Թեեւ հունիսի 1-ին Մատենադարանի մոտ տեղի ունեցած Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում հայտարարվեց, թե հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու սեպտեմբերի 18-ին, այդուհանդերձ, երեկ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ հայտարարված հանրահավաքը մնում է ուժի մեջ, բայց Կոնգրեսը նաեւ հուլիսի 2-ին է հանրահավաք նախաձեռնել, որին մասնակցելու են նաեւ օրերս համաներմամբ ազատ արձակված ընդդիմադիր գործիչները:
Լ. Զուրաբյանի բնորոշմամբ, մինչ այժմ Հայ ազգային կոնգրեսը «մի քիչ ինվալիդ վիճակում էր»: «Բայց հիմա մենք պետք է վերակազմավորենք ամբողջ շարժումը, որովհետեւ նոր, հզոր ռեսուրսներ են միացել շարժմանը: Պատահական չէ, որ այս մարդկանց էին ձերբակալել մարտի 1-ից հետո եւ միայն այն պատճառով, որ նրանք լուրջ ուժ են ներկայացրել, եղել են շարժման լավագույն կազմակերպիչները, ամենաազդեցիկ մարդիկ»,- ասաց Կոնգրեսի համակարգողը՝ հավելելով, որ «մեր լավագույն, հզորագույն տղերքի վերադարձով շարժումը միայն ուժեղանալու է»: