսեցին տարաբնույթ խոսակցություններ շրջանառվել: Տարածվեցին լուրեր այն մասին, որ Ռոբերտ Երիցյանին հայտնաբերելու եւ ձերբակալելու ուղղությամբ միջազգային հետախուզում հայտարարվելուց հետո, Ալբերտ Երիցյանը հանդիպում է ունեցել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նախագահը նրանից պահանջել է մի քանի օրվա ընթացքում բերման ենթարկել որդուն, հակառակ դեպքում՝ սպառնացել է զրկել նրան իր բիզնեսից: Երեկ էլ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, իբր Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանը դարձյալ փորձել է հանդիպել Սերժ Սարգսյանին եւ բարեխոսել, սակայն հանդիպելու բոլոր փորձերն ապարդյուն են անցել: Մեծ ջանքերի գնով Ա. Երիցյանին հաջողվել է միայն հեռախոսազրույց ունենալ նախագահի հետ: Նախագահն էլ նրան խորհուրդ է տվել իզուր այսուայնկողմ չընկնել, քանի որ արդարանալու եւ պաշտոնին վերադառնալու ոչ մի շանս չկա: Բացի այդ, ըստ շրջանառվող լուրերի, Ալբերտ Երիցյանին ստիպել են հրաժարվել իր բիզնեսից եւ ավելի քան $40 մլն արժողությամբ «Հայր եւ որդի Երիցյաններ» սուպերմարկետների ցանցը $9 մլն-ով վաճառել խոշոր գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:

«Առավոտի» հետ զրույցում Արաբկիրի նախկին թաղապետ, «Հայր եւ որդի Երիցյաններ» սուպերմարկետների սեփականատեր Ալբերտ Երիցյանը, ի պատասխան իր բիզնեսը $9 միլիոնով վաճառելու պարտադրանքի վերաբերյալ մեր հարցին, ասաց. «Առաջին անգամ եմ նման բան լսում: Չնայած արդեն 2-3 օր է՝ նման լուրեր են շրջանառվում, մեկ ասում են Սամվել Ալեքսանյանին եմ վաճառել, մեկ՝ ուրիշ անուններ են շրջանառվում: Սակայն նման բան իրոք չկա: Այս պահին իմ հանդեպ իմ բիզնեսի վաճառքի վերաբերյալ ոչ մի ուլտիմատում չկա: Ես նորմալ աշխատում եմ ու արդեն ամբողջովին զբաղվում եմ իմ բիզնեսով»:

«Առավոտը» փորձեց նաեւ Սամվել Ալեքսանյանից ճշտել՝ արդյո՞ք իշխանության կողմից պարոն Երիցյանի բիզնեսը գնելու վերաբերյալ հրահանգ եղել է: Ս. Ալեքսանյանը նախ ասաց. «Ի՞նչ է, ես այդքան նմա՞ն եմ հրահանգ կատարողի»: Հետո էլ հավելեց, թե՝ «տնտեսական ճգնաժամի պայմաններում որտեղի՞ց ինձ այդքան գումար, որ մեկ էլ կարողանամ ուրիշի բիզնեսը գնել»: Բացի այդ, պարոն Ալեքսանյանը նշեց, որ ինքը ոչ մեկի բիզնեսի վրա աչք չունի. «Նման բան չկա: Ուրիշի բիզնեսը ինձ չի հետաքրքրում»:

Իսկ թե նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց ունեցել է Ալբերտ Երիցյանի հետ, թե՝ ոչ, երեկ նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը «Առավոտին» այսպես ասաց. «Նախագահի մամուլի խոսնակը գերադասում է չմեկնաբանել իրականության հետ կապ չունեցող բամբասանքներն ու ստահոդ լուրերը»:

Հիշեցնենք, որ Տերյան 19 հասցեում գտնվող շենքում, որտեղ բնակվում է Պետեկամուտների կոմիտեի նախագահը, տեղադրվել էր ինքնաշեն հեռակառավարվող պայթուցիկ սարք՝ շուրջ 600 գր տրոտիլի պարունակությամբ: Մասնագետների կարծիքով, այդ քանակի պայթուցիկը բավական էր ամբողջ բազմաբնակարան շենքը պայթեցնելու համար: Սարքը, բարեբախտաբար, չի գործել: Պարզվել է, որ մահափորձի պատվերը կատարելու համար Ռոբերտ Երիցյանը վճարել է $150 հազար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930